2020 թվականի սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները:

Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով, իսկ 2019 սեպտեմբեր ամսվա համեմատությամբ` 15.6 հազարով: Միաժամանակ, 2020 թվականի սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է նաեւ ընդհանուր հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 126 մլրդ դրամ` նախորդ տարվա 114.6 մլրդ դրամի փոխարեն:

Դրան զուգահեռ` 2020 թվականի սեպտեմբեր ամսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է նաեւ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան), կազմելով շուրջ 199 հազար դրամ` նախորդ տարվա 186 հազար դրամի փոխարեն:

Հատկանշական է, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվն աննախադեպ է եւ Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:

Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսեւորող հարկ վճարողներին եւ ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:

Կոմիտեն, միաժամանակ հիշեցնում է, որ ցանկացած գրանցված աշխատատեղ ձեւավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը:




Լրահոս