«ԱՅՍ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՎՃՌԱԿԱՆ Է». ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԱՅՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախում կատարվող ռազմական գործողությունների շուրջ զրուցել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրիկի՝ Գայանե Սահակյանի հետ:

 

-Տիկի՛ն Գայանե, լինելով Ապրիլյան պատերազմի հերոս Ադամի մայրը, այսօր տեսնելով, որ կրկին պատերազմ է, թշնամին նորից հարձակվել է մեզ վրա, ինչի հետեւանքով զոհեր ունենք, կրկին հայ մայրերը սգում են իրենց որդիների կորուստների համար, ի՞նչ զգացողություններ եք ապրում:
-Ես, ճիշտն ասած, վերապրում եմ 2016 թվականի ապրիլը եւ դրա հետ մեկտեղ նաեւ մի փոքր ուժ էլ եմ գտնում, որ տեսնեմ, թե ինչպես կարող եմ օգտակար լինել մեր բանակին, մեր զինվորներին, մեր ժողովրդին, քանի որ սա իսկապես երեւի մեր ժողովրդի Սարդարապատն է, սա մեր վերջին կռիվն է, որ պետք է հաղթենք վերջնական: Ցավոք, գեղեցիկ, պայծառ, հրաշալի երիտասարդների, տղամարդկանց, մեր հրաշալի սերուցքի կյանքի գնով, բայց պետք է հաղթենք. այլ տարբերակ պարզապես չկա:
-Այսօր Ադամի ընկերներից շատերը նորից առաջնագծում կռվում են, շատերն արդեն հերոսացել են: Ի՞նչ կասեք հերոսածին, իրենց զավակին սպասող մայրերին եւ կանանց:
-Այնքա՜ն դժվար է: Ես երեւի սպասողներին կարող եմ ասել, այն մայրերին, ովքեր սպասում են իրենց որդիներին, որը շատ դժվար բան է, բայց պետք է սպասել, պետք է սպասել՝ հանուն մեր վաղվա օրվա, հանուն իրենց ապագա երեխաների, իրենց տղաների լավ ապագայի համար, անկախ ամեն ինչից: Չեմ ուզում տարանջատել, բայց այն մայրերը, ովքեր որ արդեն որդեկորույս են, եւ նրանք, ովքեր սպասում են, ամենադաժան բանն է, բայց պետք է լինեն լայնախոհ, հասկանան, որ 90-ականներին շատ մայրեր, կանայք, քույրեր սպասեցին չորսից հինգ տարի շարունակ եւ երեւի իրենց հավատն ու սերը հոգեպես եւ ֆիզիկապես աջակցեցին իրենց զավակներին, իրենց եղբայրներին, որ մենք հաղթեցինք, իսկ այս ճակատամարտը շատ վճռական է: Ես կարծում եմ, որ պետք է աղթոքներով մենք իրենց հետ միասին աղոթենք, եւ ինչով որ կարող ենք, օգտակար լինենք, թեկուզ շատ փոքրիկ մի բանով:
-Այս դժվարին եւ ծանր օրերին յուրաքանչյուր մայր վախի զգացողություն ունի թե՛ որդու, թե՛ ամուսնու համար, որոնք կյանքի եւ մահվան կռիվ են տալիս կամ պատրաստվում են մեկնել առաջնագիծ: Դուք ինչպե՞ս եք հաղթահարում:
-Վախի զգացողությունը նորմալ մարդու, մոր, ծնողի մոտ միշտ լինում է, երեւի թե՝ ծնված պահից, երբ երեխային առաջին անգամ գրկում է, որ կարող է ինչ-որ բան այնպես չանել, թերանալ, եւ ուզում է անել իր երեխայի համար աշխարհի ամենալավագույն բանը, բայց միայն, խնդրում եմ, թող դա լինի ողջախոհության սահմաններում, դա չվերածվի ինչ-որ դեպրեսիայի, սթրեսի: Կարծում եմ, որ հավատքը պետք է շատ ավելին լինի, քան վախը:
-Տիկի՛ն Գայանե, Ձեր թոռնիկին անվանել եք Ադամի անունով. երբ գրկեցիք առաջին անգամ նրան, ի՞նչ զգացիք: Արդյոք կարողանո՞ւմ եք այն կարոտը, որը կուտակվել է այս տարիների ընթացքում Ադամի նկատմամբ, ստանալ Ձեր թոռնիկից:
-Չէ, դա մի փոքր ուրիշ զգացողություն է: Ես Ադամին շատերի մեջ եմ տեսնում, փողոցում քայլող երեխաների մեջ: Ես Ադամի մասնիկը շատերի մեջ եմ տեսնում եւ, բնականաբար, թոռնիկիս մեջ ավելի շատ եմ տեսնում: Ադամն իր տեղն ունի, իսկ Ադամ թոռնիկս էլ իր տեղն ունի: Նրա ծնունդից հետո ահագին լցվել է հոգիս, մեր տան ուրախությունն է:
-Երբ երկնային կյանքում կրկին հանդիպեք Ադամին, ի՞նչ կասեք եւ ի՞նչ կցանկանաք լսել իրենից:
-Ինձ մի անգամ էլ են նման հարց ուղղել, ես ասացի, որ կասեի՝ մինչ հանդիպում: Կգրկեի իրեն եւ կասեի, որ հպարտ եմ իրենով եւ շատ-շատ կարոտում եմ եւ սիրում, գնահատում եմ իր սխրանքը:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

«ՀԱՅԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ Է, ԱՓՍՈՍՈՒՄ Է, ՈՐ ՇՈՒՏ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ». ԺԱՆՆԱ ԲՈՒՏՈՒԼՅԱՆ
«Փառք Աստծու, Հայկի վիճակն այսօր համեմատաբար լավ է: Շատ վնասվածքներ ունի՝ ինչպես հրազենային, այնպես էլ բեկորային: Արդեն վիրահատվել է, վիճակը համեմատաբար լավ է»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանը՝ անդրադառնալով դերասան Հայկ Չոմոյանի՝ ռազմաճակատում վիրավորվելուն:

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայկի տրամադրությունը մարտական է։
«Ափսոսում է, թե ինչու է այսքան շուտ վիրավորվել. «Երանի չվիրավորվեի, մնայի, էլի կռվեի մեր տղաների հետ, հայրենիքի սահմանները պաշտպանեի»»,-նշում է նա:
Դերասանուհու փոխանցմամբ՝ նա խոնարհվում է մեր զինծառայողների մայրերի, ծնողների, նրանց ընտանիքների առջեւ եւ մաղթում է, որ հավատքը չկորցնեն, մինչեւ վերջ հավատան եւ հուսան, որ ամեն ինչ լավ է լինելու:
«Երազում եմ՝ մի ժամ շուտ այս արհավիրքն ավարտվի: Իսկ, առհասարակ, ես զզվում եմ քաղաքականությունից, քաղաքական գործիչներից եւ այն ամեն ինչից, ինչ այսօր կատարվում է»,-հավելում է Ժաննա Բուտուլյանը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԱՌԱՋՆԱԳԾԻՑ
Դերասան Գեւորգ Գրիգորյանը, որն այս օրերին առաջնագծում է, պարբերաբար գրառումներ է անում սոցցանցային իր էջերում եւ լուսանկարներ հրապարակում: Քիչ առաջ Գեւորգը նոր գրառում է արել. «Ամեն մեկս ենք պետք, մերն է, կոչեր անելու իրավունք չեմ վերապահում, բայց նենց ապրենք՝ մեր ծնողները ու երեխեքը մեզ համար չամաչեն։ Ով ի վիճակի է զենք բռնել, պետք է։
Մա՛մ ջան, սիրում եմ քեզ, հորիցս օրինակ եմ վերցրել, քեզանից դաստիարակվել, դու ես ինձ սենց դաստիարակել՝ սպարտացի, մենք չենք փախչում: Սրտաճմլիկ բաներ չեմ ասում, ոչ էլ հաջող եմ անում, հետ եմ գալու, ով էլ հետս եկել է, բերելու եմ տուն. երբ վերջին կրակոցը կլինի, մենք կգանք տուն նույն «սաստավով»։
Հետ գամ, 6 երեխա եմ ունենալու:
Մենք հասանք… ու, հա, մարդ կա, որ իր սերն ինձ դժոխքից էլ կգտնի, կբերի….»:

 

ԿՐԿՆԵԼ Է ՏՊԱՎՈՐԻՉ ՌԵԿՈՐԴ
«Ռենի» կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան, Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցելով Խորվաթիայի դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի խաղին (2:1), կրկնել է տպավորիչ ռեկորդ: Դա 17-ամյա ֆուտբոլիստի երրորդ խաղն էր Ֆրանսիայի հավաքականում: 1910 թվականից հետո Կամավինգան առաջին ֆուտբոլիստն է, որը Ֆրանսիայի հավաքականի կազմում 3 հանդիպում է անցկացնում մինչեւ18 տարեկանը: Նախկինում դա հաջողվել էր միայն Դանիել Մարսյեին. հաղորդում է France Football-ը:
Ավելի վաղ Էդուարդու Կամավինգան դարձել էր 1914 թվականից հետո Ֆրանսիայի հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա ազգային թիմում գոլերի հաշիվը բացել էր Ուկրաինայի հավաքականի հետ ընկերական խաղում (7:1), որը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին:

 

 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ
Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը եւ ամերիկացի Ջաստին Պորյեն փոխհամաձայնության են եկել մենամարտի անցկացման վայրի ու ժամկետների հարցում: Սպասվում է, որ մենամարտը տեղի կունենա 2021-ի հունվարի 23-ին: Իռլանդացին թվիթերյան էջում հայտնել է, որ ցանկանում է մենամարտել ամերիկյան ֆուտբոլի «Դալաս Կովբոյզ» ակումբի տնային ստադիոնում: Մարտիկներին մնում է միայն որոշել, թե որ քաշային կարգում է անցկացվելու մենամարտը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը եւ Ջաստին Պորյեն հանդիպել են նաեւ 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

 

 

ԴԺԳՈՀ ԵՆ ԵՂԵԼ
Պերուի հավաքականի երկրպագուները խիստ դժգոհ են մնացել բրազիլացիների դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման մրցավարությունից: Պերուացի ֆանատները ցանկացել են վրեժխնդիր լինել չիլիացի մրցավար Խուլիո Բեկունյանից, որն այդ մրցավեճում 2 անգամ 11 մետրանոց հարված էր նշանակել Պերուի հավաքականի դարպասին, ինչպես նաեւ դաշտից հեռացրել էր տանտերերի խաղացողներից մեկին: Ֆանատների սպառնալիքներից հետո ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել ամբողջ գիշեր հսկել այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել էր Խուլիո Բեկունյանը:
Հիշեցնենք, որ այդ խաղում Բրազիլիայի հավաքականը 4:2 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հեթ-տրիկի շնորհիվ:

 

 




Լրահոս