Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Այժմ անհրաժեշտ է ապահովել իրականացումը (կրակի դադարեցման- խմբ.), դա ամենահրատապ հարցն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել»,- ասել է նա՝ նշելով, որ ամենակարևոր հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը:
Դիվանագետը նշել է նաև, որ այդ հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում և խորհուրդը միակարծիք է եղել մոտեցումներում: Միաժամանակ նա պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։ «Դա արագ գործընթաց չէ։ Եղել են տեղեկություններ այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է այն, թե ինչպես պետք է իրականացվի այդ վերահսկողությունը»,- նշել է Նեբենզյան։
Դիվանագետը չի բացառել, որ դիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ առաքելությունը, առավել ևս, որ այդ կազմակերպությունն է ղեկավարում կարգավորման գործընթացը։ «Ով կլինի, ինչ դերակատարությամբ՝ դեռ մնում է հարց, որը քննարկվում է»,- ավելացրել է նա։