Համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի դեմքերը շարունակում են անդրադառնալ Արցախյան պատերազմին: Նրանց թվում են` Իսպանական ամենահայտնի հեռուստասերիալի հայկական արմատներով աստղ` Հովիկ Կեուչկերյանը, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր եւ ձեռնարկատեր Շոն Կոմբսը, որը հայտնի է որպես Փի Դիդի:
Իսպանական ամենահայտնի հեռուստասերիալի հայկական արմատներով աստղը` Հովիկ Կեուչկերյանը, Instagram-ի story բաժնում իր աջակցությունն է հայտնել Արցախին: Բոգոտային մարմնավորող դերասանը կիսվել է «Ճանաչեք Արցախը» (Recognize Artsakh) պաստառով:
Իսկ, ահա «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին ակտիվորեն հետեւում է Արցախում ծավալվող իրադարձություններին ու կոշտ արձագանքում հակառակորդի գործողություններին։
Երաժիշտը Twitter-ի էջում կիսվել է լրատվամիջոցի հրապարակմամբ, ըստ որի՝ ազերիները հայ զինծառայողի են գլխատել, լուսանկար հրապարակել սոցիալական մեդիայում եւ զանգահարել նրա եղբորը՝ ծաղրելով նրան։
«Սրանք Հայաստանի եւ հայ ժողովրդի վայրագ թշնամիներն են, որ յուրաքանչյուրը հասկանա։ Նրանք փորձում են ահաբեկել մեզ, բայց դա մեզ առավել կազմակերպված ու ուժեղ է դարձնում»,- գրել է նա։
Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որն այս օրերին Հայաստանում է գտնվում, շարունակում է բարձրաձայնել Ադրբեջանի գործողությունների մասին ու դատապարտել դրանք։
Երգիչը նոր գրառմամբ կոչ է արել ճանաչել Արցախը։ «Երկրորդ զինադադարը խախտվեց Ադրբեջանի կողմից։ Ժամանակն է, որ մնացած աշխարհը տեսնի ճշմարտությունը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ագրեսորներ են եւ չեն կարող վստահելի լինել։ Խաղաղություն ուժի միջոցով։ Հաղթանակ Արցախի համար։ Ազատ Արցախ։ Ճանաչեք Արցախը»,- գրել է նա։
Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր եւ ձեռնարկատեր Շոն Կոմբսը, որը հայտնի է որպես Փի Դիդի, անտարբեր չի մնացել իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Արցախում։
«Հայաստանը հարձակման տակ է»,- երաժիշտը վերահրապարակել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փի Դիդին քաղաքական կուսակցություն է ստեղծել։ Այն աջակցում է Ջո Բայդենին եւ պաշտպանում է թխամորթների իրավունքները։
Այնուհետեւ ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի եղբայրն ու պրոդյուսերը՝ Ղեւոնդ Անդրեասյանը, պարբերաբար հրապարակումներ է անում Արցախի պատերազմի թեմայով։ Նրա Facebook-ի վերջին գրառումը վերաբերում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ռազմադաշտից վիրավոր զինծառայողներին դուրս բերելու Երեւանի առաջարկին:
«Բաքուն մերժել է Կարմիր խաչի միջնորդությամբ ռազմադաշտից վիրավոր զինծառայողներին դուրս բերելու Երեւանի առաջարկը», – գրում է նա:- Որովհետեւ այդ վիրավորները ոչ թե Ադրբեջանի քաղաքացիներ են, այլ վարձկաններ (ահաբեկիչներ) Թուրքիայից, Սիրիայից, Լիբիայից եւ Պակիստանից, Կարմիր խաչը կգրանցի ապացույց, իլհամչիկի ինչին է դա պետք։
Եվ հիշեցնում եմ, որ ռազմի դաշտում մի քանի հազար մարմին կա, եւ Ադրբեջանը չի ցանկանում նրանց վերցնել եւ հանձնել իրենց մայրերին, քանի որ նրանց մայրերն Ադրբեջանում չեն ապրում։
Այլ բացատրություն չկա, թե ինչու են թողնում զոհվածների եւ վիրավորների մարմինները։
Ներեցեք, որ արեւոտ կիրակի օրերին ձեզ անհանգստացնում եմ, բայց մենք արդեն 20 օրից ավելի է պաշտպանվում ենք այդ զորքերից։
Խաղաղություն ձեր օջախներին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարիկ Անդրեասյանը ցանկություն էր հայտնել ֆիլմ նկարահանել Արցախում հերոսական դիմակայության մասին:
Լիդա Եղիազարյան