ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ, ՈՐ ՖՐԱՆՍԻԱՆ ՃԱՆԱՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել էր Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Որոշում էր կայացվել նաեւ Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը: Ի՞նչ ունենք այս որոշումից օրեր անց, եւ ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

 

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ֆրանսիայի Ալֆորվիլի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանի հետ:

-Պարո՛ն Խաչիկյան, ի՞նչ զարգացումներ են առկա քաղաքային խորհրդի որոշումից հետո, եւ ի՞նչ սպասել առաջիկայում:

-Անշուշտ, բոլոր ժողովուրդը շատ-շատ ուրախ էր, որ այդ մաղթանքը քվեարկեցինք, քանի որ դա մաղթանք էր առաջին հերթին, որով կպահանջենք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Հետո պետք է փորձենք, որ ուրիշ քաղաքների կողմից եւս նման մաղթանք հղվի, եւ իրենց քաղաքային խորհուրդներում եւս քվեարկեն Արցախի ճանաչման օգտին: Նշեմ որ այսօր՝ ժամը 18:00-ին Փարիզի ժամանակով, մեծ-մեծ ցույց կա Ֆրանսիայի խորհրդարանի առջեւ, եւ հուսամ, որ շատ հայեր կհավաքվեն այնտեղ իրենց բողոքի ձայնը հաղորդելու համար:

-Իսկ ո՞ր քաղաքների ղեկավարների հետ եք արդեն խոսել, եւ ի՞նչ հնարավոր զարգացումներ եք սպասում:

-Այո՛, խոսել եմ անշուշտ: Քանի որ մի քանի ընկերներ ու բարեկամներ ունենք, որ ինձ պես ֆրանսիացի են, անշուշտ հայ եւ ընտրված են կամ փոխքաղաքապետ են, մենք կապի մեջ ենք մի քանի քաղաքների ղեկավարների հետ, այդ թվում՝ Մարսելի, եւ պետք է փորձենք այնտեղ մեր տեքստը քվեարկել: Արդեն այդ աշխատանքը սկսել ենք, մեր տեքստը ուղարկել ենք իրենց: Կան նաեւ մարդիկ, որ ուղղակի ինձ հետ են կապ հաստատել, որ ես ուղարկեմ իրենց այդ տեքստը: Ես առաջին քայլն արել եմ եւ կարծում եմ, որ կկարողանանք այսպես ուրիշ հաղթանակներ ունենալ: Երբ որ մեր Արցախի ներկայացուցիչը Փարիզում՝ պարոն Հովհաննես Գեւորգյանը, կասի, որ շատ մեծ հաղթանակ է, եւ մեզ ուժ կտա, կհասկանանք, թե ինչու են նման քայլեր արվում:

-Սակայն հենց Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման մասով ի՞նչ ակնկալիքներ ունեք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես հենց Ֆրանսիային է կոչ անում առաջինը ճանաչել Արցախի անկախությունը:

-Մենք անշուշտ կփորձենք այս օրերին ուրիշ տեքստ պատրաստել եւ այն ուղարկել ֆրանսիացի պատգամավորներին, որպեսզի այդ քայլն անեն, իհարկե գլխավորապես վարչապետն ու նախագահը: Բայց շատ դժվար պետք է լինի, քանի որ եթե նույնիսկ Ֆրանսիան իսկապես շատ հեռու գնաց մեր կողմից հայտարարության մեջ, մնալու է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկը Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ նահանգների հետ, եւ կհասկանանք, որ  մի քիչ դժվար է իրենց համար այդ քայլը անել: Բայց դա մեր ուզածն է, եւ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերջապես Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:

-Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը խոսել էր նաեւ Արցախ ֆինանսական օգնության մասին: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը:

-Ֆինանսական օգնություն անշուշտ արվում է, մի քանի դեղեր սկսեցինք հավաքել, որ ուղղակի հիմնադրամին կուղարկենք: Պետք է նաեւ հասկանալ, որ Ֆրանսիայի Կարմիր խաչն արդեն այդ ֆինանսական աշխատանքը սկսել է, բայց չկարծեք, որ երկու տեսակի աշխատանք է: Հավաքած փողն ուղղակի պետք է տալ Հայաստանի հիմնադրամին, որպեսզի կարողանանք օգնել ֆինանսական ձեւով: Ավելի կոնկրետ հագուստ, դեղ, ինչ հնարավոր է հավաքել եւ ուղարկել ենք օդանավով, դա էլ պետք է հասկանալ, եւ ֆինանսական աշխատանքը կշարունակենք: Բայց մենք Ալֆորվիլում ֆինանսական օգնություն որոշել էինք իրականացնել, բայց հետո այլ օգնություն իրականացրեցինք, քանի որ պետք է հասկանալ, որ բոլոր քաղաքների բյուջեում շատ փող չկա արդեն, քանի որ հոկտեմբերն է, եւ պետք է սպասեն 2021 թվականին, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք անել ֆինանսական առումով: Ամեն դեպքում, իմ քաղաքում, որտեղ ես երրորդ փոխքաղաքապետն եմ, արդեն հունիսին կամ հուլիսին տվել ենք 22 հազար եվրո, եւ արդեն դիմել եմ քաղաքապետին, որ ավելին սկսենք տալ:

