Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, որը այս օրերին իրականացնում է մի շարք մարդասիրական նախաձեռնություններ:
-Սոնա՛, Դուք այն հայտնի մարդկանց շարքին եք պատկանում, որոնք միշտ կանգնած են մեր ժողովրդի կողքին թե՛ ֆիզիկապես եւ թե՛ հոգեպես։ Արցախյան պատերազմի այս օրերին ի՞նչ նախաձեռնություններով եք հանդես եկել:
-Չեմ ուզում ինձ գովել, բայց միշտ կանգնած եմ իմ ժողովրդի կողքին, ինչով որ կարող եմ: Այս օրերին երեխայիս թողել եմ մայրիկիս խնամքին, որպեսզի կարողանամ օգնել իմ ժողովրդին: Պատերազմի առաջին օրվանից սկսկած՝ գրեթե տուն չեմ գնում, լծված եմ մարդկանց աջակցելու եւ օգնելու գործով: Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն մարդկանց, ովքեր որ աջակցում են մեզ, ովքեր որ այդ ամեն ինչն անում են հոգով եւ սրտով, առանց ձեւականությունների: Մեր հայրենակիցներին օգնել եմ թե՛ գումարի, թե՛ սնունդի տեսքով, իհարկե եղել են նաեւ բարերարներ, ովքեր նույնպես աջակցել են մեզ: Անկեղծ, ես շատ խորը մարդ եմ եւ շատ մեծ ցավ եմ ապրում՝ տեսնելով այս ամենը, այս պատերազմը: Կարող է ամիսներով ուշքի չգալ: Կարեւորն այն է, որ ես ինձ շատ սիրված եւ գնահատված եմ զգում: Ամբողջ Հայաստանի մարզերով մարդասիրական նախաձեռնություններով ենք հանդես եկել իմ ընկերների հետ միասին: Ամեն կերպ փորձում ենք ինչ-որ բանով աջակցել նրանց: Ճիշտ է, հիմա ապրում ենք շատ դժվարին օրեր, առանց աշխատանք, բայց մեկ է, երբ մարդը ցանկություն ունի բարի գործ կատարելու, իրեն ոչինչ չի կարող խանգարել: Ինչպես նաեւ սփյուռքի եւ Հայաստանի երգիչ երգչուհիներով, Արա Գեւորգյանի գլխավորությամբ, ներկայացրինք մի չքնաղ երգ՝ իր տեսահոլովակով, որը նվիրված է մեր քաջ զինվորներին: Հույս ունեմ, որ այս արհավիրքը շուտով կավարտվի: Այլեւս չեմ կարող նայել, թե ինչպես են մեր անմեղ տղաները զոհվում. դա սարսափելի կորուստ է մեզ համար, ամբողջ հայ ազգի համար:
-Սոնա՛, արդյոք համագործակցո՞ւմ եք Պաշտպանության նախարարության հետ։
-Համագործակցում եմ անհատական մարդկանց հետ, անում եմ ինքս ինձ համար, իմ խղճի համար: Հարգում եմ մեր Պաշտպանության նախարարությանը, շատ սիրում եմ, եւ այնպես չէ, որ առաջին անգամ եմ նման գործերով հանդես գալիս: Ես մշտապես աջակցում եմ մեր հայրենակիցներին լավ, թե վատ օրերին:
-Իսկ որքանո՞վ եք վստահ, որ Ձեր օգնությունը հասնում է իր նպատակին։
-Իմ օգնությունը հաստատ հասում է իր նպատակին, քանի որ ես անձամբ եմ դա տեղ հասցնում: Իհարկե, շատ եմ լսել, որ օգնությունը չի հասնում: Խորհուրդ եմ տալիս նման բաներ չանել: Մենք բոլորս հայ ենք, բոլորս մի արյուն ենք: Այսօր մեր ազգը մի բռունցք է դարձել, հալալ է մեզ, որ կարող ենք օրհասական օրերին այսպես միավորվել: Կարեւորն այն է, որ մարդ իր խղճի առաջ մաքուր լինի:Հանգիստ խղճով գլուխը դնի բարձին, քնի: Ինձ համար ամենակարեւորը խաղաղությունն է:
-Սոնա՛, հայ ազգն այն քիչ ազգերից է, որը դժվարին օրերին դառնում է մի բռունցք՝ անկախ քաղաքական կարգավիճակից։ Դուք ի՞նչ տպավորություն ունեք։
-Քաղաքականության մեջ չեմ ուզում մտնել, ես միշտ էլ եղել եմ իմ ժողովրդի հետ, եղել եմ իմ ժողովրդի մի մասնիկը: Ես երգում եմ ինձ սիրող եւ հարգող ժողովրդի համար: Միայն խոսելով չէ, կկռվե՛մ, կկանգնե՛մ …, այդ ամեն ինչը պետք է մարդու ներսից լինի: Բոլորն էլ կարող են խոսել: Փողով կարող են շատ բան գնել, բայց այսօր փողով չենք կարող գնել ո՛չ հավատքը, ո՛չ սերը, ո՛չ երջանկությունը, ո՛չ խաղաղությունը: Դեռ քառօրյա պատերազմից ականատես եմ եղել շատ դեպքերի, ունեցել եմ շատ ընկերներ, ովքեր կռվել են, կռվում են, եղել են կորուստներ, եւ մինչ օրս էլ ապրում եմ այդ ցավը: Հիմա իմ եղբայրը, եղբայրները սահմանում կռվում են, բոլորն էլ կարգին դուխով տղաներ են, որի համար ես հպարտ եմ:
-Հետեւո՞ւմ եք միջազգային կառույցների, գերտերությունների արձագանքին: Գո՞հ եք արդյոք։
-Պետք է աշխարհը չլռի, պետք է բոլորը ոտքի կանգնեն այս թուրքական տեռորիզմին վերջ դնելու համար: Հավատում եմ, որ մեր միասնականության շնորհիվ մենք կհաղթենք: Մենք բոլորս հայ ենք, Արցախը Հայաստան է, մենք միասնական ենք եւ հզոր ենք մեր սփյուռքով եւ տղաներով:
-Ադրբեջանը, խախտելով հոկտեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածությունը, կրկին հրթիռակոծում է Արցախը…
-Ադրբեջանը միշտ էլ անանզնիվ, կեղտոտ ժողովուրդ է եղել: Մի ազգ, որ կարող է եկեղեցին ռմբակոծել, էլ ի՞նչ ասես: Ուզում են ցեղասպանություն անել, բայց իրենց դա չի հաջողվելու: Մենք պետք է հակառակորդի ցանկացած հարվածի համարժեք պատասխան տանք:
-Ի՞նչ ելքեր եւ քայլեր եք տեսնում պատերազմը վերջ դնելու համար։
-Միայն Աստված եմ կանչում եւ աղոթում եմ:
-Հաղթելու ենք, քանի որ…
-Հաղթելու ենք, քանի որ մենք հզոր եւ ուժեղ ազգ ենք:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐԸ
Պատերազմական այս ծանր օրերին, ինչպես շատ հայտնիներ, այնպես էլ երգչուհի Իվետա Մուկուչյանը դրամահավաք է սկսել՝ օգնելու համար զոհված եւ համշանդամություն ձեռք բերած զինվորների ընտանիքներին։
«Իմ ծննդյան օրվա համար ես ցանկանում եմ, որքան հնարավոր է, շատ գումար հավաքել՝ աջակցելու համար ընթացող պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին եւ նրանց, ովքեր տուն են վերադարձել հաշմանդամ։
Իմ բոլոր երկրպագուներին ու ընկերներին. ամեն օր դուք ազատ եք պատվիրել ուտելիք, ըմպելիք եւ հագուստ գնել։ Ի՞նչ կլինի, եթե դրանցից գոնե մեկի գումարը ծախսեք՝ օգնելու համար ինձ ժպտալ ծննդյանս օրը։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես մոռացել եմ՝ ինչ է դա։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարող է մեծ ազդեցություն ունենալ կարիքավոր ընտանիքների համար։ Ուզում եմ նշել ծննդյանս օրը՝ իմանալով, որ միասին մենք կարող եք օգնել մյուսներին»,- գրել է երգչուհին։
ԵԹԵ ԱՐՑԱԽԸ ՎԱՅՐ ԴՆԻ ԶԵՆՔԵՐԸ, ՀԱՅՈՑ ՄԵԿ ԱՅԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ
ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը, անդրադառնալով Արցախի սահմանին լարված իրավիճակին ու հակառակորդի կողմից քաղաքացիական անձանց թիրախավորելուն, կոչ է արել աշխարհին կանգնեցնել ադրբեջանական եւ թուրքական ագրեսիան։
«Դժվար է ըմբռնել, որ այսպիսի չարություն գոյություն ունի։ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պարբերաբար թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերի ու բնակիչների, այդ թվում՝ երեխաների ու լրագրողների։ Այս հայ երեխան ընդամենը երկու տարեկան է. նրա 9-ամյա քույրը մահացել է ռմբակոծության արդյունքում, որը ծանր վնասվածքներ է հասցրել նրան ու նրա ծնողներին։ Միջազգային հանրություն, խնդրում եմ, բարձրաձայնի՛ր։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան վայր դնեն զենքերը, խաղաղություն կլինի։ Եթե Արցախը վայր դնի զենքերը, հայոց մեկ այլ ցեղասպանություն կլինի»,- գրել է նա՝ օգտագործելով «Հայաստանը՝ ընդդեմ ահաբեկչության» հեշթեգը։
ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա լը Կոք» մարզադաշտում։ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Աշխարհի ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Քենդալ Ջենները, Հայաստանի մասին հրապարակում է արել։ Քիմ Քարդաշյանի քույրը Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակել է Քիմի տեսաուղերձը։ Օրեր առաջ Քիմը դրանում նշել էր, որ 1 մլն դոլար է նվիրաբերելու «Հայաստան» համահայկական հիմադրամին։ «Իմ մտքերն ու աղոթքները խիզախ տղամարդկանց, կանանց ու երեխաների հետ։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրը հիշի՝ անկախ հեռավորությունից, որը մեզ բաժանում է, մենք սահմանափակված չենք եւ միասնական հայ ազգ ենք»,- նշել էր Քիմը։
ՀԵՌԱՑՎԵԼ Է
Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Նիկոլո Նապոլին հեռացվել է Ռումինիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Ունիվերսիտատիա 1948»-ի գլխավոր մարզիչի պաշտոնից: Իտալացի մասնագետն անձնական պատճառներով խզել է Կրայովա քաղաքը ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը: 7-րդ տուրից հետո «Ունիվերսիտատիա 1948»-ն 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նապոլին «Ունիվերսիտատիա 1948»-ի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվում է 7-րդ անգամ: Նախկինում նա թիմը գլխավորել էր նաեւ 2004-ին, 2007-2009-ը, 2011-ին, 2013-2014-ը, 2017-2018-ը եւ 2018-2019-ը: Բոլոր դեպքերում նրան հեռացրել էին ու նշանակել այլ մարզչի:
ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՄՐՑԱՇԱՐԵՐԻՑ
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն անդրադարձել է Սանկտ Պետերբուրգում մեկնարկած ATP շարքի մրցաշարին: «Ժամանել եմ հրաշալի տրամադրությամբ: Սա իմ ամենասիրելի մրցաշարերից է: Կարծում եմ՝ սա լավագույն մրցաշարերից է կազմակերպվածության առումով: Ռուսաստանում խաղալը մեծ հաճույք է: Ամեն տարի այստեղ եմ ժամանում մարտական տրամադրվածությամբ: Իմ նպատակը հնարավորինս առաջ գնալն է: Մեզ մնացել են մի քանի մրցաշարեր, եւ պետք է փորձենք խաղալ հարավորինս լավ»,- հայ մարզիկի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը: