Այս տարվա հոկտեմբերի 12-ի տվյալներով աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.01 դոլար: ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված ցանկից տեղեկացանք, որ հոկտեմբերի 12-ի տվյալներով, Վենեսուելայում այն կազմել է 0.02 դոլար: Մյուս կողմից նկատենք, որ բենզինն ամենաբարձր գինն ունի Հոնկոնգում` լիտրը 2 դոլար 26 ցենտ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 3.9 եւ դիզելային վառելիքի 1.8 տոկոս գնաճ: Բայց եթե այս տարվա սեպտեմբերի տվյալները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա նկատենք, որ եւ բենզինի եւ դիզելային վառելիքի գները բավականին նվազել են:
Ստացվում է, որ մեկ տարում բենզինի մեկ լիտրի գինն էժանացել է 410 դրամից դառնալով 340 դրամ, իսկ մեկ ամսում այն թանկացել է 260-270 դրամից դառնալով 340 դրամ: Այսօր հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 340 դրամ, պրեմիում տեսակի բենզինը՝ 360 դրամ:
Օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում:
Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 200 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 340 դրամ, Ռուսաստանում՝ 300 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 230 դրամ: Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է հավասար գներով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վրաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 340 դրամ: