Լղհ-ում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ին Արցախի նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է եւ նրա մարտունակության հետեւողական բարձրացումը հանդիսանում է պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Նիստում քննարկվել են նաեւ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է ստեղծել տոնական միջոցառումների կազմակերպան եւ համակարգման կառավարական հանձնաժողով: Նիստին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս