ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Նախարարությունն այս մասին որոշման նախագիծը այսօր է քննարկման դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Այն հասցրել է արդեն հավաքել մեկ կողմ եւ մեկ դեմ ձայն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերի 31-ին եւ կգործի վեց ամիս ժամկետով: Բայց, մյուս կողմից, տեղեկացնենք, որ քաղաքացիները պահանջում են ոչ թե արգելել ժամանակավոր, այլ ընդհանրապես: ArmLur.am-ը Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացավ, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է:

 

Անցյալ տարի Թուրքիայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 268.1 մլն. դոլար։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն դոլար, ցիտրուսային պտուղ՝ 10.3 մլն դոլար, մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան)՝ 35.3 մլն դոլար, նավթ եւ նավթամթերք՝ 24.3 մլն դոլար, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն դոլար, ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն դոլար։

Անցյալ տարի Թուրքիայից ներմուծված 128 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների կազմում, նախնական գնահատականներով, վերջնական սպառման ապրանքները կազմում են մոտ 100 մլրդ դրամ։ Միջանկյալ սպառման ապրանքների արժեքը կազմում է 28 մլրդ դրամ։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական եւ ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը եւ տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Տեղեկացնենք, որ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադրության ապարանքները բոյկոտելու կոչեր են հնչում: Ի դեպ, այս նպատակով նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել: Ավելին, կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը: Նկատենք, որ թուրքական ապրանքների դեմ բոյկոտի ցուցակում հայտնվել են նաեւ «Գոլդեն ռոուզ» եւ «Ֆլոռմառ» ընկերությունները, որոնք Հայաստանում զբաղվում են կոսմետիկայի ներկրմամբ եւ վաճառքով: Ընկերությունները կոսմետիկան տարիներ շարունակ ներկրում են Թուրքիայից: Օրինակ «Գոլդեն Ռոուզ» ընկերությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում. սուպերմարկետներն ու խանութները հավաքել են տաղավարներից ապրանքները եւ ընկերությունից պահանջում են հետ վերցնել, ընկերությունը ֆինանսական լուրջ վնասներ է կրում: Իսկ «Ֆլոռմառ» ընկերությունը պատրաստ է հավաքել թուրքական ծագման ապրանքները իր խանութներից այն դեպքում, երբ պաշտոնապես դրա վաճառքն արգելվի:

Ս.Հ.

 

 

ՄԱԿ-Ի ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել  Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Զ. Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Նախարարը իր խորին մտահոգությունն է հայտնել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ:

Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը եւ շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն առավել ընդգծում են Արցախի ժողովորդի գոյութենական վտանգը եւ հրամայական դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն ջանքերի ձեռնարկումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իր պատմական հայրենիքում ազատ եւ արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացման միջոցով: ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարեւորել է ՄԱԿ-ի եւ իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները եւ հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները՝ համաձայն ՄԱԿ նպատակների ոգուն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ եւ ընդգծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման եւ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարեւորությունը:

 

 

ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՃԱՄԲԱՐ

Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերը սկսել են ոչնչացնել ահաբեկիչների պատրաստման ճամբարը Ղարաբաղի պատճառով: Իդլիբում սկսվել է նման ճամբարների որոնումը դրանց ոչնչացման համար:

Նշվում է, որ տեղեկություններ են ստացվել, որ Քաֆեր Դիբինից 2 կմ հեռավորության վրա անօրինական զինված խմբավորումների մեծ ճամբարի կա: Թուրքերը Ջիսր էշ-Շուգուր շրջան ռազմական խորհրդականների են ուղարկել եւ սկսել միավորել այսպես կոչված զինված ընդդիմության եւ միջազգային ահաբեկիչների խմբավորումների ուժերը: Օբյեկտներին սկսել է հետեւել ավիահետախուզությունը:

Պատրաստումն իրականացրել են թուրք հրահանգիչներն ու մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցները: Առավոտյան ՍՈւ-34-ը եւ ՍՈւ-24Մ-ը գրոհել են ճամբարի օբյեկտները, այդ թվում՝ շտաբը, ապաստարանները, քողարկված տեխնիկան:

 

 

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՄՈՒՏՔԸ

«Ռոսսելխոզնադզորը» արգելել է 68 տոննա թուրքական մանդարինի մուտքը Ռուսաստանի Նովոռոսիյսկ եւ Տուապսե նավահանգիստներ։ Ըստ պաշտոնական վարկածի՝ լաբորատոր քննությունը պարզել է, որ 68,87 տոննա թարմ թուրքական մանդարինի մեջ առկա է եղել միջերկրածովյան պտղաճանճ, ինչով պայամանավորված էլ խմբաքանակի մուտքը Ռուսաստան արգելվել է։ Այդ մանդարինը պետք է վաճառվեր Կրասնոդարում, Մոսկվայում եւ Նովոռոսիյսկում։ Տուապսեի ծովային նավահանգստում Թուրքիայից ժամանած երկու խմբաքանակ նռան ստուգման ժամանակ «Ռոսսելխոզնադզոր»-ի հարավային միջտարածաշրջանային տնօրինության մասնագետները դրանցում կարանտինի կենդանի օբյեկտ են գտել՝ Միջերկրածովյան մրգերի ճանճ: Մրգի երկու խմբաքանակի ընդհանուր քաշը 21 808 տոննա է: Այդ օբյեկտի առկայությունը նռան խմբաքանակում հաստատվել է Նովոռոսիյսկի մասնաճյուղի կարանտինային բուսասանիտարական վիճակի վերաբերյալ եզրակացություններով: Նռան խմբաքանակն արգելվել է ներմուծել Ռուսաստանի Դաշնության տարածք:

 

 

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ՍՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Իրանի ռազմական երկրներն ուշադիր հետեւում են ղարաբաղյան հակամարտության գոտում սրման հետ կապված իրադարձությունների զարգացմանը երկրի հյուսիսարեւմտյան սահմանների մոտ: Այս մասին հայտարարել է Իրանի հյուսիս-արեւմուտքում հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Աբաս Ազիմին: Իրանի զինված ուժերը լիովին պատրաստված են եւ ուշադիր հետեւում են բոլոր տեղաշարժերին սահմանների մոտ, քանի որ լարվածության թուլացման նշաններ դեռ չկան: «Բանակը, ԻՀՊԿ-ն եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային ծառայությունը պատրաստ են վճռական պատասխան տալ երկրի սահմաններին սպառնացող ամենաչնչին սպառնալիքին»,- ասել է նա:

 

 

ԶՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ

Կասպից ծովի ավազանում ՌԴ Կասպիական նավատորմիղի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել: Դրանց շրջանակներում կիրականացվեն օդային եւ ծովային թիրախների խոցումներ. այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Զորավարժություններին մասնակցում են 6 նավ, 7 ինքնաթիռ եւ 400 զինծառայող: Ռուսական ռազմանավերը Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ հրետանային եւ հրթիռային կրակի վարժանքների ընթացքում թիրախավորելու են օդային եւ ծովային օբյեկտներ:




Լրահոս