Հայաստանի եւ Արցախի նախկին ղեկավարներից ոչ մեկը չի ստորագրել կարգավորման որեւէ փաստաթուղթ: 1992թ.-ից ի վեր ստորագրվել է բացառապես 1994-1995թթ. Հրադադարի եռակողմ համաձայնագիրն ու դրա ամրապնդման միջոցառումները:
1997թ.-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել եւ քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր: Առաջին երեք դեպքերում (1997-1998թթ) Արցախը մնում էր Ադրբեջանի կազմում, եւ միայն 2009-ին հանրայնացված Մադրիդյան սկզբունքներով է նախատեսված Արցախի կարգավիճակի որոշում հանրաքվեի միջոցով:
Փաստացի վերջին փաստաթուղթը, որը քննարկել են կողմերը եւ փորձել հասնել դրա ստորագրմանը, եղել է «Կազանի փաստաթուղթը», որը հիմնված էր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վրա, սակայն այն չի ստորագրվել Ադրբեջանի ապակառուցողականության պատճառով: Ինչպես իր հոդվածում նշել էր ՀՀ ԱԳ նախկին նախարար Է. Նալբանդյանը, դրանից հետո սեղանին փաստաթուղթ չի եղել, բանավոր մտքեր են պարբերաբար փոխանակվել:
2016թ.-ի Ապրիլյան պատերազմի նախաշեմին սկսեց խոսվել «Լավրովի պլանի» մասին, որը ենթադրում է փուլային կարգավորում: Սակայն այն երբեւէ հստակ ձեւակերպված փաստաթղթի տեսք չի ստացել, հայկական կողմերն էլ դրա վերաբերյալ կարծիք չեն արտահայտել: Դրա փոխարեն հայկական կողմերը մշտապես շեշտել են կարգավիճակի հարցի լուծման առաջնահերթությունը:
2016թ.-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծումն ավելի է մեծացրել Ադրբեջանի վրա միջնորդների ճնշումը՝ որպես պատասխան իր ապակառուցողականությանը, եւ Ալիեւը ստիպված է եղել գնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածություններին՝ հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: Զուգահեռ 2016թ.-ի հոկտեմբերին Ալիեւը խոստովանել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, ինչը նշանակում է, որ առաջարկվող կարգավորման տարբերակը ենթադրել է կարգավիճակի հարցի կարգավորում՝ ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, այսինքն՝ Արցախի անկախության հռչակմամբ եւ ճանաչմամբ:
2016-2018թթ.-ին բովանդակային բանակցություններ, կարելի է ասել, գրեթե չեն եղել:
Եվ մի քանի ընդհանուր դիտարկում.
Տարածքների վերադարձի հարցը դիտարկվել է բոլոր փաթեթներում եւ առաջարկներում: Սկզբունքայինը «ինչի դիմաց»-ն է՝ խաղաղությա՞ն, անորոշ հեռանկարի՞, կարգավիճակի որոշման հստակ համաձայնեցված մեխանիզմի՞, թե՞ անկախության ճանաչման:
Նշված փաթեթներից ոչ մեկն իդեալական չի արտահայտել հայ ժողովրդի իղձերն ու երազանքները, բայց շատ դեպքերում բանակցելն ու կառուցողական լինելը շատ ավելի մեծ դիվիդենտներ է տվել հայկական կողմերին՝ թույլ տալով կանխել պատերազմը եւ շարունակական ու հետեւողական աշխատանքի արդյունքում քայլ առ քայլ է՛լ ավելի բարձրացնել մեր պահանջների նշաձողը:
Ներկայիս պատերազմական իրավիճակում, երբ Ռուսաստանի ջանքերով ձեռք է բերվել հրադադար հաստատելու պայմանավորվածություն, սակայն այն ցինիկաբար չի պահպանվում Ալիեւի կողմից, եւ Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ նորանոր սադրանքների է գնում, չի կարող չկարեւորվել պայքարի տեղեկատվական բաղկացուցիչը:
Ալիեւը գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ եւ կեղծիք է տարածում ոչ միայն ռազմի դաշտում իրադրության, այլեւ բանակցային գործընթացի մասին՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Լավրովն իր հերթին վերջին հարցազրույցում, կարծես բացահայտելով շատ հարցեր, չբացեց Արցախի կարգավիճակի հետ կապված փակագծերը, չնայած այսօր դա շատ անհրաժեշտ է:
Ն.Հ.
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արա Այվազյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Է
Միջազգային հանրությունը մինչեւ հարցի կարգավորման բովանդակությանն անցնելը հստակ պետք է արձանագրի թուրքաադրբեջանաահաբեկչական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա. այս մասին շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիտարկմանը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ժխտում են, որ Լեռնային Ղարաբաղում կան Սիրիայից եկած վարձկաններ, ինչ կոնկրետ ապացույցներ ունեք, Փաշինյանը պատասխանել է. «Այդ ապացույցներն արդեն հրապարակված են: Կան տեսանյութեր, որոնք հատուկ ծրագրերի միջոցով նույնականացվել են տեղանքի հետ, եւ հիմա արդեն ապացուցված փաստ է, որ այդ տեսաձայնագրություններն արվել են պատերազմական գործողությունների օրերին առաջնագծում: Եվ հենց սիրիացի ահաբեկիչներն իրենք են արել այդ տեսանյութերը, որոնք ինչ-ինչ ձեւերով արտահոսել են եւ հայտնվել համացանցում, ու հիմա գործնականում ամբողջ համացանցը հեղեղված է այդպիսի նյութերով. գործնականում սա ապացուցված է: Այդ փաստը պաշտոնապես ընդունել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը եւ այլ երկրներ: Եվ հիմա հարցի կարգավորման համատեքստում ես շատ կարեւոր եմ համարում, որ միջազգային հանրությունը մինչեւ հարցի կարգավորման բովանդակությանն անցնելը հստակ արձանագրի թուրքաադրբեջանաահաբեկչական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա»:
ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԵՐԵՎԱՆ
Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդին հայրենիքի սահմանները պաշտպանելիս՝ թշնամու դեմ մղվող ծանր մարտերի ընթացքում, զոհվել է, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել։ Նա գիշերը վիրահատվել է։ Վիրավորումը ծանր է, բայց վիճակը կայուն է: Ըստ Արայիկ Աղաբաբյանի՝ պատերազմի երկրորդ օրը Ռուստամ Գասպարյանը որդու հետ կամավոր մեկնել էին ռազմաճակատ։ Նշենք, որ ազատամարտիկը Արցախից տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Առողջական վիճակը բարելավվելուց հետո նրան կտեղափոխեն Երեւան։
ԱՌՑԱՆՑ ԵՂԱՆԱԿՈՎ
Վերջին օրերին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն։ Հաշվի առնելով առկա լարված համաճարակային իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել առցանց եղանակով։ Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի հրամանով՝ հաստատվել են ինչպես պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, այնպես էլ մի շարք այլ տնտեսական գործունեություն ծավալելիս աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները։ Համաձայն հանրապետությունում գործող սանիտարական կանոնների՝ հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացվում է հեռավար եղանակով՝ միաժամանակ ապահովելով գործառույթների անխափան իրականացումը: Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել կորոնավիրուսային հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց:
ՊՆ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ եւ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաեւ կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: ՊՆ հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց հայտարարություններում եւ կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի եւ այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»:
ՊՈՒՏԻՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է անվտանգության խորհրդի անդամներին եւ քննարկել նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը. այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ղարաբաղում տեղի ունեցող իրավիճակի մասին ինֆորմացիան նախագահին փոխանցել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: