Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հունաստանի JUDAN լրագրողների միության կազմակերպած՝ «Ճգնաժամը Կովկասում և պատերազմի պատճառները» խորագրով հեռավար կոնֆերանսին, պատասխանել Հունաստանի և միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Հայաստանի նախագահին հարցեր են ուղղվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության պատճառների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է հնարավոր կասեցնել Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, որն իրականացվում է Սիրիայում, Լիբանանում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Արցախում:
Նախագահ Սարգսյանը համաձայնել է լրագրողների դիտարկմանը, որ Թուրքիայի քաղաքականությունը ապակայունացնող է և ծավալապաշտական: Նա ընդգծել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում:
Պատասխանելով Թուրքիայի ներգրավվածության պատճառների մասին հարցին՝ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. «Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիան փորձում է դառնալ էներգետիկ հանգույց, երկիր, որը կկառավարի էներգետիկ հոսքերը Կասպից ծովից, Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից մինչև Արևմուտք՝ Եվրոպա: Խոսքը միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի մասին չէ: Դառնալով հակամարտության կողմ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հետ մեկտեղ, Թուրքիան ֆիզիկապես այնտեղ է այն պատրվակով, թե իբր օգնում է իր էթնիկ եղբայրներին կամ պաշտպանում միջազգային լոգիստիկ խողովակաշարերը: Իրականում դրանք պատրվակներ են այնտեղ լինելու և ոչ միայն լինելու, այլ նաև՝ կառավարելու համար,-նշել է նախագահը: -Այդ կերպ Թուրքիան մեծ ազդեցություն կունենան Ադրբեջանի քաղաքականության վրա և, ի վերջո, մեծ ազդեցություն կունենա նաև եվրոպական երկրների և Կենտրոնական Ասիայի վրա: Թուրքիան ցանկանում է գերակա դեր ունենալ էներգետիկ հոսքերի վրա, լինել հիմնական դոմինանտ երկիր, որը կառավարում է էներգետիկ հոսքն արևելքից, հարավից և, հնարավոր է, հյուսիսից մինչև Եվրոպա»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին այն դեպքում, երբ օկուպացրել է Սիրիայի, Իրաքի և Կիպրոսի տարածքները. «Ինչպե՞ս է պատահում, որ այսքան շատ օկուպացիա իրականացնելուց հետո մի երկիր այսօր խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ասելով, թե դա շատ կարևոր է: Նրանց խոսքերն ու գործողությունները չեն համընկնում»:
Մանրամասները՝ տեսանյութում