ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հինգշաբթի օրը տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որի ժամանակ կընտրեն Վճռաբեկ դատարանի նախագահ:

 

Գրել էինք, որ երկուշաբթի օրը Բարձրագույն խորհուրդը Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել էր հանդիպման, եւ քննարկելու էին ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Նախշուն Տավարացյանը, Վարդան Ավանեսյանն ու Սերժիկ Ավետիսյանը ներկա չեն եղել հանդիպմանը, եւ դա դատական համակարգում խոսակցությունների տեղիք է տվել, որ, ստացվում է, իրենք չեն ցանկանում լինել Վճռաբեկ դատարանի նախագահ: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ներկաներից հետաքրքրվել են՝ ինչպես են տեսնում կառույցի հետագա ճակատագիրը, ում են տեսնում որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, եւ արդյունքում էլ որոշվել է ընտրությունը կատարել հինգշաբթի օրը: Այս շտապողականությունը պատճառներ ունի. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու պետք է ներկայացնի մինչեւ հոկտեմբերի 20-ը: Գործընթացը պետք է մեկնարկեր դեռ նախորդ շաբաթ, սակայն հետաձգվել էր, եւ դատավորներն ասել էին, թե այս պատերազմական իրավիճակում սիրտ չունեն այդպիսի հարցեր քննարկելու:

Այսքանով դատական համակարգի խոսակցությունները չեն դադարում, եւ արդեն առաջ են քաշվում կոնկրետ դատավորների անուններ, որոնք էլ կռիվ են տալիս Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար: Ինչպես արդեն գրել էինք, Բարձրագույն դատական խորհուրդը երկուշաբթի օրը Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել էր հանդիպման, ի թիվս այլնի, նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը քննարկելու նպատակով: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ ԲԴԽ անդամների եւ, առհասարակ, դատավորների զգալի մասի նախընտրած թեկնածուն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն է: Վերջինս նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազը, եւ դատական համակարգը ամեն ինչ անում է, որ ԲԴԽ-ն անցկացնի Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը: Սակայն դատական համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ արդարադատության նախարարն էլ իր մտերիմ անձին է ցանկանում անցկացնել եւ նշանակել Վճռաբեկ դատարանի նախագահ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ցանկանում է անցկացնել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանին: Սակայն դատական համակարգում խոսակցություններ կան, որ չի բացառվում, որ, վերոնշյալ դատավորներից բացի, այլ դատավորներ եւս առաջադրվեն Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Սակայն ԲԴԽ-ի կողմից ընտրված թեկնածուն դեռեւս մեծ փորձություն ունի անցնելու Ազգային ժողովում: Ինչո՞ւ. Վճռաբեկ դատարանի դատավորը պետք է առաջին փուլ անցնի եւ ընտրվի ԲԴԽ-ի կողմից, որից հետո ԲԴԽ-ն նրան պետք է ներկայացնի Ազգային ժողովի դատին, որի քվեարկությունից էլ կախված կլինի՝ ի վերջո դատավորը կարող է Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալ, թե ոչ:

Երվանդ Խունդկարյանի փոխարեն Վճռաբեկի դատարանի նախագահ դառնալ ցանկացող դատավորների համար լուրջ փորձություն է սպասվում:

 

 

ՄԵԿՆԵԼ Է ԱՌԱՋՆԱԳԻԾ

Երկրապահ կամավորականների միության հերթական խումբը մեկնել է է առաջնագիծ: ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը համախմբման կոչ է արել. «Բոլորիդ  է հայտնի, թե ինչ է կատարավում մեր Արցախ աշխարհում,  որ այսօր ամեն մեկիցս է կախված  մեր երկրի ապագան։ Եթե էսօր չհամախմբվենք, չկանգնենք թուրքի դեմ, թուրքը որ մտավ մեր տուն, մեր երեխեքին փրթելու են, երեւի տեսել եք՝ ինչ է կատարվում, էդ բաշիբոզուկները ազգ չեն,  դրա համար պիտի լինենք պինդ, համախմբված, կողք կողքի, հաղթահարենք ամեն մի դժվարություն։ Եվ դրա համար մենք՝ ամեն մեկս, էսօր պարտավոր ենք կռվելու, զոհվելու, հաղթելու։ Տղե՛րք, մենք հաղթելու ենք, հաղթելու ենք,  հաղթելու ենք։ Եթե մենք չգիտակցենք,  չկանգնենք, վաղը ուշ կլինի, տղե՛րք։ Նորից եմ կրկնում՝ ամեն մեկիցս է կախված մեր երկրի ճակատագիրը, վախը մեջներիցդ հանե՛ք։ Հետադարձ ճանապարհ չկա, հետ նայել չկա, պիտի փրթենք դրանց, որովհետեւ էստեղ տղերք կան, որոնք պատերազմական անցյալ ունեն,  գիտենք, թե էդ տականքներն ինչի են ընդունակ»,- հայտարարել է ԵԿՄ վարչության նախագահը։

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը. այս մասին ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»,- ասված է հաղորդագրությունում: Նախարարությունը նշում է, որ ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլեւ Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով եւ բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի ՀՀ ԶՈՒ տրամադրության տակ եղած միջոցներով: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը եւ նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետեւանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»,- նշում է արտաքին գերատեսչությունը:

 

 

ԵՐԿՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՓՐԿՎԵԼ

Արցախի Հանրապետության Մատաղիսի շրջանում հոկտեմեբերի 13-ին՝ 10 օր պատսպարվելուց հետո, երկու զինծառայող է փրկվել. այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների վերաբերյալ վերջնական հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, որոնց իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել: Երբ տեսնում ենք, որ որեւէ մեկի մասին ինֆորմացիա ընհանրապես չկա, կամ գտնում ենք դիակը, ապա անմիջապես հայտնում ենք: Ինչը կասկածելի է լինում, մենք չենք կարող ասել»,-ասել է նա:

Օրինակ բերելով մի դեպք՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ մեկ շաբաթ առաջ հարավային ուղղությամբ երկու խմբավորում փաստացի շրջափակման մեջ էին եղել անտառներում, սակայն հետո նրանք դուրս էին եկել: «Նման դեպք էլ երեկ է եղել, Մատաղիսի ուղղությամբ 2 զինծառայող դուրս են եկել, 10 օր թաքնված են եղել անտառներում: Այս մարդկանց մասին ո՛չ մենք ենք ինֆորմացիա ունեցել, ո՛չ էլ ծնողները, բայց վերջնական ստուգումներն այսպես են ընթանում»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Նա շեշտեց, որ Ադրբեջանն իրենց զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ ցուցակներ է հրապարակել:

«Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ իրենք թաքցնում են, մենք չենք թաքցնում: Սա առաջին կոնֆլիկտը չէ, որ մենք նման քաղաքականություն ենք վարում: Մենք եւ՛ աշխարհի հետ, եւ՛ սեփական ժողովրդի հետ թափանցիկ ենք աշխատում»,- ասել է Հովհաննիսյանը:

 

 

ՆՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԴԻՐՔԵՐ

Ապրիլյան պատերազմի հերոս, ապագա բժիշկ Արթուր Գինոսյանի սխրանքների մասին շատ է խոսվել: Ստացել է բազում մեդալներ, պարգեւատրումներ՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար, ինչի մասին չի սիրում խոսել, համեստորեն նշում է, որ յուրաքանչյուր զինվորի պարտքն է: Արթուրը չգիտեր, որ Ապրիլյան պատերազմից 4 տարի անց  պետք է կրկին վերադառնա այն նույն դիրքերը, որտեղից որ վերադարձել էր հաղթանակած, քանի որ զոհասեղանին դրված է հայրենիքի փրկության հարցը: Արթուրը մահապարտ ջոկատի իր ընկերների հետ պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է առաջնագիծ, ապա վիրավորվել է թշնամու արձակած արկերից: Արթուրի հետ հայրենիքի պաշտպանության համար զինվորագրվել է նաեւ նրա հայրը, որը օր առաջ սպասում է, թե երբ է մեկնելու Արցախ որդու կիսատ թողածը շարունակելու:

Ապրիլյան պատերազմի մասնակիցը մեծ հպարտությամբ եւ հուզմունքով է հիշում, թե ինչպես է խրամատում կանգնած 18 տարեկան զինվորը անկոտրում կռվում թշնամու վարձկանների դեմ. «Իրենք էին մեզ դուխ տալիս, ոչ թե մենք»,- ժպիտով հիշում է Արթուրը:

 




Լրահոս