Լուսանկարն արվել է Երեւանում
Չնայած վերջին օրերին կորոնավիրուսի մեծ թվերին՝ հասարակական տնասպորտը, ահա, այսպիսին է։ Մարդկանց հորդորում են կրել դիմակ, բայց, դրանից բացի, այլ վերահսկողություն չկա. հասկանալի է, որ այս գերբեռնված երթուղայինի մեղավորները քաղաքացիները չեն։ Կոչ ենք անում պատկան մարմիններին արթնանալ քնից, քանզի երկիրը պատերազմի մեջ է, իսկ կորոնավիրուսի թվերն էլ մեծ տեմպերով ավելանում են։
ՎԱՐԿԱՅԻՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ կարող է արդյոք բանկը առանց որեւէ պատճառաբանության մերժել վարկի տրամադրումը: Ուզում եմ կոնկրետ տեղեկանալ, թե ինչի հիման վրա կարող են մերժել վարկի տրամադրումը:
Սուսաննա Մելիքյան (41 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մելիքյան հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, եւ եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` վարկատուն, գնահատելով դիմողի վարկունակությունը՝ վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում կայացնում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ում է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը եւ որ դեպքերում:
Դիանա Առաքելյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային,
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,
3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,
4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում,
5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում:
շարունակելի
Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, նշենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ: