ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր, արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Վիտալի Միլոնովը երեկ ժամանել է Արցախ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին հանդիպելուց զատ Պետդումայի պատգամավորը նաեւ եղել է Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում:

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել էր. «Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների եւ արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի եւ ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաեւ ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարեւոր դերակատարությունը հակամարտության կարգավորման եւ երկարատեւ խաղաղության հաստատման գործում»։

ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը խոսեց իր՝ Արցախ այցի նպատակի, տպավորությունների մասին՝ կրկին նշելով կրակի դադարեցման անհրաժեշտության մասին:

-Պարո՛ն Միլոնով, ե՞րբ եք եկել Արցախ, եւ ո՞րն է այս փուլում այցի նպատակը:

-Ես եկել եմ երեկ (հոկտեմբերի 15-խմբ): Ես ռուս լրագրողների հետ շրջել եմ Ստեփանակերտով, եղել եմ այն վայրերում, որոնք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հրթիռակոծվել էին, հանդիպել ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, պատգամավորներին, խոսել ենք հնարավոր բարեկամության խումբ ստեղծելու շուրջ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անդամների հետ: Եվ, իհարկե, իմ խնդիրն է, որ ես Ռուսաստանի Դաշնության հասարակությանն ու իմ ընտրողներին փոխանցեմ այն իրավիճակն ու ագրեսիան, որ կա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբերի ներգրավմամբ: Դա է գլխավոր նպատակը եւ, իհարկե, նաեւ հումանիտար ծրագրեր իրականացնելը, որպեսզի թեթեւացնեն տանջանքները:

-Դուք միայնա՞կ եք եկել, եւ ի՞նչ հարցեր եք քննարկել Արցախի նախագահի հետ:

-Պատգամավորներից ես եմ միայն եկել: Ես նախագահի հետ զրուցել եմ դեմ առ դեմ: Բնականաբար, մենք անհանգստացած ենք այս իրավիճակով եւ ցանկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի երկինքը լինի խաղաղ, եւ հողն էլ՝ պաշտպանված: Ես գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղի նախագահն արդեն ասել է, որ իրենք ցանկանում են, որ կրակի դադարեցում լինի հնարավորինս կարճ ժամկետներում:

-Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ ասել էր, թե պետք է ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա, եւ դիմել էր ՌԴ-ին, Իրանին: Ի՞նչ եք կարծում, այն որքանո՞վ է հիմա հնարավոր, եւ ի՞նչ է պետք անել դրա համար:

-Գիտեք, Ռուսաստանն այս հարցում ամենից շատ է շահագրգռված: Բանն այն է, որ Թուրքիան ոչ միայն այսպիսի հակամարտությունների է մասնակցում, այլ Օսմանյան կայսրություն ստեղծելու ծրագրեր ունի: Եվ, բնակաբար, Ռուսաստանի Դաշնությունը շահագրռգված է, որ Կովկասում լարվածություն չլինի:  Ոչ մի իրավիճակում չի կարող արդարացվել ահաբեկիչների օգտագործումը Ղարաբաղյան հակամարտությունում:

-Միայն Ստեփանակերտո՞ւմ եք եղել: Այլ ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ես եղել եմ նաեւ Շուշիում, պատրաստվում եմ այցելել Աղդամի շրջան, հանդիպել այնտեղ մարդկանց, քննարկել այն իրավիճակը, որ ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերն են մասնակցում այս պատերազմին, այլ նաեւ տվյալներ կան, որ Ղարաբաղի դիմաց այս ագրեսիային մասնակցում են նաեւ այլ ուժեր:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ: Մասնավորապես, 2020թ. հոկտեմբերի 15-ին համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ իրականացված համապատասխան միջոցառուների հիման վրա ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիվերսիոն խումբը, ներթափանցել է ԱՀ Հադրութ քաղաք, որտեղ թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով, կրակոցներ արձակելով՝ սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված եւ փաստացի գերի վերցված Հադրութ քաղաքի 1947թ. եւ 1995թ. ծնված քաղաքացիական երկու անձանց: ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԻՆ

Համայն հայությունը Սամցխե-Ջավախեթիում, ինչպես նաեւ ամբողջ Վրաստանում համախմբված ուժերով փորձում են իրենց օգնությունը ցուցաբերել Արցախին։ «Ջավախքում այն, ինչ այս օրերին կատարվում է, կարելի է ասել, աննախադեպ է։

Պատերազմի առաջին օրերին ջավախահայերը փակեցին Կարծախի սահմանակետը, որը Թուրքիան միացնում է Վրաստանին։

Եվ ասում էին՝ եթե մեր ապրանքներին չի թույլատրվում մուտք գործել Հայաստան, ուրեմն թուրքական բեռնատարները եւս չեն մտնելու Վրաստան»,-պատմել է «Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոն» ՀԿ տնօրեն Էդուարդ Այվազյանը։ Ըստ նրա՝ վերջին օրերին մոտ կես միլիոն դոլար գումար է հավաքվել։

Գումարի մի մասը տարբեր ձեւերով է ուղարկվել. «Դեղորայքով եւս կարողացել ենք օգնել, ինչպես նաեւ քնապարկերով եւ տարբեր այլ իրերով, բայց հիմնական գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Եվ մինչեւ օրս դրամահավաքը չի դադարում Ջավախքում եւ տարբեր գյուղերում»։

 

 

ՉԵՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ

Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին հայտարարություններից հետո ադրբեջանական կողմն անցել էր այլ հայտարարությունների եւ հիմա էլ մեղադրում հայկական ստորաբաժանումներին  Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու համար: Սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր. «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն, անկախ տեղակայման վայրից, բոլոր այն ռազմական օբյեկտները եւ նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,-ընդգծել է Շուշան Ստեփանյանը:

Իսկ ի՞նչ տեղեկություններ են առկա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին: 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով։ Դրանից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 249 կմ-ը՝ Վրաստանի, ու 1076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարեւելյան նավահանգիստ Ջեյհանին։ Այն աշխարհի երկրորդ ամենաերկար նավթամուղն է Դրուժբա նավթամուղից հետո եւ գործարկվում է անգլիական «Բրիթիշ Փեթրոլիում» կամ «ԲիՓի» (անգլերեն՝ BP) ընկերության կողմից: Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Երբ նավթամուղն սկսեց ամբողջ հզորությամբ նավթ փոխադրել, Ադրբեջանը մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար եկամուտի առջեւ կանգնեց, որը սկզբնական տարիներում ավելին էր ռեկորդային նավթային գների պատճառով: Հայաստանը դիտմամբ դուրս է թողնվել ԲԹՋ նավթամուղի ճանապարհից՝ երկիրը մեկուսացնելու նպատակով:

 

 

ՈՒՂԵՐԹՆԵՐԸ ՉԵՂԱՐԿՎՈՒՄ ԵՆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքների ուղերթները, որոնք պետք է մեկնեին 09:15 Երեւանից, եւ 17:55՝ Գյումրիից: Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով: Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 




Լրահոս