Հայաստանի տարածքում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մշտապես բարձաձայնվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը, որն իր անդամ երկրի վրա ագրեսիայի դեպքում պետք է համապատասխան արձագանք ցույց տա: Սակայն, բացի ՀԱՊԿ համաձայնագրում առկա պատավորություններից, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հանդեպ պարտավորություններ ունի նաեւ հայ-ռուսական պայմանագրով, որի շրջանակներում էլ Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը: Այն Հայաստանում ստեղծվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա: 2010թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Արձանագրության համաձայն՝ ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչեւ 2044թ.: Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունն այն դարձրեց 49 տարի: Բացի այդ, արձանագրության համաձայն՝ ընդլայնվում էր ռազմակայանի աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտը: Եթե մինչ այդ ռազմակայանի գործառույթները սահմանափակվում էին նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը համաձայնագրի տեքստից հանվեց: Ռուսական կողմը Հայաստանի ռազմական անվտանգությունը համատեղ ապահովելու եւ հայկական զինուժն արդիական զինատեսակներով սպառազինմանը սատարելու պարտավորություն ստանձնեց: Նորացված պայմանագրի 3-րդ հոդվածում ասվում է. «Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:
Նշված նպատակներին հասնելու համար ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը արդիական եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»: Ստացվում է՝ բացի ՀԱՊԿ համաձայնագրից, Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ-ի նկատմամբ ունի նաեւ այլ պարտավորություններ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը երեկ լիազորությունների դադարեցման մասին դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Մենք տեղեկացանք, որ նրա լիազորությունները կդադարեն երկուշաբթի, որից հետո վերջինս կնշանակվի արդարադատության փոխնախարար: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի 5-ին գրել էր, որ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանի՝ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո այդ պաշտոնին հենց Արմեն Հովհաննիսյանն է նշանակվելու: Իրավապահ համակարգում նրան բնորոշում են որպես խելացի եւ բանիմաց դատավորի, թեեւ նա ընդամենը վերջերս է դատավոր նշանակվել: Դատավորի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականի փետրվարի 26-ի հրամանագրով է նշանակվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ էլ՝ 2014 թվականից 2019 թվականը, աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ նախ՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, ապա՝ իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ եւ կեղծիք է տարածում ոչ միայն ռազմի դաշտում իրադրության, այլեւ բանակցային գործընթացի մասին՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Ի՞նչ ունենք այս ընթացքում. 1997թ.-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել եւ քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր: Փաստացի վերջին փաստաթուղթը, որը քննարկել են կողմերը եւ փորձել հասնել դրա ստորագրմանը, եղել է «Կազանի փաստաթուղթը», որը հիմնված էր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վրա, սակայն այն չի ստորագրվել Ադրբեջանի կողմից: 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծումն ավելի է մեծացրել Ադրբեջանի վրա միջնորդների ճնշումը՝ որպես պատասխան իր ապակառուցողականությանը, եւ Ալիեւը ստիպված է եղել գնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածություններին՝ հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: 2016-2018թթ.-ին բովանդակային բանակցություններ, կարելի է ասել, գրեթե չեն եղել: Տարածքների վերադարձի հարցը դիտարկվել է բոլոր փաթեթներում եւ առաջարկներում: Սկզբունքայինը «ինչի դիմաց»-ն է՝ խաղաղությա՞ն, անորոշ հեռանկարի՞, կարգավիճակի որոշման հստակ համաձայնեցված մեխանիզմի՞, թե՞ անկախության ճանաչման: Նշված փաթեթներից ոչ մեկն իդեալական չի արտահայտել հայ ժողովրդի իղձերն ու երազանքները:
Ծաղիկների գները բարձրացել են: Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներն ահազանգում են այս խնդրի մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Չարբախում գտնվող ծաղկի շուկայի պատասխանատուները զգուշացրել են առեւտրականներին, որ ծաղիկների գներն այս օրերին չբրաձրացնեն, այլ վերադառնան հին գներին, հակառակ դեպքում շուկայի ղեկավարությունը կբարձրացնի տաղավարների վարձերը: Իրենք՝ ծաղկավաճառները, մեզ հետ զրույցում արդարացան՝ նշելով, որ մեղավոր չեն, արդեն մի քանի օր է՝ ծաղիկները ջերմոցատերերից ստանում են բարձր գներով: Բայց, մյուս կողմից, ջերմոցատերերն են հայտնվել անհարմար դրության մեջ. չէ՞ որ ջերմոցային տնտեսությունների համար հուլիսի 19-ից բարձրացել է գազի գինը: Բացի այս, ամռան ամիսներին կորոնավիրուսի եւ հայտարարված արտակարգ դրության հետեւանքով ծաղկի իրացման ծավալները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ջերմոցատերեր են գտնվել, որոնք իրենց ծաղկի ջերմոցները քանդել կամ դրանց փոխարեն այլ մշակաբույս տնկել: Չմոռանանք՝ թեմայի մեջ հայտնվել է նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, սակայն անպտուղ: Այս կառույցը բավարարվել է միայն ջերմոցատերերին հորդորելով այս պայմաններում չբարձրացնել ծաղկի գները: Ընդամենը: