Բրիտանական The Critic պարբերականին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է, թե որոնք են Թուրքիայի իրական ակնկալիքները Արցախի դեմ սկսված պատերազմից։
Արցախում սանձազերծված պատերազմով Թուրքիան ցանկանում է դաս տալ ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ Բրիտանական The Critic պարբերականին տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` մեկնաբանելով պատերազմի բուն նպատակը։
«Ինչո՞ւ է Թուրքիան այստեղ: Նախ Ադրբեջանին դաս տալու համար՝ ասելով, որ դուք չեք կարող հաղթել, իսկ մենք կարող ենք օգնել ձեզ այդ հարցում, ասել՝ դուք մեր էթնիկ եղբայրներն եք, սակայն չեք կարող դա անել, մեր կարիքն ունեք այսօր, մեր կարիքն եք ունենալու վաղը և ընդմիշտ: Երկրորդը` դաս տալու հայերին՝ ասելով՝ եթե հույս ունեք կամ ակնկալում եք, որ մենք ճանաչելու ենք ցեղասպանությունը, ապա մոռացեք դրա մասին, մենք այստեղ ենք և շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք հարյուր տարի առաջ»,– ասել է Սարգսյանը։
ՀՀ նախագահը հայտնել է նաև, որ Թուրքիան, եղբայրության մասին իր կարգախոսներով հանդերձ` հետաքրքրված է նաև Ադրբեջանի բռնազավթմամբ։
«Նրանք կորոշեն Ադրբեջանի ապագան, կվերահսկեն էներգետիկ աղբյուրները Կասպից ծովից մինչև Եվրոպա: Երբ նրանք հայտնվեն Ադրբեջանում, կդադարեն լինել սպառող և կվերահսկեն խողովակաշարերը: Բոլոր նրանք, ովքեր գտնվում են Կասպից ծովի ավազանում` Կենտրոնական Ասիայի և մինչև Եվրոպա ձգվող երկրները, պատանդ կդառնան, երբ Թուրքիան իրական վերահսկողություն ունենա Կասպից ծովի էներգետիկ աղբյուրների վրա»,– մեկնաբանել է Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ Թուրքիան այս հակամարտությունում հիմնական բացասական գործոնն է: Եվ, եթե Թուրքիան դուրս բերվի դրանից, պատերազմը մեկ–երկու օրում կդադարի:
«Մնալով՝ Թուրքիան կվատթարացնի իրավիճակը ՝ ներգրավելով նաև ուրիշներին: Դա աղետալի կլինի: Կովկասում շատ մեծ հակամարտություն կլինի, որը կարող է շատ ավելի վատը լինել, քան նույնիսկ Սիրիայում է»,– ասել է Սարգսյանը` հավելելով, որ Թուրքիայի գործոնը բացառելը խաղաղության բանալին է: