Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադրության ապարանքները բոյկոտելու կոչեր են հնչում: Ի դեպ, այս նպատակով նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել: Կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը: Նկատենք, որ թուրքական ապրանքների դեմ բոյկոտի ցուցակում հայտնվել է նաեւ «Գոլդեն ռոուզ» ընկերությունը, որը Հայաստանում զբաղվում է կոսմետիկայի ներկրմամբ եւ վաճառքով: Ընկերությունը կոսմետիկայի մի մասը տարիներ շարունակ ներկրում էր Թուրքիայից:
ArmLur.am-ը զրուցեց «Գոլդեն ռոուզ» ընկերության վաճառքի գծով տնօրեն Վարդան Միրզոյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ ազդեցություն է ունեցել բոյկոտը վաճառքի ծավալների վրա: Պարզվում է՝ ընկերությունն այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Այս երեւույթը կարելի է երկու մասի բաժանել. օրինակ՝ կան մարդիկ, որոնք պատրաստվում են նոր ներկրել, եւ կա մի հատված, որ արդեն բերել են: Մեր ընկերությունը բերել է այդ ապրանքը, պետության նկատմամբ հարկային պարտավորությունները պարտաճանաչ կատարում ենք: Մենք հազար խոշոր հարկատուների ցանկում 250-րդն ենք ու 110 աշխատող ունենք, բայց մենք հիմա արդեն մտածում ենք, թե ինչ ենք անելու այդ աշխատողների հետ: Խանութները հետ են վերադարձնում մեր ապրանքը, բայց մենք այդ ապրանքն ի՞նչ անենք: Տանենք թափե՞նք, բայց դա գումար է… Ես միլիարդի չափ հարկ եմ վճարում պետությանը»,- իրավիճակը ներկայացրեց ընկերության ներկայացուցիչը:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս օրերին շրջանառություն չունեն. «Բոլոր սուպերմարկետները մեր ապրանքը առանձնացրել են ու ասում են՝ եկե՛ք տարեք: Ի՞նչ անես, երբ ապրանքը հավաքում ու տալիս են ձեռքդ ու ասում են՝ գնա: Մենք չգիտենք, թե ինչպես ենք այդ աշխատողների աշխատավարձերը վճարելու: Հարկերը չեն գոյանում, մենք ամսական 70 մլն դրամ հարկ վճարող ընկերություն ենք, բայց արդեն 12-րդ օրն է՝ 0 շրջանառություն ունենք»: Ընկերության վաճառքի գծով տնօրենը փոխանցեց նաեւ, որ այս պահին չեն ներմուծում:
«Ֆլոռմառ» ընկերությունը, որը, ինչպես հայտնի է, նույնպես թուրքական բրենդ է, հայտնվել է նման իրավիճակում: «Ֆլոռմառ» ընկերության տնօրեն Արթուր Հովսեփյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, փոխանցեց. «Ես իրականում, որպես հայ, համաձայն եմ այդ ամեն ինչի հետ, բայց այլ հարցեր կան. մինչեւ պետական մակարդակով այդ հարցը արգելվի, բոլորն էլ կներկրեն: Ես ինքս նախաձեռնել եմ, որ երեք ամիսների մեջ այն բրենդը, որը թուրքական չէ, բայց ինչ-որ մի մասը Թուրքիայում է արտադրվում, փոխարինվի ոչ թուրքական ապրանքով: Ես դրան կհասնեմ մոտ երեք ամիս հետո: Այսօրվա դրությամբ ես միանգամից չեմ կարող հանել, քանի որ ես 30 տոկոսով կտուժեմ: Մինչեւ պաշտոնապես չարգելվի, ես չեմ փակի այդ խանութները. աշխատողներ ունեմ»:
Նրա խոսքով՝ այս իրավիճակով պայմանավորված՝ ներմուծումը կանգնած է: «Նախ՝ կորոնավիրուսի պատճառով չէինք կարողանում մեր վաճառքի ծավալներն ապահովել, հիմա էլ պատերազմը սկսվեց, շատ ավելի դժվարացավ: Թուրքական բրենդ միայն «Ֆլոռմառ»-ն է, բայց մենք ունենք իսպանական, կանադական, ամերիկյան ծագման ապրանքներ: Մենք արդեն սկսել ենք գործընթացը, ուղղակի քըրթ կտրել չի լինի: Բայց պետք է հետեւողական լինենք. եթե մենք իրականում որոշում ենք, որ դա պետք է լինի, ապա պետք է բոլոր վնասները հաշվարկվեն, գնահատվեն, հետո հասկանանք՝ դրա ալտերնատիվ տարբերակը որն է, որտեղից ներկրենք: Այդ ամեն ինչը հասկանանք, նոր կտրենք»,- պարզաբանեց «Ֆլոռմառ»-ի ներկայացուցիչը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՐՑԱԽՈՒՄ ՕՐԵՆՔ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ
Երեկ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն, Արթուր Թովմասյանի նախագահությամբ, գումարել է արտահերթ նստաշրջան: Նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված զոհերի հիշատակը:
Խորհրդարանը քննարկել է ««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը: Զեկուցողի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը բխում է կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման եւ կազմակերպման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի համաձայն՝ սահմանվում են «աշխարհազոր» հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձեւավորման կարգը, խաղաղ եւ պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության եւ կիրառման, ենթակայության եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքը:
ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ
«Սա իմ տեսած երրորդ պատերազմն է Արցախի ազատության համար»,- հայտնել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին երկուսում գոնե հանրային հարթակներում հազվահյուտ եմ նկատել կամ լսել ադրբեջանական ղեկավարների ոգեւորությունն ու բարձրագոչ հայտարարությունները: Իսկ անգամ եթե եղել են, ապա իսկույն եւեթ դրանց հաջորդել են անհաջողություններ… Անհաջողություններ հակառակորդի ճամբարում: Այդպես էր եւ՛ Մութալիբովի, եւ՛ Էլչիբեյի, եւ՛ հայր Ալիեւի դեպքում Արցախյան առաջին պատերազմի տարիներին, այդպես էր նաեւ 2016-ի ապրիլյանի ժամանակ որդի Ալիեւի համար… Հոր եւ որդու խեղճությունը զգացվում էր ոչ միայն մարտական գործողությունների ընթացքում, այլեւ բանակցությունների սեղանի շուրջ: Դա պարտվածի խեղճություն էր… Այսօր, կարծես թե, պատկերը մի քիչ այլ է: Ադրբեջանի գերագույն գլխավոր համարվող նախկին դասալիքը, որ տարիներ շարունակ իր պահվածքով առանձնանում էր որպես համեստ ու խոնարհ աշակերտ, իրեն փորձում է պահել աքլորավայել: Ավելին՝ այնքան է ոգեւորված կարծեցյալ «հաղթարշավի» շուրջ հյուսած իր իսկ հորինվածքներով, որ արդեն իրեն պատկերացնում է թելադրողի դերում:
Թե միապետին ինքնախաբեության տանող այս ոգեւորությունը որքան կտեւի, ժամանակի հարց է: Բայց որ վերջնական արդյունքում նրա որդեգրած ճանապարհն անցնելու է նույն ոլորաններով, որոնցով անցել են իր նախորդները, դա անկասկած է»,-ամփոփել է խոսնակը:
ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Արման Խոջոյանն այցելել են Արարատի մարզի վերամշակող մի շարք գործարաններ խաղողի մթերումների կազմակերպման եւ իրականացման գործընթացին հետեւելու նպատակով։ Արմեն Սարգսյանի փոխանցմամբ՝ արդեն 19 օր է, ինչ գործարանն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով՝ առավոտից մինչեւ ուշ գիշեր։ Խաղողի մթերման ծավալը կազմում է օրական մոտ 600-850 տոննա, այս պահի դրությամբ գործարանն արդեն մթերել է շուրջ 12 800 տոննա։ Նրա կանխատեսմամբ՝ մթերումները կշարունակվեն եւս 15 օր, եւ արդյունքում խաղողի մթերման ընդհանուր ծավալը գործարանում կկազմի մոտ 22-23 հազար տոննա։
Նրա խոսքով՝ համայնքապետերի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ չափաբաժին (քվոտա)՝ ելնելով հավաքվող բերքի քանակից, ինչը թույլ կտա խուսափել մեքենաների կուտակումներից եւ առավել արդյունավետ կազմակերպել մթերումները։
Նշվել է, որ ներկայում գինեգործական բարձրորակ արտադրանք ապահովելու նպատակով գործարանը վերակառուցվում է եւ արդիականացվում, հաջորդ տարվանից նախատեսվում է ներդնել նոր սարքավորումներ էլիտար գինեգործությունը եւս զարգացնելու նպատակով։
Արարատում էկոնոմիկայի նախարարն այցելել է նաեւ խաղողի վերամշակմամբ զբաղվող այլ գործարաններ, զրուցել ղեկավարների եւ խաղողագործների հետ։ Զրույցի ընթացքում բոլորն արձանագրել են, որ այս տարի խաղողի բերքն առնվազն 25-30% ավելացել է։ Այնուամենայնիվ, խաղողագործները բերքահավաքը վաղաժամ են իրականացնում եւ, հերթերը խախտելով, հավելյալ խոչընդոտներ ստեղծում խաղողի ընդունման ընթացքում։ Շրջայցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ Արարատի մարզում մթերումների ընթացքում էական խոչընդոտներ չեն արձանագրվել, նկատվում են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։
ՏՈՒԺԱԾՆԵՐ ԿԱՆ
Հայաստանի ԱԻՆ-ում երեկ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «HOVO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել դեպի հարակից ձորը. բեռնատարի տակ հայտնաբերվել է վարորդի դին։