 

 

ՊԵՏՔ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն այսօր նոր հայտարարություն է տարածել՝ նշելով որ իրենք անհանգստացած են այն հայտարարություններով, որոնք առկա են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկան-ահաբեկիչների ներգրավման մասով: Ռուս փորձագետ Անդրեյ Արեշեւը բնական է համարում պաշտպանության գերատեսչության հաղորդագրությունը՝ հավելելով, որ եթե դիվանագիտական ջանքերն իրենց արդյունքը չեն տալիս, ապա պետք է լինեն նաեւ ռազմական ջանքեր, որոնք հնարավորություն կտան ավելի գործուն քայլերով խաղաղություն պարտադրել այն կողմին, որը սկսել է պատերազմը:

 

«Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել ՌԴ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարության վրա, որ իրենք ջանքեր են գործադրում իրավիճակի կայունացման առումով տարածաշրջանում՝ հաշվի առնելով բազմաթիվ այն հայտարարությունները, որոնք առկա են վարձկան ահաբեկիչների ներգրավման մասով: Ես կարծում եմ, որ դիվանագիտական ջանքերը պետք է ամրապնդել ռազմական քայլերով եւ իսկապես ավելի գործուն քայլեր ձեռնարկել խաղաղության հաստատման համար եւ ստիպել խաղաղության հասնել այն կողմին, որը սկսել է պատերազմը: Ինձ համար դժվար է խոսել ՌԴ պաշտպանության նախարարության փոխարեն, սակայն ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն տեղեկությունների վրա, որոնք առկա են դեպի Սիրիա հարվածների մասով, եւ կարծում եմ՝ այլ քայլեր եւս կլինեն Իրանի եւ ՌԴ-ի մասնակցությամբ, որոնք այնքան էլ շահագրգռված չեն իրավիճակի ավելի սրմամբ», – նշեց նա:

Փորձագետի խոսքով՝ դիվանագետներն աշխատում են, քաղաքական ճնշում առկա է կոնֆլիկտի կողմերի եւ, պարզ է, մեծամասամբ Անկարայի եւ Բաքվի վրա: «Բայց ստացվում է՝ այն դեռ բավականաչափ չէ, եւ պետք է այնպիսի քայլեր լինեն, որ նրանք, ովքեր խաղադրույք են դրել հարցի՝ պատերազմով լուծման վրա, հստակ հասկանան, որ դա անհեռանկարային է, եւ որ բանակցել, միեւնույն, է պետք է, եւ անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղանի», – հավելեց նա:

Ռուս փորձագետը կարծում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը՝ ահաբեկչության դեմ պայքարի համար կոալիցիա ստեղծելու, բավական տեղին է, իսկ ձեւաչափերը պետք է քննարկվեն: «Այդ առաջարկն իսկապես ժամանակին եւ տեղին է. ինչ վերաբերում է հստակ ձեւաչափերին, ամեն դեպքում այն ժամանակավոր բնույթ պետք է ունենա եւ կախված է հստակ պայմանավորվածություններից», – եզրափակեց նա:

Հավելենք, որ Անդրեյ Արեշեւը երեկ Մոսկվայում այլ փորձագետերի եւ քաղաքագետերի հետ մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են բազմաթիվ հարցեր:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

ԱՄՆ-Ի ԿՈՉԸ

Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ընդգծել է, որ ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով: «Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին կատարել հրադադարի իրենց հանձնառությունը եւ դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսին Գյանջան եւ Ստեփանակերտն են: Մենք ցավում ենք մարդկային կյանքի կորստի համար եւ մնում ենք հավատարիմ խաղաղ կարգավորմանը»,-նշել է նա:

 

 

ՊԵՏԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետը՝ մեղադրյալի աթոռին: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Ստեփան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատոր անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2017 թվականից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի հետ նախնական համաձայնությամբ, տարբեր դրվագներով, այդ թվում` միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց եւ շահադիտական նպատակով յուրացման եւ վատնման եղանակով կատարել է ՀՀ ոստիկանութան հաշվեկշռում գտնվող, դուրսգրման ենթակա եւ աճուրդով իրացման նպատակով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսություն հանձնված ուրիշի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն: Ստեփան Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

 

 

ՏԱԳՆԱՊՈՎ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ-ից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Սթեֆան Վիսկոնտի եւ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆեր) հանդես են եկել հայտարարությամբ. «Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ շարունակվող բռնության մասին։ Համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունների լիակատար կատարման ուղղությամբ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքների կանխման նպատակով։

 




Լրահոս