ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի լրումն դեռևս հոկտեմբերի 7-ին գրությունների, դիմել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազներին, ԻԻՀ գլխավոր դատախազին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահին և ԵԽ անդամ պետությունների դատախազությունների գործընկերներին՝ տեղեկացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված մարդու հիմնարար, մարդասիրական իրավուքնների տոտալ և կոպտագույն խախտումների, խաղաղ բնակչությանն ու բնակավայրերն ընդհուպ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով թիրախավորելու, բազմաթիվ մարդկանց տեղահանվելու, գերիներին, ռազմագերիներին, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինները խոշտանգումների ենթարկելու փաստերի մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազն իր խորը մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային Թուրքիայի ուղղակի ներգրավվածության, ինչպես նաև վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրման և ռազմական գործողություններին ադրբեջանական զինուժի կողմից նրանց ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացի հակամարտության խորացումից, նաև լրջագույն սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար:
Նշելով, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից միջազգային ահաբեկչության փաստով հարուցվել է քրեական գործ՝ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների վարձկանների՝ ռազմական գործողություններում ներգրավվածությունը հաստատվել է նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով ու փաստական տվյալներով՝ հավելելով, որ ըստ բաց աղբյուրներով ստացվող տեղեկատվության, հակամարտության գոտի ահաբեկչական նոր խմբավորումների տեղափոխման գործընթացը շարունակվում է:
Արթուր Դավթյանն իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության, համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից այս փաստերի նկատմամբ պահպանվող լռությունն ու անտարբերությունն Ադրբեոջանի և Թուրքիայի կողմից դիտվում են որպես միջազգային իրավունքի խախտմամբ սկսած ագրեսիան շարունակելու թույլտվություն: Վերջինս ոչ միայն հղի է սանձազերծված ագրեսիվ պատերազմի շարունակականությամբ, այլ նաև սպառնում է տարածաշրջանը միջազգային ահաբեկչության հիմնական օջախներից մեկի վերածվելու իրատեսական սպառնալիքով:
Գրություններին կից ներկայացվել են ռազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավվածության մասին վկայող՝ ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ գտնվող տվյալները:
Ելնելով վերոնշյալից` ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով խորացնել համագործակցությունը տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ փոխանցելով դրան բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը: