ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Նախարարությունն այս մասին որոշման նախագիծը այսօր է քննարկման դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Այն հասցրել է արդեն հավաքել մեկ կողմ եւ մեկ դեմ ձայն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերի 31-ին եւ կգործի վեց ամիս ժամկետով: Բայց մյուս կողմից տեղեկացնենք, որ քաղաքացիները պահանջում են ոչ թե արգելել ժամանակավոր, այլ՝ ընդհանրապես:
ArmLur.am-ը էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացավ, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է:
Անցյալ տարի Թուրքիայից Հայաստան ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն. դոլար։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն դոլար, ցիտրուսային պտուղ՝ 10.3 մլն դոլար, մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան)՝35.3 մլն դոլար, նավթ եւ նավթամթերք՝ 24.3 մլն դոլար, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն դոլար։
Անցյալ տարի Թուրքիայից ներմուծված 128 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների կազմում, նախնական գնահատականներով վերջնական սպառման ապրանքները կազմում են մոտ 100 մլրդ դրամ։ Միջանկյալ սպառման ապրանքների արժեքը կազմում է 28 մլրդ դրամ։
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական եւ ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը եւ տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Ս.Հ.