Եվրոպական միության «Էրազմուս+» շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրն ամփոփվել է սեպտեմբերի 12-ին կայացած առցանց համաժողովում. այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
2016 թվականից մեկնարկած ծրագրի նպատակն է խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային եւ ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ եւ գործիքակազմ: Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվել բարձրագույն կրթության միջազգայնացման որոշակի արդյունքներ: Մասնավորապես, մշակվել է բարձրագույն կրթության հնգամյա ռազմավարությունը եւ դրա իրականացման գործողությունների ծրագիրը, իսկ գիտխորհուրդները հաստատել են բուհերի միջազգայնացման ընթացակարգերը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը բարձրացրել է կրթության իրավունքի ոտնահարման խնդիրը, որն այժմ արձանագրվում է Արցախի եւ Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով: Ներկայացնելով համավարակի եւ պատերազմի պատճառով առկա մարտահրավերները կրթական գործընթացներում՝ նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը եւ կրթական հաստատություններն առավելագույն ջանք են գործադրում կրթության իրավունքի իրացման, կրթության շարունակականության ապահովման համար՝ բարեփոխումների օրակարգում առանձնահատուկ կարեւորելով բարձրագույն կրթության միջազգայնացմանն ուղղված ծրագիրը: Ա. Մարտիրոսյանը նշել է, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագրի ձեռքբերումները զգալի են բարձրագույն կրթության որակի բարելավման եւ հայաստանյան բուհերի միջազգայնացման առումով, եւ որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնառու է ապահովել ծրագրի շարունակականությունը: Ըստ նախարարի տեղակալի՝ ակնհայտ է, որ կրթության միջազգայնացումն աշխարհում տիրող պանդեմիայի հետեւանքով խաթարված է: Փոխելով միջազգայնացման ձեւը՝ առաջնահերթությունը տրվելու է «Միջազգայնացում տնից» բաղադրիչին՝ նախկինում լայն կիրառություն ունեցող շարժունության փոխարեն:
Նշենք նաեւ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացված «Հայաստանյան բուհերի միջազգայնացման խթանման ռազմավարություն (BOOST)» դրամաշնորհային ծրագիրը համակարգել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանը: Ընդգրկված են եղել նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը, իսկ պետության մասնակցությունն ապահովել են ԿԳՄՍ նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի ԵՄ գործընկերներներն են Իսպանիայի Կատալոնիայի պոլիտեխնիակական, ինչպես նաեւ Վերգիլիոսի եւ Ռովիրայի համալսարանները, Էստոնիայի Տալինի տեխնիկական համալսարանը, Շվեդիայի Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտը եւ Լիսաբոնի համալսարանը՝ Պորտուգալիայից:
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարություն է տարածել՝ հավաստիացնելով, որ Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի իրականացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին:
Փոխնախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկսվելուն պես Վրաստանի կողմից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Վրաստանի ցամաքային եւ օդային ճանապարհով ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ: Նա նշել է, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Փոխնախարարի խոսքով՝ Վրաստանում առկա փաստաթղթերի համաձայն՝ Վրաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքները կրում են միայն հումանիտար եւ քաղաքացիական բնույթ: Փոխնախարարը հավելել է, որ միեւնույն ժամանակ Վրաստանը շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտավորությունները հումանիտար եւ քաղաքացիական, այդ թվում՝ առեւտրային բեռների փոխադրման առումով: Դա արվում է միջազգային իրավունքի նորմերին՝ ներառյալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնակարգերին լիովին համապատասխան:
Լաշա Դարսալիան նկատել է, որ, այնուամենայնիվ, լրատվամիջոցներում ակտիվորեն շատացել է տեղեկատվության շահարկումները, իբրեւ թե Վրաստանի տարածքով ռազմական բեռների փոխադրումները իրականացվում են քաղաքացիական ավիաթռիչքների միջոցով: Նա ընդգծել է, որ կոնկրետ փոխադրողի եւ բեռի սեփականատիրոջ պարտականությունն է լիովին պահպանել միջազգային իրավունքի նորմերը եւ չչարաշահել հումանիտար միջանցքները: «Խախտումների հայտնաբերման եւ հստակ ապացույցների առկայության դեպքում Վրաստանը պատշաճ կերպով կպատասխանի, եւ խախտողները պատասխանատվություն կկրեն միջազգային իրավունքի համաձայն, այդ թվում նաեւ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության առջեւ»,- նշել է Վրաստանի Արտաքին գործերի փոխնախարարը:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՃԸ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել Է կորոնավիրուսով վարակումների թվի՝ համավարակից սկզբից ի վեր ամենաբարձր աճը՝ ավելի քան 2,2 միլիոն դեպք՝ մեկ շաբաթում: Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ի հաշվարկներով՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան աշխարհում վարակումների թիվը գերազանցել Է 37,42 միլիոնը, մահացել Է 1,07 միլիոն մարդ: Վարակի տարածման տեմպերով առաջատարների եռյակում են Հնդկաստանը, ԱՄՆ-ն եւ Բրազիլիան: Եվրոպայում վարակումների աճով անցալ շաբաթ առաջատարներն են եղել Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, երրորդ հորիզոնականում Է հայտնվել Ռուսաստանը: Կորոնավիրուսի հետ կապված մահացու վախճանների թիվն ավելացել Է ավելի քան 39 հազարով, ինչը մոտավորապես համապատասխանում Է նախորդ շաբաթվա ցուցանիշին: Առավել բարձր մահացություն Է գրանցվել Հնդկաստանում, հետեւում են Մեքսիկան, ԱՄՆ-ն եւ Բրազիլիան: Անցյալ շաբաթ, ԱՀԿ-ի տվյալների համաձայն, առավել մեծ թվով մահացու վախճաններ՝ ավելի քան 6,5 հազար, արձանագրվել Է Հնդկաստանում:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը շարունակվում է մինչ օրս՝ ուղեկցվելով ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի եւ սովորութային միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի ու սկզբունքների (Մարդու իրավունքների համընդահնուր հռչակագիր, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա, 1949թ. օգոստոսի 12-ի Ժնեւյան կոնվենցիաներ, Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ վարժեցման դեմ միջազգային կոնվենցիա, Միջազգային սովորութային իրավունք եւ այլն) համատարած ոտնահարումով։
Միաժամանակ իր պատերազմական հանցագործությունները կոծկելու կամ արդարացնելու, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության նկատմամբ նոր հարձակումներ իրականացնելու համար հող նապախատրաստելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլեւ Հայաստանի իշխանություններին:
Արցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու իր հայրենիքի եւ իր ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իրականացված ռազմական հանցագործությունների եւ մեր տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու քաղաքականության համար: