Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը եւ Պամելա Ռենդի-Վագները:
Միջնորդությունն ընդունվել է միաձայն՝ խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմից: Միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրիայի եւ ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության եւ զենքի մատակարարման դատապարտմանը եւ Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռեյնհոլդ Լոպատկայի հետ:
-Պարո՛ն Լոպատկա, Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը դեռ շարունակվում է: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է այս հարցը կարգավորվել:
-Լեռնային Ղարաբաղում էսկալացիան ցույց է տալիս, թե որքան արագ կարող է սառեցված հակամարտությունը կրկին բռնկվել երկար տարիներ անց: Ես շատ եմ անհանգստացած տարածաշրջանում շարունակվող մարտական գործողություններով, որից առաջին հերթին տուժում են քաղաքացիական անձինք: Սա վերջին տարիների ամենամեծ առճակատումն է, հենց այդ պատճառով էլ մենք երեկ Դաշնային կառավարությանը խնդրեցինք հանդես գալ կրակի անհապաղ դադարեցման կոչով առաջին հերթին քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության համար: Հաղորդագրություններ են ստացվում բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների վրա նպատակուղղված գրոհների մասին, որը միանգամայն անընդունելի է:
-Սակայն ի՞նչ կարող է տալ Ձեր կողմից ներկայացված այդ առաջարկություն-միջնորդությունը:
-Ես կարծում եմ, որ կոնֆլիկտները պետք է լուծել, ոչ թե սառեցնել: Պետք են երկարաժամկետ որոշումներ: Ռազմական առճակատումների անհապաղ դադարեցումն ու հանգստյան օրերին ընդունված հրադադարի կանոնների պահպանումն ունեն առաջնահերթ նշանակություն հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Որպես հաջորդ քայլ՝ երկու կողմերն էլ պետք է վերադառնան բանակցությունների սեղանին եւ վերսկսեն կառուցողական երկխոսությունը՝ առանց նախապայմանների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Պարզ է, որ կոնֆլիկտը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ավստրիան ունի երկխոսությունները զարգացնելու եւ կամուրջներ ձգելու հին ավանդույթ եւ վերջին տարիներին այն մշտապես հարթակ է հանդիսացել միջազգային բանակցությունների համար: Ահա թե ինչու ես վճռական կերպով աջակցում եմ այն մտքին, որ Ավստրիան առաջարկի Վիեննայում ուղիղ բանակցություններ անցկացնել կոնֆլիկտի կողմերի միջեւ, եթե երկու կողմերն էլ դա օգտակար համարեն:
-Ձեր խորհրդարանի հայտարարությունը միակը չէ. ՄԱԿ-ը, ԵՄ-ն, Մինսկի խումբը եւս կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը, սակայն ռազմական գործողությունները շարունակվում են: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ, եւ այս դեպքում ի՞նչ սպասել միջազգային հանրությունից:
-Այս փուլում կարեւոր նշանակություն ունի դեէսկալացիան: Սրա հետ կապված՝ անընդունելի է, որ տարածաշրջանային առանձին խաղացողներ կրակի վրա յուղ լցնեն՝ իրենց սեփական հետաքրքրություններին հետեւելով, փոխանակ նպաստեն իրավիճակի դեէսկալացիային: Միտքը շատ պարզ է. արտաքին կողմերը չպետք է խառնվեն, քանի որ սա շատ դժվար իրավիճակ է: Բոլորին պետք է պարզ լինի, որ այս կոնֆիկտը կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Պետք է այնպիսի լուծում գտնել, որը հավասար կերպով համապատասխան կլինի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին բարձրացնում է այն հարցը, որ պետք է ճանաչվի Արցախի անկախությունը. այն անկախ է գրեթե 30 տարի: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ մինչեւ այժմ որեւէ երկիր չի ճանաչել այն, եւ կարո՞ղ է, օրինակ, Ավստրիան նման կերպ վարվել:
-Ավստրիան չի կարող ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ մենք հավատարիմ ենք մնում միջազգային իրավունքի սկզբունքներին: Սակայն Լեռնային Ղարաբաղի համար լավ մոդել կարող է լինել ինքնավարության տեսքով լուծումը, որը պահանջում է դրսում ճնշում եւ երկարատեւ ռազմավարություն:
ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ
Արցախում սկսված պատերազմի առաջին օրերին Իրանի Իսլամական Հանրապետությունից եկող ուղերձները շատ բնական էին. ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
«Ինչպես յուրաքանչյուր երկիր, Իրանի հայտարարությունը եւս դա է, որ պետք է դադարեցնել կրակը եւ նստել բանակցությունների սեղանին: Այնուհետեւ դրան հաջորդեց նաեւ կոչը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում քննարկել են մի բանաձեւ, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին էլ, այսինքն՝ փորձեցին կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին»,- նշել է իրանագետը: Իսկանդարյանի խոսքով՝ սկզբնական շրջանում սրանք միայն կոչեր էին, որոնք հետագայում ավելի խստացան: «Ի վերջո, կարելի է ասել, որ արդեն սպառնալիքի ձեւով կոչեր հնչեցին, որ իրենք պատասխան կտան այն կողմից, որ կողմից իրենց տարածքի վրա հարվածներ կլինեն»,- հավելեց նա:
-Տիկի՛ն Իսկանդարյան, Իրանի կողմից հնչող հայտարարությունները որքանո՞վ էին կանխատեսելի:
-Առաջին օրերին ուղերձները շատ բնական ու նորմալ էին: Ինչպես յուրքանչյուր երկիր, իրենց հայտարարությունն այն էր, որ պետք է դադարեցնել կրակը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այնուհետեւ դրան հաջորդեց նաեւ կոչը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտել են բանաձեւ, որի շուրջ կարող են քննարկում ծավալել, եւ որը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ: Այսինքն՝ նրանք փորձեցին իրենք նստեցնել եւ իրենց առաջարկը ներկայացնել, սակայն սա կյանք չունեցավ: Դրանից հետո իրենք իրենց հռետորաբանությունը մի փոքր կոշտացրեցին, քանի որ Իրանի տարածք արկեր էին ընկել եւ վնասել բնակչությանը: Կոչեր արեցին՝ պատերազմող կողմերը սահմանափակվեն իրենց տարածքներում եւ ամեն ինչ անեն, որպեսզի վնաս չպատճառեն Իրանին: Հետո ավելի խստացան կոչերը, նույնիսկ անցան սպառնալիքի նման կոչերի: Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժելու իր տարածքում ահաբեկչական խմբերի առկայությանը, հենց այդ մասին որեւէ ինֆորմացիա ստացավ, ապա արագորեն կկարգավորի եւ կոչնչացնի այդ խմբերին: Հստակ մեսիջն այն է, որ Իրանի սահմանն անառիկ է, եւ թույլ չեն տալու ահաբեկչական խմբերի ներթափանցումն իրենց տարածք:
Իրանը նորից հայտարարում է, որ պատերազմով չի լուծվելու այս հարցը: Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմերին կոչ է անում շուտափույթ դադարեցնել կրակը եւ Մոսկվայում եկած համաձայնությունը կյանքի կոչել:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի եւ Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նշենք, որ հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ եւ բարեկամական բնույթով։ Հայ եւ հույն ժողովուրդները միահյուսված են դարերի խորքից եկող եղբայրական սերտ կապերով: Հունաստանը հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը, եւ Հայաստանը մեծապես կարեւորում է գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերը:
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԸ ՓԱԽԵԼ Է
Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի 3-րդ հարկում գտնվող քննիչի աշխատասենյակի պատշգամբից ձերբակալվածը դիմել է փախուստի։ Վերջինս Երեւանի բնակիչ 42-ամյա Արա Հովհաննիսյանն է եղել, ում քննիչի սենյակ էին բերել քննչական գործողություններ կատարելու նպատակով, որի ժամանակ Ա. Հովհաննիսյանի շահերի պաշտպան ներգրավված փաստաբան Կարեն Ղազարյանը կոնֆիդենցիալ իրավունքից օգտվելու համար խնդրել է քննիչին, որպեսզի իրեն եւ իր պաշտպանյալին քննիչը թողնի աշխատասենյակում՝ մենակ։ Կարճ ժամանակ անց Ա. Հովհաննիսյանի պաշտպան Կ. Ղազարյանը քննիչին հայտնել է, որ իր պաշտպանյալ, կասկածյալ Ա. Հովհաննիսյանը աշխատասենյակի պատշգամբից դիմել է փախուստի։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Ա. Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։
ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու: Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կներկայացնի Ազգային ժողով: