ՀԱՊԿ-Ը ՊԵՏՔ Է ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ ՀՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինուժն այսօր կրկին թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 14-ին թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

 

Սակայն առաջին անգամը չէ, որ սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը դիմում է սադրանքների նաեւ Հայաստանի ուղղությամբ: Եվ յուրաքանչյուր նման դեպքից հետո Հայաստանում կրկին բարձրացվում է ՀԱՊԿ-ի դերը. ի վերջո, ինչո՞ւ այդ կառույցը չի արձագանքում Հայաստանի ուղղությամբ կատարվող դեպքերին, երբ վտանգ է սպառնում արդեն ՀԱՊԿ անդամ երկրին: Ընդ որում, օրեր առաջ անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, թե ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի, սակայն ընդգծել է, որ ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում:

Ռուսաստանում բնակվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995թթ.), 1993 թվականի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ArmLur.am-ի հետ զրույցում տեսակետ արտահայտեց, թե ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել այս գործողություններին միայն երկու պարագայում, սակայն բոլոր դեպքերում անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների քաղաքական կամքը:

«ՀԱՊԿ-ի պարագայում պետք է լինի Հայաստանի ղեկավարության որոշումը՝ այդ կառույցին դիմելու այս հարցում կարգուկանոն մտցնելու հարցով: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս ասել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր պարտավորությունները կկատարվեն, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց երբ Հայաստանի տարածք հրթիռներ են նետվում, Հայաստանի ղեկավարությունը պետք է հայտնի այդ մասին ՀԱՊԿ-ին, իսկ վերջինս էլ պետք է քայլեր ձեռնարկի, իսկ եթե այդ կառույցը առանց դիմելու էլ գիտի այդ մասին եւ, օրինակ, դիտարկում է անցկացնում, ապա գոնե պետք  է բողոքի նոտա հղեն Թուրքիային եւ Ադրբեջանին եւ զգուշացնեն, որ հակառակ դեպքում ՀԱՊԿ-ը համապատասխան քայլերի կդիմի: Այս ամենը կախված է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կամքից: Սակայն նկատենք, որ երբ Տավուշի մարզում էին ռազմական գործողություններ, ՀԱՊԿ-ը ընդհանրապես ոչինչ չասեց: Ես չգիտեմ: ՀԱՊԿ-ը ոչինչ չարեց եւ խայտառակվեց ու արժեզրկվեց, կամ էլ դեռ չեն ցանկանում խառնվել՝ մտածելով, թե Հայաստանն ինքը գլուխ կհանի»,- նշեց նա:

Հարցին՝  ի՞նչ եք կարծում, որքա՞ն երկար այս ամենը կարող է շարունակվել, Տեր-Գրիգորյանցը նշեց. «Գիտեք, ոչ ոք երբեք չի իմանում, թե ով կհաղթի պատերազմում, կամ երբ կավարտվի այն: Միշտ այդպես է եղել: Անգամ հումանիտար հրադադար եղավ, բայց պատերազմն այդպես էլ չընդհատվեց: Պատերազմի ավարտը կախված է Թուրքիայի նախագահ Էրդողանից, ահա եւ վերջ, ուրիշներին նա չի լսում: Իսկ ինչ վերաբերում է ավարտին, ապա մի քանի սցենարներ կան՝ երբ որեւէ տարածքներ կգրավեն եւ կմտածեն, որ դա բավական է, կամ էլ երբ ՌԴ-ն որոշում կկայացնի եւ կոչնչացնի սիրիացի վարձկաններին, որոնք Լեռնային Ղարաբաղում են: Դա կարող է կանգնեցնել, սակայն դա որոշում է, կամ եթե Ռուսաստանի Դաշնությունը ճանաչի նախկին համաձայնագրերը. այլ տարբերակներ չկան»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՇՈՒՏ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն (հոկտեմբերի 15-ից): Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին ստացված գրությունը՝ ՀՀ ԿԳՄՍ-ն որոշում է կայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ, նոյեմբերի 2-ից մեկնարկելիք արձակուրդի փոխարեն, հոկտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 29-ը: Դասերի վերսկսման ձեւի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը եւ շփումը: ՀՀ առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի նաեւ մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական եւ մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները եւ բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից:

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում եւ մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների եւ որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացրել շուկայում. այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: «Հարկ է արձանագրել, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ-ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Շուկան մրցակցային է, եւ չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետեւաբար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով պատերազմական դրությունը եւ խնդրի բարոյական կողմը՝ հորդորում ենք տնտեսվարողներին այս դժվարին օրերին միասնականություն դրսեւորել եւ զերծ մնալ գների բարձրացումներից»:

 

 

ՇՔԱՆՇԱՆ՝ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՆ

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի պաշտպանության բանակը հայտարարություն տարածեց՝ նշելով. «Ճանաչենք մեր հերոսներին»: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացվեց ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, որը մասնակցել է մարտական դիրքերից մեկը հետ վերցնելու գործողությանն ու հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողների՝ միջոցներ է ձեռնարկել նրանց շրջափակումից հանելու համար: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանանալուց մի քանի օր անց լսվեց ամենացավալի լուրը. երկու երեխաների հայրը հերոսաբար զոհվեց:

 

 

«ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

Դեռեւս հունիսին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մի ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Վերջինս, շատ կոշտ քննադատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, հայտարարել էր. «Թող մեկը գա, 10-12 ամիս երկիրը դուրս բերի կորոնավիրուսից, եւ զուգահեռաբար պատրաստվենք հավանաբար աշնանը սկսվող պատերազմին… Եթե ես լինեի Ալիեւի տեղը, 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա՝ կորոնավիրուսից տառապող երկիր. հնարավոր է, որ հարձակվի ոչ միայն Արցախի վրա, այլեւ Հայաստանի սահմաններին անհանգստություն լինի»: ArmLur.am-ը փորձել է Հրանտ Բագրատյանից պարզել, թե որտեղից էր նրան նման տեղեկություն, որ աշնանը պատերազմ է սպասվում, ու արդյոք իր հայտարարությունը նպաստել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն Արցախի վրա: Բագրատյանը լսեց մեր հարցերը, սակայն որեւէ ձեւով չցանկացավ պատասխանել դրանց. «Ցտեսություն»,- ասաց Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետն ու անջատեց հեռախոսը:

 

 

14 ՊԱՑԻԵՆՏ

Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ը դուրս են գրվել առողջացումով, 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Երեկ հոսպիտալացված էր 14 պացիենտ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով մինչեւ ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման եւ ախտահանման աշխատանքների ավարտը: Մանրէաբանական հետազոտության նպատակով ջրից եւ պացիենտներից վերցված նմուշներում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արցախը շարունակում է աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում մնալ: Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով: Նախաձեռնության հեղինակները՝ Սամվել եւ Զաքար Հայրապետյանները, իրենց պարտք են համարում, որ յուրաքանչյուր հայ պետք է հենց հիմա վտանգված հայրենիքի համար անի այն ամենը, ինչի հնարավորությունն ունի: Ռիանիմոբիլները հանձնվել են Արցախի առողջապահության համակարգին, կօգտագործվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կլինի:

 




Լրահոս