ԴԻՄԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի հարգարժա՛ն համանախագահներ, ձեր համատեղ հայտարարությունը եւ Ռուսաստանի Դաշնության  արտաքին գործերի  նախարարի ելույթը թույլ են տալիս հանգել այն եզրակացության, որ, չնայած ՄԱԿ կանոնադրության գերակա՝ նորմին ցանկացած հակամարտւթյան կարգավորման համար ուժի կիրառման արգելքի մասին, ձեր կողմից լիովին անտեսվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ ագրեսիվ ռազմական գործողությունները, որոնք միջազգային իրավունքի դեմ հանցագործությունների նշաններ ունեն։ Այդ թվում՝ արգելված ահաբեկչական խմբավորումներից վարձկանների ներգրավումը, խաղաղ բնակիչների սպանությունները՝ բացառապես էթնիկ հիմքով, նրանց կացարանների եւ կենսապահովման քաղաքացիական օբյեկտների ոչնչացումը, զենքի արգելված տեսակների օգտագործումը եւ այլն։

 

Հումանիտար նպատակներով հրադադարի կոչը Ադրբեջանի կողմից ցուցադրաբար խախտվում է այն անթաքույց նպատակով, որ ուժով ճնշի ցեղասպանության իրական սպառնալիքի տակ գտնվող եւ անկախության իր իրավունքի համար պայքարող Արցախի ժողովրդին։ Խաղաղ ճանապարհով հիմնախնդիրը լուծելու ձեր բազմամյա ջանքերին հակադրված է կոշտ ուժը եւ միջազգային նորմերի քամահրանքը։ Ձեր անհետեւողականությունը հավասարազոր է խաղաղության, մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների խթանմանը, որոնք կատարվում են ձեր աչքերի առաջ։

Դուք հաստատ գիտեք, որ Ադրբեջանը, որը չի պահպանում նույնիսկ ժամանակավոր հրադադարը, ոչ մի դեպքում չի կատարի որեւէ պայմանավորվածության որեւէ դրույթ՝ Արցախի բնակչության անվտանգության ապահովման վերաբերյալ, որպես ipso-facto պետության, որը միջազգային նորմերին համապատասխան կայացել է այն պայմաններում, ինչը բացառում է համատեղ բնակությունը նախկին խորհրդային հանրապետության կազմում եւ սահմաններում։

Բացի այդ, դուք գիտեք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է այն տարածքներում, որոնց վերջին միջազգային իրավական կարգավիճակն Ազգերի լիգայի կողմից սահմանվել է որպես վիճելի: Նման դեպքերում XXI դարի միջազգային իրավունքն ու պրակտիկան նախատեսում է «Ճանաչում՝ հանուն փրկության» (Remedial recognition) հայեցակարգի կիրառումը:

Ես կոչ եմ անում ձեզ նախքան հնչեցված սկզբունքների շրջանակում որոշումներ կայացնելը պատասխանատվության կանչել Ադրբեջանին եւ Թուրքիային եւ դրանից հետո միայն քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ գոյության խնդիրը` հաշվի առնելով իրավական նորմերը եւ իրական քաղաքական պայմաններն ու հանգամանքները: Մնացած բոլոր մոտեցումները ձեզ կդարձնեն 1915-1923 թվականներին 1.5 միլիոն հայերի ոչնչացման համար իր մեղքն այդպես էլ չընդունած Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակության եւ նրա զինակից Ադրբեջանի մեղսակիցը:

Լարիսա Ալավերդյան` ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան»:

 

 

ԲԵԿՈՐԸ ԴԵՌ ՄԱՐՄՆԻ ՄԵՋ Է

Armlur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել: Այժմ տղան գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում, պետք է ենթարկվի վիրահատության: Նշենք, որ Նարեկ Արզոյանը այժմ սովորում է Վարդենիսի 3-րդ հիմնական դպրոցի 7-րդ դասարանում:

Armlur.am-ը զրուցել է վիրավորված տղայի հոր՝ Էդգար Արզոյանի հետ՝ պարզելու համար, թե այժմ ինչ վիճակում է իր որդին:

-Վիճակն արդեն բավարար է, նոր եմ խոսել հետը:

-Արդեն վիրահատե՞լ են Ձեր տղային:

-Դեռ չեն վիրահատել, դեռեւս պարզ չի, թե երբ կլինի վիրահատությունը: Սպասում ենք, պետք է քննարկեն, հասկանան, ասեն՝ երբ են վիրահատելու:

-Իսկ գիտակցության եկե՞լ է Նարեկը, տեսե՞լ, խոսե՞լ եք նրա հետ:

-Հա, խոսել եմ, հիմա նորմալ է: Ձենն էսօր ավելի լավ էր, ցավերն ավելի քիչ էր՝ էրեկվա համեմատ:

-Նարեկը այդ ժամին որտե՞ղ էր, ինչպե՞ս դեպքը եղավ:

-Մենք կարտոֆիլի դաշտ ունենք, էդ պահին մենք բոլորս ընդեղ էինք, Նարեկը ու իմ մյուս տղան, գնացել էինք կարտոֆիլը հավաքելու: Դաշտի մեջ էինք, ԱԹՍ-ն եկավ ու ընգավ, կպավ էրեխուն: Էդ պահին տրակտորն էր աշխատում, առաջին անգամ գնացել էինք դաշտ, որ կարտոֆիլը հավքեինք: Արդեն ինչքան ժամանակա՝ չենք կարում դաշտ գնանք, անընդհատ կրակում են դաշտերի վրա: Երեկ էր, որ առաջին անգամ գնացել էինք՝ կարտոֆիլը հավաքեինք: Մեկ էլ էդ ձենը լսեցինք ու փախանք, բայց Նարեկը վիրավորվեց. եթե չփախչեինք, կմահանայինք, մենակ Նարեկը վիրավորվեց: Վարդենիսի հոսպիտալում բուժօգնություն ցույց տվեցին ու արդեն տեղափոխեցին Երեւան:

-Իսկ ի՞նչ վիրահատության պետք է ենթարկվի Ձեր որդին:

-Դեռ պարզ չի, փայծաղն է վնասված ու սպիտակ թոքը: Հստակ բան չկա, իր վիճակից է կախված, պետք է կայունանա, որ կարողանան վիրահատել: Ասկոլկեն դեռ էրեխու մեջ է, մարմնի մեջ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 1371 ԴԵՊՔ

Հայաստանում հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 1371 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59995 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 336111, վերջին մեկ օրում` 3957 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11519 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 958-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 47119 անձ, վերջին մեկ օրում՝ 406 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1046 է:

 

 

ՑԱՎ Է ՀԱՅՏՆՈՒՄ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) Հայաստանի գրասենյակը ցավ է հայտնում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ եւ վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը: «Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա եւ բոլոր այն երեխաների հետ ենք, որոնք տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։ Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու եւ նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ»,- նշվում է UNICEF-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում բնակվող Արզոյանների ընտանիքը հոկտեմբերի 14-ին առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին՝ Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է:

 

 

ԱՎՍՏՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը եւ Պամելա Ռենդի-Վագները: Միջնորդությունն ընդունվել է միաձայն խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմից: Միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրիայի եւ ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության եւ զենքի մատակարարման դատապարտմանը եւ Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:

 

 

ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է

Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը եւ հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը դատապարտելու օգտին: Խորհրդի կողմից ներկայացված բանաձեւը պաշտպանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նմանատիպ հայտարարությունը: «Ադրբեջանական զինված ուժերը մահացու եւ առանց դրդապատճառի հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ։ Այս անխոհեմ ներխուժումն ուղղակի սպառնալիք է ինչպես Արցախում դարեր շարունակ ապրող հայերի, այնպես էլ տարածաշրջանային կայունության եւ Միացյալ Նահանգների հիմնարար շահերի, այդ թվում՝ ժողովրդավարության համար»,- ասված է խորհրդի հայտարարության մեջ։

 




Լրահոս