ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀՐԱՏԱՊ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումներ տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի միջեւ, իսկ շատ դեպքերում դրանք ուղիղ թիրախավորում են խաղաղ բնակչությանը. այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

«Արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վիրավորումներ են ստանում խաղաղ բնակիչներ: Ինչպես ինձ պարբերաբար տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, վերջիններս գտնվում են Արցախի տարբեր քաղաքներում ու գյուղերում, սակայն շարունակվող ագրեսիվ հարձակումների պատճառով բժշկական օգնության անձնակազմերը լիարժեք հնարավորություն չեն ունենում հասնել այդ վայրեր ու մարդկանց ցույց տալ անհրաժեշտ աջակցություն:

Ըստ արցախյան գործընկերոջս՝ Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են իրականացրել նաեւ շտապ բժշկական օգնության մեքենայի ու հոսպիտալի ուղղությամբ, որտեղ, պաշտոնական տվյալների համաձայն, եղել են նաեւ քաղաքացիական անձինք: Պարբերաբար հայտարարվում է զինվորականների թվում զոհերի մասին:

Երեկ տեղի են ունեցել իմ հրատապ խորհրդակցությունները Հայաստանի իրավասու մարմինների հետ, իսկ Արցախում նույնն արել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Երկու դեպքում էլ ստացվել են վճռական հավաստիացումներ առ այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում րոպե առաջ են պատրաստ դիերի ու գերիների փոխանակման, ինչպես նաեւ անթույլատրելի են համարում նման մարդասիրական հնարավորության բացակայությունը: Ուսումնասիրությունը վկայում է, որ այս պատրաստակամությունը Հայաստանում ու Արցախում մշտապես արտահայտվում է նաեւ հրապարակայնորեն:

Առկա իրավիճակը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ 1949 թվականի Ժնեւյան կոնվենցիաներում ամրագրված եւ սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող կոպիտ խախտում է: Սա խախտում է ոչ միայն վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքների, այլ նաեւ անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ:

Միանում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) Եվրասիայի տարածաշրջանային տնօրենի հոկտեմբերի 13-ի հրապարակային մտահոգություններին՝ մարդասիրական հրադադարի բացակայության եւ իրենց մարդասիրական առաքելությունն իրականացնելու պայմանների բացակայության կապակցությամբ: Մի քանի օր առաջ այս բոլոր հարցերի առնչությամբ խոսել եմ նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Կլեր Մեյթրոյի հետ:

Անհրաժեշտ է րոպե առաջ, օր առաջ դադարեցնել այս արդեն բացարձակ անմարդկային դարձած վերաբերմունքը եւ ԿԽՄԿ-ի համար ապահովել իր մարդասիրական առաքելությունն իրականացնելու հնարավորություն բոլոր կողմերում: Ընդ որում, պետք է ապահովվի այդպիսի առաքելության ոչ թե ձեւական, այլ իրական հնարավորություն»:

 

 

ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ

Սաուդյան Արաբիան չպետք է բիզնեսով զբաղվի երկրում թուրքական ընկերությունների հետ. հայտնել է Սաուդյան Արաբիայի առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը՝ եւս մեկ անգամ կրկնելով իր կոչը՝ բոյկոտել «ամեն թուրքականը»: «Ես ասացի դա պարզ եւ հստակ: Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»,- նշել է Աջլան ալ Աջլանը թվիթերյան հրապարակման մեջ:

Նրա խոսքով՝ իրենք՝ որպես քաղաքացի եւ գործարար, ոչ մի գործ չեն ունենա թուրքական բիզնեսի հետ: Սաուդյան Արաբիայի առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավարը կոչ է արել չհամագործակցել երկրում առկա թուրքական ընկերությունների հետ:

Ալ Ալջանը նշել է, որ սա «նվազագույն պատասխանն է», որը սաուդացիները կարող են տալ «շարունակաբար իրենց երկրի եւ իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների եւ թշնամանքներին ֆոնին»: Թուրքական բիզնեսների բոյկոտի մասին կոչը հնչել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել է, որ Արաբական ծոցի մի քանի երկրներ թիրախավորել են Թուրքիային, եւ հարցականի տակ էր դրել այդ երկրների գոյությունը: «Չպետք է մոռացվի, որ այս երկրները գոյություն չունեին երեկ եւ, հավանաբար, գոյություն չեն ունենա վաղը: Ինչեւէ, մենք հավերժ կշարունակենք ծածանել մեր դրոշը այս տարածաշրջանում»,- ասել էր Էրդողանը:

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ ՑՈՒՑԱՆԻՇ

«Հարգելի՛ քաղաքացիներ, այսօր մեր երկրում գրանցվել է 1371 կորոնավիրուսի դեպք. սա խիստ մտահոգիչ թիվ է»,-ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Խնդրում եմ, եղե՛ք պատասխանատու. չէ՞ որ պատասխանատու լինելն էլ է հայրենասիրության կարեւոր բաղադրիչ: Այսօր մեր երկրում գրանցվել է կորոնավիրուսի նոր 1371 դեպք: Որպես բժիշկ՝ փաստում եմ, որ սա խիստ մտահոգիչ ցուցանիշ է. խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ յուրաքանչյուրիդ խստորեն պահպանել համաճարակային բոլոր կանոնները, մենք այսօր, այս պահին չունենք իրավունք մեր Սպիտակ բանակի հերոսներին է՛լ ավելի ծանրաբեռնելու: Խնդրում եմ, գեթ մեկ րոպե անգամ մի՛ մոռացեք, որ մեր երկրում այսօր երկու մեծ պատերազմ է, եւ առաջնագիծն ամուր պահելու առաքելությունը նաեւ թիկունքում կանգնածներիս պարտքն է։ Հարգելինե՛րս, եւս մեկ անգամ խնդրում եմ, խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, որ մեր հզոր Սպիտակ բանակը կարողանա հաղթել անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին»,-ասել է Արմեն Մուրադյանը:

 

 

ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է. այս մասին հայտնել է Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է: Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նա վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտվում է անձնակազմի խիշտ ուշադրության տակ: Մարտունի քաղաքի ռմբակոծության հետեւանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,- ասել է  նա։

 

 

ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ

Ռաֆիկ Օրդոյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգեւատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար. այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։ Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաեւ մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Բաբայանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Նարեկ Ալավերդյանը՝ մարտական բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու եւ հակառակորդ 4 ԱԹՍ շարքից հանելու համար:

 

 

ԹԵԺ ԳԾԵՐ

Ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծեր՝

ռազմական դրության պայմաններում սոցիալական աջակցություն տրամադրելու եւ ստանալու համար զանգահարել 117 կամ 114, առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում այցելել ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա, թեժ գիծ` 8003, զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար Պաշտպանության նախարարության թեժ գիծ`

1 28, 8501, 8503, մարտական գործողությունների մասնակից անձանց եւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ տուժած քաղաքացիներին անվճար օնլայն հոգեբանական օգնություն ցուցաբերելու թեժ գիծ` 060 834 777:

 

 

ԿՎՃԱՐՎԵՆ

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները եւ պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից։ Այցելել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով: Հայաստան-Արցախ ելք-մուտքի եւ տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների համար զանգահարել +37447 95 42 29, +37447 94 45 29 հեռախոսահամարներով: Արցախից ժամանած քաղաքացիների փաստաթղթեր չունենալու դեպքում կարող են մոտենալ իրենց ժամանակավոր բնակության վայրին մոտ գտնվող տարածքային անձնագրային բաժին կամ Անձնագրային եւ վիզաների վարչություն (ՕՎԻՐ): Երեխաները կարող են կրթություն ստանալ ժամանակավոր կեցության վայրի ամենամոտ գտնվող դպրոցում` առանց փաստաթղթերի ներկայացման: Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձեւավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք. Երեւան, Արշակունյաց պող. 89, հեռախոս՝ +374 10 448425: Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 660054 հեռախոսահամարը:




Լրահոս