ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՑՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Արցախում տիրող իրավիճակի շուրջ զրուցել է ամերիկացի քաղաքագետ Ստեֆան Էբերտի հետ։

 

-Պարո՛ն Էբերտ, ըստ Ձեզ՝ ինչու՞ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական  գործողությունները  հիմա վերսկսվեցին:

-Իմ կարծիքով՝ այնտեղ իրավիճակը միշտ պատրաստ է եղել դրան, իսկ հաշվի առնելով Կորոնավիրուսի պատճառով ներկայումս ստեղծված խառնաշփոթը, ԱՄՆ-ի դերի փոփոխությունն աշխարհում Թրամփի պատճառով, Թուրքիայի պատրաստակամությունը բացահայտ ներգրավվելու կոնֆլիկտի մեջ, այն դեպքում, երբ աշխարհը զբաղված է այլ հարցերով, այս ամենը Ադրբեջանին շարունակելու շանս տվեցին։

-Ո՞րն է այստեղ ԱՄՆ-ի դերը, կմնա՞ չեզոք, թե՞ ոչ։ Եվ ի՞նչ կասեք Ռուսաստանի Դաշնության դերի մասին։

-Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա մեր միակ հետաքրքրությունն այն է, որ Ռուսաստանի համար բարդ լինի իր սահմանների շուրջ՝ լինի դա Ուկրաինան, Բելառուսը,  թե Ղրղզստանը. մենք կա՛մ ֆինանսավորում ենք, հովանավորում, խրախուսում, կա՛մ այլ կերպ աջակցում: Սակայն Թրամփի ռեժիմի իշխանության պայմաններում այս պահին արտաքին հիմնական շահերն այն բաներն են, որոնք ուղղակիորեն օգուտ են բերում Թրամփի կլանին եւ/կամ օգնում են նրան ընտրվել: Ես ներկայումս ոլորտում չեմ տեսնում շատ բան, որը կհետաքրքրի նրան այս պահին, այնպես որ ռազմական գործողությունները դադարեցնելու սովորական կոչից այն կողմ այլեւս գործողություններ չկան: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ինձ թվում է, որ չնայած Ռուսաստանը, կարծես թե, ավելի շատ ընդհանուր շահեր ունի Հայաստանի հետ (օրինակ ՝ ՀԱՊԿ), Ռուսաստանը շատ արդար մոտեցում է ցուցաբերել եւ ակնհայտորեն ավելի արդյունավետ էր գոնե կողմերին մերձեցնելու հարցում: Հայաստանում ընդդիմության արեւմտամետ առաջնորդի ընտրությունը, հավանաբար, սահմանափակել է Ռուսաստանի կիրքը՝ ավելի շուտ ներգրավվելու Հայաստանի կողմից: Բայց  Նիկոլ Փաշինյանը հստակ պատրաստ է այժմ ընդունել ցանկացած օգնություն, որը նա կարող է ստանալ Ռուսաստանից կամ որեւէ մեկից արեւմտյան կամ քրիստոնեական աշխարհից:

-Իսկ կարո՞ղ է Եվրոպական միությունը որեւէ դեր խաղալ այդ դեպքում՝ ի դեմս Ֆրանսիայի եւ Գերմանիայի։

-Ես չեմ տեսնում, որ ԵՄ-ն այստեղ մեծ դեր է խաղում Ֆրանսիայի կամ Գերմանիայի անունից, այլ հակառակը: Այսինքն՝ կրկին ԵՄ-ն բավականին զբաղված է Covid-ով եւ  այլ խնդիրներով, մինչդեռ Ֆրանսիան եւ Գերմանիան կարծես պատրաստ են գոնե ավելին ներգրավվել դիվանագիտական առումով: Եվրոպան, սակայն, շահագրգռված է, որպեսզի Թուրքիան չընդլայնի իր ազդեցության ոլորտը: Բայց որքանով դա ենթադրում է համաձայնություն Պուտինի կամ Ռուսաստանի հետ (ինչը շատ հստակ էր այդ նպատակին հասնելու հարցում), նրանք այժմ կարող են գործել այնքան ագրեսիվ, որպեսզի ուժեղացնեն Ռուսաստանի ձեռքը: Նկատենք նաեւ, որ, իհարկե, հայերի հսկայական եւ  ազդեցիկ սփյուռք կա ԱՄՆ-ում՝ հատկապես Արեւմտյան ափին, Լոս Անջելեսում եւ հարակից տարածքում: Օրերս մոտ 10-20,000 մարդ հավաքվել էր երթի: Ընդհանուր առմամբ, ամերիկյան հասարակությունը ոչինչ չգիտի այս ոլորտի մասին եւ, հավանաբար, չի տրամադրում առկա քաոսը (Քովիդ, Թրամփ, ընտրություններ եւ այլն) որեւէ գործողություն պահանջելու համար: Սա չի նշանակում, որ մեր լրատվամիջոցները չեն լուսաբանել դա, այլ, հակառակը, լուսաբանումը եղել է բավականին օբյեկտիվ՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի վաղեմի հարցը։

-Այդ դեպքում ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը։

-Ցավոք, ես միայն շանս եմ տեսնում երկարաձգել հրադադարը, ինչպես կա, եւ վերադառնալ «փակուղային» ստատուս քվոյին: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի պատրաստվում հրաժարվել անկախ կարգավիճակից եւ տարածքներից (ինչ ձեւով էլ լինի), եւ ոչ էլ հավանական է, որ Հայաստանը հրաժարվի դրանցից: Առնվազն Ուկրաինայից մենք բոլորս տեսնում ենք այն ողբերգական արդյունքները, թե ինչ է տեղի ունենում, երբ մի էթնիկ / մշակութային խմբին մյուսը թույլ է տալիս կուլ տալ՝ չնայած եղբայրներ լինելու հիմար գաղափարին:

-Իսկ ի՞նչ դեր ունեն այստեղ Թուրքիան եւ նրանց կողմից ուղարկված  վարձկանները: Որքա՞ն վտանգավոր է Սիրիայից վարձկանների տեղափոխումը Կովկաս:

-Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա  միջազգային հանրության կողմից պետք է կասեցվի նրանց՝ ադրբեջանական կողմից պատերազմին եւ բռնությանն աջակցելու քայլերը: Դրա համար կպահանջվի ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից համատեղ ջանք, ճնշում: Չնայած այնտեղ սիրիացի մարտիկների թիվը կարող է այդքան մեծ չլինել, որպեսզի մեծապես ազդի արդյունքի վրա, սակայն միայն այն փաստը, որ նրանք կարող են  Թուրքիայի կողմից ներքաշվել բախման մեջ, միայն կմեծացնի  կրքերը եւ լարվածությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ (Քրիստոնեական երկրներ եւ մահմեդական Մերձավոր Արեւելք):

-Հայաստանի իշխանությունները կոչ են անում օտարերկրյա պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը: Հիմա  դա իրակա՞ն է։

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանաչումը 30 տարի չի եղել, դա այնքան էլ ռեալ չէ։ Սակայն ուշադրություն դարձրեք, որ, միեւնույն ժամանակ, հարցի լուծում կարող  են լինել խաղաղապահ ուժերը, ամենայն հավանականությամբ, խոշոր խաղացողների կողմից, ինչպիսին են ԵՄ-ն ու Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ ԱՄՆ-ի պարագայում մենք հանդես ենք գալիս ինքնորոշման օգտին միայն այն դեպքում, երբ այն մեր օգտին է եւս։

-Կարծում եք՝ երկարատե՞ւ պատերազմ է լինելու։

-Ես վախենում եմ, որ դա դեռ երկար կշարունակվի։ Պատերազմ՝ ժամանակ առ ժամանակ ընդհատվելով տարբեր հրադադարի ռեժիմներով: Ես տեսնում եմ, որ եւս 30 տարի խնդիրը չի լուծվի, թեկուզ ոչ ուղղակի պատերազմ, բայց, իհարկե, շատ թշնամական հակասություն:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Արցախի ու Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ Ադրբեջանի հարձակումները, հրետակոծություններն ու խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ Ադրբեջանը բացահայտորեն հրաժարվում է հոկտեմբերի 10-ին ստորագրած հումանիտար հրադադարի համաձայնագրից. այսօր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Թեեւ հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետեւում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը: Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողություններում դիտավորյալ թիրախավորվում է Արցախի խաղաղ բնակչությունը՝ այդ ցեղասպան քաղաքականության մեջ տարբերակում չդնելով ռազմական օբյեկտների եւ քաղաքացիական բնակչության միջեւ: Ադրբեջանի զինված ուժերի եւ վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, ավելի քան 106 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ, նրանցից 86-ը՝ ծանր վիրավորում:

Ագրեսիայի հետեւանքով կտրուկ աճել է հարկադրաբար տեղահանվածների թիվը: Դժվար է ներկայացնել, թե ինչ մեծ վնաս է պատճառվել Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքներին»,-ասել է Մնացականյանը:

 

 

ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄՈՏ

Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով անտարբեր չլինել Արցախում տեղի ունեցող դեպքերին ու կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ: Նրանց համար անհասկանալի է, թե ինչու է լռում ՄԱԿ-ը, երբ հակառակորդը սպանում է հայ գերիներին եւ տեսանյութերն ու լուսանկարները տարածում համացանցում որպես պարծանք: Ակցիային մասնակցել է նաեւ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, որը նշել է, որ տարիներ շարունակ համագործակցել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հետ՝ հավատալով, թե վերջինս իսկապես մտահոգ է երեխաների իրավունքների պաշտպանությամբ, սակայն այժմ ականատես է լինում ՄԱԿ-ի անտարբերությանը: Մասնակիցները արձանագրել են, որ այս քայլը հերթական անգամ փաստում է, որ միջազգային կառույցները լուռ են եւ անտարբեր Արցախում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ:

 

 

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԲԵՆԶԻՆՆ ԷԺԱՆԱՑԵԼ Է

Այս տարվա հոկտեմբերի 12-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.01 դոլար: ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված ցանկից տեղեկացանք, որ, հոկտեմբերի 12-ի տվյալներով, Վենեսուելայում այն կազմել է 0.02 դոլար: Մյուս կողմից՝ նկատենք, որ բենզինն ամենաբարձր գինն ունի Հոնկոնգում` լիտրը 2 դոլար 26 ցենտ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 3.9 եւ դիզելային վառելիքի 1.8 տոկոս գնաճ: Բայց եթե այս տարվա սեպտեմբերի տվյալները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կնկատենք, որ ե՛ւ բենզինի, ե՛ւ դիզելային վառելիքի գները բավականին նվազել են: Ստացվում է, որ մեկ տարում բենզինի մեկ լիտրի գինն էժանացել է՝ 410 դրամից դառնալով 340 դրամ, իսկ մեկ ամսում այն թանկացել է՝ 260-270 դրամից դառնալով 340 դրամ: Այսօր հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 340 դրամով, պրեմիում տեսակի բենզինը՝ 360 դրամով: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում: Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 200 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 340 դրամ, Ռուսաստանում՝ 300 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 230 դրամ: Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է հավասար գներով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վրաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 340 դրամ:

 




Լրահոս