Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում:

«Մեր ժողովուրդներին միավորում են պատմական ջերմ հարաբերություններն ու ընդհանուր արժեքները: Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ կապերի շարունակական սերտացումը և զարգացումը, որի նշանակությունն ավելի է ընդգծվում ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և հույն ժողովրդին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված պատերազմին՝ խոսելով Թուրքիայի բացահայտ ներգրավվածության և տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին:

Հունաստանի արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ջերմ ողջույնները և աջակցության խոսքերը: Նիկոս Դենդիասը ասել է, որ երկու ժողովուրդներին և երկրներին կապում է դարավոր ամուր բարեկամությունը, և այս բարդ իրավիճակում Հունաստանը, հույն ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են:

Նա նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ: Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու և բանակցային գործընթացը վերսկսելու կոչին:

Վարչապետը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:

Վարչապետը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հունաստանի վարչապետին: Նիկոս Դենդիասը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստան այց կատարելու հրավերը:




Լրահոս