ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ՝ Ե՞ՐԲ ԵՎ Ո՞Ր ԵՐԿՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման թեման կրկին առաջին պլան մղվեց, եւ դրան նպաստեցին այդ մասին տարբեր հայտարարությունները: Մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում ասել է. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցն ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ում»: Ապա ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց. « Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության դեպքում»: Դրանից հետո էլ այս թեմային անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ասելով. «Դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղեկայման մասին, չնայած այն նախատեսված է նաեւ հարցի կարգավորման հիմնարար սկզբունքներով»: Խաղաղապահներին երեկ անդրադարձել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` շեշտելով, թե Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման համար ռազմական գերատեսչությունների գծով պետք է մշակել անհրաժեշտ մեխանիզմներ, սակայն հավելել է, թե այսօր նման աշխատանք դեռ չի կատարվում։ Իսկ, ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին «Ալ Ջազիրայի» լրագրող Բերնարդ Սմիթի հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ, Լեռնային Ղարաբաղում», Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Սակայն շատ կարեւոր է հասկանալ, թե այդ կետին հասնելու եւ կողմերի համաձայնության պարագայում որ երկրի խաղաղապահները կարող են տեղակայվել եւ սահմանի որ մասում հատկապես:  Այն պետք է պահպանի նաեւ Լեռնային Ղարաբաղի կողմից Հայաստանին սահմանակից հատվա՞ծը, թե՞ խոսքը գնում է միայն ղարաբաղաադրբեջանական սահմանում խաղաղապահների մասին եւ, որ ամենագլխավորն է, ո՞ր երկրի խաղաղապահները պետք է լինեն դրանք: Նկատենք՝ Ադրբեջանը նաեւ տարիներ առաջ էր դեմ արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը, սակայն երեկ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ասել էր, թե դրանք պետք է լինեն այն երկրներից, որոնք իրենց քայլերով նպաստում կամ ցանկանում են նպաստել խաղաղության հաստատմանը: Սակայն խաղաղապահների կազմը, կարգավիճակն ու հնարավորությունները կախված են այն համաձայնագրից եւ վստահությունից, որ կողմերը կունենան: Եվ սա է նաեւ պատճառը, որ Ադրբեջանը կողմ չի լինի խաղաղապահների անգամ ՌԴ-ից: Ռուս խաղաղապահներին դեմ են նաեւ Իրանը ու Թուրքիան: Միեւնույն ժամանակ, կարող է առաջ քաշվել Ղազախստանից խաղաղապահների տեղակայումը, ինչն էլ արդեն կարող է անընդունելի լինել ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով ոչ միանշանակ վերաբերմունքը: Ստացվում է՝ այս հարցն էլ այնքան հեշտ լուծվողներից չէ:

 

 

 

Ինչպես գրել էինք, Բարձրագույն դատական խորհուրդը երեկ որոշում է կայացրել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ առաջադրել Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, որը նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը: Սակայն վերջինս դեռ պետք է արժանանա ՀՀ ԱԺ-ի հավանությանը: «Ժողովուրդ» օրաթերթին ներքին իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել: Նկատենք՝ երեք դատավորներ՝ Արսեն Մկրտչյանը, Արգիշտի Ղազարյանն ու Արսեն Գրիգորյանը, որոնք ցանկություն էին հայտնել Վճռաբեկ դատարան գնալ որպես դատավոր, ներքին քննարկումներ են ունեցել եւ հասկացել, որ Ազգային ժողովի իշխող ուժի կողմից ընտրվելու պարագայում իրենք, այսպես ասած, պարտավորություններ են ունենալու հենց իշխող ուժի հանդեպ:  Այսինքն՝ հետագայում իշխող խմբակցության պատգամավորները կարող են այդ դատավորներից պահանջել մեղմ վերաբերվել իրենց հետ կապվող քրեական գործերի առնչությամբ, եւ ստացվում է՝ անկախ դատավորները Վճռաբեկ գնալու պարագայում ԱԺից կախված կլինեն ու, հետեւաբար, կողմնակալ: Եվ այս պարագայում նրանցից շատերը ասել են, որ չեն ցանկանում առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր:

 

 

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը կքննարկվի այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի:  Հիշեցնենք՝ թե ՀՀ դատախազությունից, թե դատարանից պահանջվել է ոչ թե դադարեցնել Գ.Կոստանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, այլ ընդամենը վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը եւ հայտարարված հետախուզումը՝ նրան հնարավորություն ընձեռնելով հատել ՌԴ սահմանը եւ հայրենիք վերադառնալ: Իսկ ո՞վ է այս գործով դատավոր Մարինե Մելքոնյանը: Վերջինս իր դատավորական գործունեությունը սկսել էր 2008 թվականից՝ սկզբում նշանակվելով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ 2016 թվականից, ՀՀ նախագահի հրամանագրով, նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նկատենք, որ նա կին դատավորներից ամենահարուստն է, որն ունի 54 հազար դոլար եւ շուրջ 14 մլն դրամ, դրամական միջոցները դրամի վերածելով՝ Մելքոնյանն ունի մոտ 40 մլն դրամ։ Բացի այդ, 2018-ի հայտարարագրում նա նշել է նաեւ մեկ մեքենա՝ Vaz 21214 մակնիշի։ Մելքոնյանը զբաղեցնում է Երեւանի հարուստ դատավորիների 7-րդ հորիզոնականը։ Թե ինչպես է այս կարողության տեր դարձել, առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք։ Նշենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ նախկին զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը պատերազմը սկսելու պահից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, առաջինը պատրաստակամություն հայտնեց անհապաղ վերադառնալու:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանիում հոկտեմբերի 20-ին նիստ է սպասվում: Օրակարգում, սակայն, արտառոց հարցեր չկան. հարցն այն է, որ ավագանու անդամներին որեւէ ձեւով չի հաջողվում տեսնել, խոսել կամ քննարկում ունենալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ու կարելի է ասել՝ նիստի օրն ավագանիները ակնկալում են տեսնել քաղաքապետին տեղում հարցեր բարձրաձայնելու համար, որոնք վերաբերում են Երեւան քաղաքին: Ըստ քաղաքապետարանում շրջանառվող տեղեկությունների՝ որեւէ մեկին չի հաջողվում քաղաքապետին հանդիպել, քանի որ վերջինս եթե անգամ ներկայանում է աշխատանքի, ապա դա անում է աննկատ՝ ոչ ոքի հետ չշփվելով, երբ քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից մեկը վերաբերում է քաղաքային տրանսպորտին. պատերազմի պատճառով շատ երթուղային տրանսպորտներ հանվել են գծից այլ նպատակով ծառայելու համար: Հիմա ավագանու անդամները սպասում են նիստին, այն հույսով, որ քաղաքապետը գոնե նիստին ներկա կգտնվի ու իրենց հուզող հարցեին պատասխան կտա:




Լրահոս