ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թշնամիների երկար նախապատրաստած եւ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը եւս հաղթելու ենք ռազմի դաշտում. այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։ «Այս պատերազմները եւ դրանց իրական հավանականությունը առաջ են բերում նաեւ նոր մարտահրավերներ տնտեսական դաշտում, որոնց եւս պարտադրված ենք դիմակայել հիմա եւ երկարաժամկետում: Սա առավել իրական է դարձել վերջին 3-4 տարիներին մեր թշնամի հարեւանների կողմից սանձազերծված պատերազմների հետեւանքով: Փաստ է՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների պարագայում զիջումների գնով, հեշտ եւ պարզունակ սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհ չկա:

 

Հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի հիմքը պետք է հանդիսանա հայ մարդու հավաքական անվտանգությունը: Այս հիմնադրույթը պետք է ունենա ոչ միայն իրավական եւ քաղաքական ամրագրումներ, այլ նաեւ պետք է դառնա երկարաժամկետ ռազմավարություն եւ պետք է շարունակաբար կյանքի կոչվի օրվա իշխանությունների կողմից հետեւողական քայլերով՝ ծրագրային չափելի թիրախներով ու համարժեք արդյունքներով: Մասնավորապես, պետությունն իր ինստիտուտներով եւ ողջ ներուժով պետք է դառնա այս մոդելի շարժիչ ուժը, իսկ գործող ցանկացած իշխանություն պետք է կրի իրեն տրված ժամանակահատվածի համար նախանշված արդյունքների ապահովման ողջ պատասխանատվությունը: Սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող չափելի խոստումները եւ դրանց համար լիարժեք պատասխանատվության ստանձնումը պետք է դառնան քաղաքական մշակույթի անբաժանելի բնութագիրը:

Այս պարագայում, որպես տնտեսության կենսունակության բարձրացման եւ պատերազմական իրավիճակներում կայուն դիմակայումն ապահովելու կարեւոր սկզբունքներ, պետք է որդեգրվեն տնտեսական ներքին ռեսուրսների առավելագույն ներառումը եւ դրան համարժեք երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործումը, սոցիալական ներառականության հետեւողական ընդլայնումը, «շատից շատ, քչից քիչ» սկզբունքով եկամուտների արդար բաշխումը եւ հանրային լիարժեք համերաշխության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացմանը աշխարհասփյուռ հայության, բարեկամ բազմաթիվ երկրների փոխշահավետ մասնակցության համար առաջնային հնարավորությունների ապահովումը:

Սա զարգացման երկարաժամկետ բանաձեւ է, որի գործադրման հետեւողականությունը ենթակա չէ փոփոխման, քանի դեռ պահպանվում են աշխարհաքաղաքական այս իրական մարտահրավերները: Այս բանաձեւը հնարավոր է կյանքի կոչել միայն իրապես սոցիալական պետություն կառուցելու ճանապարհով: Ի դեպ, բազմաթիվ երկրներում այն արդեն վաղուց առկա, հաջողված այլընտրանք է չկարգավորվող ազատական տնտեսվարմանը եւ պետական սոցիալիզմին:

Այս ճանապարհը բացառում է տնտեսության ինքնանպատակ, բացառապես շուկայական սկզբունքներով՝ նեոլիբերալ մոտեցումները: Այն նախ եւ առաջ պահանջում է՝ առկա ողջ ներուժի օգտագործմամբ ստացվող տնտեսական արդյունքները պետք է դառնան նյութական հիմք հայ ժողովրդի անվտանգ, ազատ եւ բարեկեցիկ կյանքի համար: Միաժամանակ համոզված ենք՝ հայկական երկու հանրապետություններն ունեն այս ճանապարհով զարգանալու բավարար ներուժ, որի մի զգալի մասը դեռեւս իրացված չէ, այդ թվում՝

  •  որպես տնտեսության լոկոմոտիվ եւ առաջնային բեւեռ՝ ռազմական արդյունաբերության եւ ՏՏ ոլորտների փոխկապված զարգացման օբյեկտիվ հնարավորությունները,
  • միջազգային չափանիշներին համապատասխան՝ հանքարդյունաբերության զարգացումը,

 

  • բնակլիմայական եւ պատմամշակութային բավարար պայմանները ինտենսիվ գյուղատնտեսության, օտարերկրյա զբոսաշրջության զարգացման համար,
  •  վերամշակող արդյունաբերության կայուն աճի առարկայական նախադրյալները,
  • որակյալ աշխատանքային ռեսուրսներն ու գիտական մեծ ներուժը,
  •  հայկական սփյուռքի տնտեսական իրական ներուժը,
  • ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի շուկաներ ազատ մուտքի հնարավորությունը,
  •  Իրանի հետ տնտեսական համագործակցության խորացման հեռանկարը, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրների շուկաների հասանելիության որոշակի արտոնությունները, որոնք գործում են Հայաստանի համար:

Ամփոփում. աշխարհաքաղաքական ներկա մարտահրավերների եւ հայ ժողովրդի համար դրա մարդակեր կոնկրետ դրսեւորումների պայմաններում սոցիալական պետության իրական կառուցումը մեր գոյատեւման միակ հնարավորությունն է: Այսպիսով, արդարացված կլինի նաեւ պետության կարգավորիչ դերը, լիարժեք կկատարվեն նաեւ պետության անունից քաղաքացիներին եւ ձեռնարկատերերին ուղղված պահանջները՝

  • արժանապատիվ աշխատել եւ սեփական քրտինքով բարելավել իր եւ իր ընտանիքի կյանքի որակը,
  •  իրականացնել ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր ու ամբողջական վճարել հարկերը,
  • դրսեւորել սոցիալական պատասխանատվություն եւ խուսափել շուկայում գերիշխող դիրքի չարաշահումներից,
  • երկրի տնտեսական առավելագույն ներուժին համարժեք՝ զարգացնել ձեռնարկատիրությունն ու ստանալ արդարացի շահույթ եւ այլն:

 

 

ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է

Սոցիալական ապահովության ծառայության փոխանցմամբ՝ կենսաթոշակը (նպաստը) անկանխիկ եղանակով ստանալու համար 2020 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին բանկ ներկայանալու ժամկետը լրացած եւ ապրիլ-սեպտեմբեր ամիսներին կենսաթոշակ ստացած կենսաթոշակառուների (նպաստառուների)՝ բանկ ներկայանալու հաջորդ ժամկետ է սահմանվել 2021 թվականի մարտի 31-ը:

Հաստատվել է նաեւ շահառուների՝ Հայաստանում լինելը բանկի կողմից տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ կամ բանկի աշխատակցի՝ Հայաստանում շահառուի գտնվելու վայր այցելելու միջոցով հաստատելու ընթացակարգը: Համաձայն այս ընթացակարգի՝

l շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց նրա՝ բանկ ներկայանալու, եթե շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է,

l բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ,

l տվյալ բանկի ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը):

Շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են շահառուի եւ բանկի միջեւ կնքված բանկային հաշվի պայմանագրով:

 

 

ՈԳԵՎՈՐԻՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՈՒՐ

Մի շատ կարեւոր եւ իրոք ոգեւորիչ տնտեսական լուր. այս մասին հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ ««Չոր» ներկայացնեմ, հետո ասեմ՝ դա ինչ է նշանակում։ Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2050 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ՝ 30 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ 20 մլրդ դրամ ծավալով: Պահանջարկը 2.5 անգամ գերազանցել է առաջարկը՝ կազմելով 50 մլրդ 123 մլն դրամ:  Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3226 տոկոս է, իսկ սահմանային եկամտաբերությունը` 9.3900 տոկոս: Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած լրացուցիչ աճուրդի ընթացքում տեղաբաշխվել է եւս 3.99 մլրդ դրամ ծավալով պարտատոմս: Տեղաբաշխումից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 26 մլրդ դրամ: Գիտե՞ք՝ սա ինչ է նշանակում. վստահություն՝ հաղթանակի ու վաղվա օրվա նկատմամբ։ Հասարակությունը 30 տարով պարտք է տալիս պետությանը: Ընդ որում, պատրաստ է 2.5 անգամ ավելի շատ տալ, քան այդ պահին պետությունը ցանկանում է վերցնել։

Հայաստանը ռեսուրսների խնդիր չունի ու չի ունենա: Այլ կարծիք ունեցող ու հույսը դրա վրա դրած որոշ երկրներ սխալվել են իրենց հաշվարկների մեջ։ Եթե պետք լինի, էլի պարտք կվերցնենք։ Եթե պետք լինի, կթողարկենք համահայկական պարտատոմսեր եւ կուղղենք դա մեր հաղթանակին ու հաղթանակից հետո զարգացմանը»,-նշել է նա:

 

 

ԱՎԵԼԱՑԵԼ Է 1039-ՈՎ

Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58 624 դեպք, որոնցից 46 713-ը` առողջացած. այս մասին ArmLur.am-ը տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարություն հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.561 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2.877 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ՝ 329 277 թեստավորում: Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1 058 նոր դեպք եւ 395 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1 039 (ավելացել է եւս 7-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 70, 82 տարեկան կանայք եւ 47, 56, 57, 62, 68 տարեկան տղամարդիկ: Բացի մեկից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան եւս 3 նոր դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 311 է: Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

 




Լրահոս