Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից 19 օր է անցել, սակայն հարցի կարգավորման քաղաքական տարբերակին հասնելու եզրերն այդպես էլ չեն երեւում: Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը, անդամ հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը քայլեր են անում հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն առնվազն այս փուլում պարզ է, որ ներկա պահին առկա լուծման տարբերակներին կոնֆլիկտի կողմերը չեն համաձայնում: Իսկ որո՞նք են դրանք. երեկ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակ, որը, նկատենք, նախկինում ստացել էր «Լավրովյան ծրագիր» անվանումը: «Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է։ Այն առաջարկները, որոնք համանախագահները մշակել եւ շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. դա Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային, աստիճանական ազատագրումն է Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ եւ մինչեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապի ապահովմամբ», – նշել էր Լավրովը: Նրա այս հայտարարությունից ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ հղեց ժողովրդին եւ նաեւ ներկայացրեց այն ժառանգությունը, որ ստացել է Ղարաբաղյան կոնֆլիկտի մասով՝ ըստ էության մերժելով նաեւ վերը քաշած տարբերակները, որոնք տարիներ շարունակ քննարկվել են: «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետեւյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ, ավելի ճիշտ, բանակցային հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւ դա անընդունելի էր»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծեց, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը եւս կողմ է եղել փուլային տարբերակին: Նկատենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2020 թվականի մայիսի 29-ին մասնավորապես նշել էր. «Այսօր բանակցությունների սեղանի շուրջ քննարկվում է հենց փուլային լուծումը: Ի՞նչ է դա նշանակում։ Առաջին փուլում ազատագրվում են գրավյալ տարածքները: Մենք դա կանենք, թող ոչ ոք չկասկածի»: Եվ, ահա, այսօր պարզ է, որ հայկական կողմի համար ընդունելի չէ այս տարբերակը. ի վերջո արյամբ են ազատագրվել այդ տարածքները, որոնք զիջման ենթակա չեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում ընթացող պատերազմի պատճառով ՀՀ Ազգային Ժողովում որոշված է, որ եթե հրատապ նախագծեր չլինեն, ապա պետք չէ հանձնաժողովի նիստեր անցկացնել: Ու արդեն տեւական ժամանակ է՝ խորհրդարանում հանձնաժողովի նիստեր չկան, ու անցած շաբաթ ԱԺ արտահերթ նիստն անգամ օրակարգ չուներ: Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկվել է այն հարցը, որ պետք է առաջիկայում հանձնաժողովի նիստեր լինեն, որպեսզի նախագծեր քննարկեն ու ձեւավորեն ԱԺ հերթական նիտի օրակարգը: Եվ ապա մենք տեղեկացանք, որ հոկտեմբերի 19-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, եւ օրակարգում երկու հարց է ընդգրկված: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանականներին հանձնարարված է այս ժամանակահատվածում դիվանագիտական ակտիվ աշխատանքներ կատարել տարբեր երկրների հետ: Մեր տեղեկություններով՝ այժմ պատգամավորներից յուրաքանչյուրն իր «հարազատ» երկրի հետ դիվանագիտական աշխատանքներ է իրականացնում, ներկայացնում այն իրավիճակը, որն առկա է Արցախում: Վերջիններս նաեւ փորձում են հասնել նրան, որ երկրներից որեւէ մեկը ճանաչի Արցախի անկախությունը:
Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար պայքարը թեժանում է. արդեն առաջ են քաշվում կոնկրետ դատավորների անուններ, որոնք էլ կռիվ են տալու Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ անդամների եւ, առհասարակ, դատավորների զգալի մասի նախընտրած թեկնածուն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն է: Վերջինս նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը, եւ դատական համակարգը ամեն ինչ անում է, որ ԲԴԽ-ն անցկացնի Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը: Սակայն դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարն էլ իր մտերիմ անձին է ցանկանում անցկացնել եւ նշանակել Վճռաբեկ դատարանի նախագահ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ցանկանում է այդ պաշտոնում տեսնել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանին: Սակայն դատական համակարգում խոսակցություններ կան՝ չի բացառվում, որ, վերոնշյալ դատավորներից բացի, այլ դատավորներ եւս առաջադրվեն Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Սակայն բոլոր թեկնածուներին դեռեւս մեծ փորձություն է սպասվում ՀՀ Ազգային ժողովում:
Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.8 տոկոս գնանկում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այն հիմնականում պայմանավորվել է մրգի՝ 9.9, եւ բանջարեղենի՝ 4.8 տոկոս գնանկումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկեցավ, որ մրգի շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրված գնանկումը կազմել է 9.9 տոկոս: Օրինակ՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, էժանացել է ձուկը եւ ծովամթերքը, սուրճը, թեյը եւ կակաոն: Մեկ ամսվա ընթացքում թանկացել է շաքարավազը, այն էլ՝ 9.6 տոկոսով: Նույն պատկերն է նաեւ կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում. այս դեպքում գնաճը կազմել է 4 տոկոս: Միայն ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 19.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ մսամթերքի շուկայում եւս թանկացում է արձանագրվել 1 տոկոսի չափով: Արձանագրենք, որ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում թանկացել է նաեւ ալկոհոլային խմիչքը, ծխախոտը՝ 0.1, հացաբուլկեղենն ու ձավարեղենը 0.3 տոկոսով: