ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման թեման կրկին առաջին պլան մղվեց, եւ դրան նպաստեցին այդ մասին տարբեր հայտարարությունները: Մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում ասել է. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցն ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ում»:

 

Ապա ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտեց. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության դեպքում»: Դրանից հետո էլ այս թեմային անդրադարձավ նաեւ Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ասելով. «Դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղեկայման մասին, չնայած այն նախատեսված է նաեւ հարցի կարգավորման հիմնարար սկզբունքներով»: Իսկ, ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին «Ալ Ջազիրայի» լրագրող Բերնարդ Սմիթի հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ, Լեռնային Ղարաբաղում, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Սակայն շատ կարեւոր է հասկանալ, թե այդ կետին հասնելու եւ կողմերի համաձայնության պարագայում որ երկրի խաղաղապահները կարող են տեղակայվել եւ սահմանի որ մասում հատկապես:

Խաղաղապահներին երեկ անդրադարձել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` շեշտելով, թե Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման համար ռազմական գերատեսչությունների գծով պետք է մշակել անհրաժեշտ մեխանիզմներ, սակայն հավելել է, թե այսօր նման աշխատանք դեռ չի կատարվում։

Ղարաբաղում պատերազմի սկսվելուց ի վեր՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան, առաջին անգամ իրավիճակը Ղարաբաղում եւ Ղարաբաղի շուրջ քննարկել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները, ընդ որում՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Կրեմլը երեկ երեկոյան հայտնեց, որ Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել եւ մանրամասն քննարկել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմն էլ կարեւորել է հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը։ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հիման վրա հակամարտության քաղաքական կարգավորումն ակտիվացնելու օգտին։

Կրեմլը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը նաեւ լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արեւելքից գրոհայիններ ներգրավելու վերաբերյալ։ Այլ մանրամասներ Կրեմլը տվյալ թեմայի շուրջ չի փոխանցում, իսկ Անկարան ու Բաքուն շարունակում են պնդել, թե գրոհայիններ Ղարաբաղում չկան։

Հավելենք՝ ռուսական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը ասել էր, թե բանակցային սեղանին կան Մինսկի խմբի առաջարկությունները։ Այսօր Զախարովան կրկնել է, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը. «Դրանց բովանդակությունը քաջ հայտնի է՝ շրջանների փուլային ազատում, անվտանգության երաշխիքներ Ղարաբաղի բնակչության համար մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը, վստահելի կապ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ»:

Կրեմլի հաղորդագրությունում նաեւ առանձին նշված է. «Պուտինը հույս է հայտնել, որ Անկարան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի հակամարտության կարգավորման գործընթացում»։

Հիշեցնենք՝ Թուրքիան իսկապես Մինսկի խմբի անդամ է, սակայն, որպես միջնորդ, բանակցություններով զբաղվում են միայն երեք համանախագահող երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը։ Հումանիտար հրադադարի մասին համաձայնագրում բանակցությունների ձեւաչափի անփոփոխ լինելու մասին կետ նույնպես ներառված է, եւ Ադրբեջանի արտգործնախարարն այս փաստաթուղթը ստորագրել է։

Ն.Հ.

 

 

ԿՈՉՈՒՄ՝ ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

«Այսօր, իմ հրամանագրով, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,-հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն եւ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը եւ ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ համաձայնությունը հայկական եւ ադրբեջանական կողմերը ձեռք են բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվեց հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ համաձայնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին»,- ասված Է հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած կոնսուլտացիաների արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

ՀՀ արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությունների տարածմամբ պայմանավորված՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումը ԱՆ ընդունարանում, ինչպես նաեւ ժամանակավորապես փակվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը: ՔԿԱԳ գործակալությունը ընդունելու է բացառապես e-servises.moj.am էլեկտրոնային հարթակով նախատեսված ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների եւ վկայականների կրկնօրինակների դիմումները:

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ օրվա առաջին կեսին, խախտելով 09.10.2020թ. Մոսկվայում ձեռք բերված 10.10.2020թ. ժամը 12:00-ից հումանիտար զինադադարի վերաբերյալ պայմանները եւ 1949թ. օգոստոսի 12-ի՝ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւյան կոնվենցիայի պահանջներն ու միջազգային մարդասիրական իրավունքի մյուս նորմերը, ներխուժելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ, հրազենի գործադրմամբ կյանքից զրկել են ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող թվով 5 քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ հրկիզել են քաղաքացիական անձանց տներ եւ այլ շինություններ՝ այդ եղանակով անօրինական, կամայական ոչնչացնելով մեծ չափերի գույք: Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել քրեական գործ:

 

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ

Հոկտեմբերի 13-ին՝ ժ.10.58-ին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ գտնվում է Վճռաբեկ դատարանում ու պատրաստվում է ինքնահրկիզվել: Ժ.11.00-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի  դիմացից ինքնասպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել  63-ամյա Ռազմիկ Դավթյանը,  որը Վճռաբեկ  դատարանի դիմաց փորձել է ինքնասպանություն գործել հրկիզման եղանակով: Մեզ հայտնի դարձավ, որ Ռազմիկ Դավթյանը տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

ՀՀ Գեղաքրունիքի մարզի Սոթք գյուղի միջնակարգ դպրոցի սաներն անվախ են. այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ հեռավար տարբերակով են դասերն անցկացնում կամ անհատական պարապմունքներ են անում: «Իրենք կոտրվող երեխաներ չեն, ժողովուրդն էլ անմիջապես պատերազմական գոտի է, բայց, այ, տես, շատ լավ էրեխեք են: Հեռավար ենք անցկացրել դասերը: Ես չէի պատկերացնում, որ էրեխեքը անվախ են… Փաստորեն, անվախ են: Անցած տարվա ավարտած տղերքից էլ հինգ հոգի ունենք, նրանցից մեկը վիրավոր է: Իրենց զինվորներին են նամակ գրում, ոգեւորված են մեր անցած տարվա շրջանավարտներով, որոնք հիմա առաջնագծում ծառայում են, իրենց հետ կապի մեջ են»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:

 

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր է ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաեւ սահմանվել է Արցախի տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ:

«Հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը կազմակերպելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակվել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: ԱՀ տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար եւ թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետին լիազորվել է նաեւ, ըստ անհրաժեշտության, սահմանել ԱՀ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու եւ տեղաշարժվելու հատուկ կարգ եւ պայմաններ»,- նշել է ԱՀ նախագահը:

 




Լրահոս