ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ  ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի հայերը մոբիլիզացվել եւ նախաձեռնել են աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի եւ հանուն Արցախի ճանաչման. հայերն այս անգամ փակել են Եվրոպայի միջպետական նշանակության ավտոմայրուղիները:

 

Մասնավորապես՝ հարյուրավոր հայեր փակել էին Ֆրանսիա-Բելգիա միջպետական ճանապարհը՝ խցանման մեջ թողնելով բազմաթիվ ավտոմեքենաների: Այն երկկողմանի փակվել էր վաղ առավոտից Եվրոպայի ուշադրությունը Արցախի խնդրի վրա սեւեռելու նպատակով: Հայերը բարձրաձայնել են Ադրբեջանի ագրեսիայի մասին, որը հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը, պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը: Ակցիայի մասնակիցները բարձրացրել են պաստառներ, որոնցում գրված է եղել՝ Արցախը Հայաստան է: Նրանք պահանջել են նաեւ, որ բելգիական եւ ֆրանսիական լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանեն ակցիան, ներկայացնեն դրա նպատակը: Հայերի պահանջի մի մասը կատարվել է, Ֆրանսիայից լրագրողներ են ժամանել՝ լուսաբանելու: Դրանից հետո հայերը համաձայնել են երկու կողմից բացել ճանապարհը, ճանապարհը փակ է եղել 1 ժամից ավելի: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ մեքենաներով շարժվում են դեպի Եվրախորհրդարան: «Պետք լինի, նույն տղաներով գալու ենք եւ մեր սահմանը պաշտպանենք»,-ներկայացրել են հավաքվածները:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ հայերը վաղ առավոտից փակ են պահում նաեւ հետեւյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիա-Իսպանիա, Բելգիա-Նիդերլանդներ, Ֆրանսիա-Շվեյցարիա, Նիդերլանդներ-Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-Իտալիա, Գերմանիա-Դանիա։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաեւ Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ փաստեր ունի, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստներ են մասնակցում:

Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաեւ Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաեւ աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին, եւ պայմանավորվածության՝ ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿՌՎՈՒՄ

Ադրբեջանի զինված ուժերը Սիրիայից բերված վարձկաններին օգտագործում են որպես կենդանի վահան. այս մասին Twitter-ի իր էջում գրել է անկախ լրագրող Լինդսի Սնելը, որը մասնագիտացած է հակամարտությունների եւ հումանիտար ճգնաժամերի լուսաբանման ոլորտում։ «Ադրբեջանական բանակն այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում, նրանք սիրիացիներից 200 մետր հեռավորության վրա էին»,- լրագրողը մեջբերել է Ադրբեջանից վերջերս վերադարձած վարձկանի խոսքը՝ կից ներկայացնելով նրա հետ հարցազրույցից ձայնագրություններ։ Վարձականի խոսքով՝ Սիրիայից ժամանած եւ Ադրբեջանի բանակում կռվող գրոհայինները սկսել են զոհվել պատերազմի հենց առաջին օրը։ «Ամեն օր՝ 5-10 հոգի, նույնիսկ ավելին։ Մի մարտում դիպուկահարների պատճառով կորցրինք 28-ին, նրանք լավ պատրաստված են»,- լրագրողին ասել է վարձկանը։

Նա նաեւ նշել է, որ ի սկզբանե Ադրբեջան են մեկնել «թուրքերի հետ նավթահորերի անվտանգությունը պահպանելու համար»։ Ավելի վաղ լրագրող Լինդսի Սնելը ներկայացրել էր վարձկանների հետ զրույցից այլ ուշագրավ մանրամասներ՝ նշելով, որ Սիրիացի գրոհայինները սարսափած են հայ դիպուկահարներից։

«Ես եւ իմ զարմիկները կռվել ենք նաեւ Սիրիայում, սակայն նման բան չենք տեսել»,- լրագրողին հայտնել էր վարձկանը։ Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտերից մեկի ընթացքում իրենց 45 հոգանոց խումբը ոչ մեծ բարձրության վրա հայ դիպուկահարի կրակի տակ է հայտնվել։

«Հայ դիպուկահարը սպանեց «Սուլթան Մուրադ» դիվիզիայի 8 եւ «Համզա»-ի երկու մարտիկների: Նման դիպուկահարների մենք միայն ֆիլմերում ենք տեսել»,-ասել էր նա։

 

 

ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

Հայաստանում հոկտեմբերի 16-ին դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1465 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61460 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 340116, վերջին մեկ օրում` 4005 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 13919 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 2400-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 47541 անձ, վերջին մեկ օրում՝ 422 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1056 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է:

 

 

ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ»-ՈՎ

Շարքային Հարություն Վարդանյանը կպարգեւատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ նա ճակատային գծի հարավարեւելյան հատվածում ոչնչացրել է թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետեւակի մարտական մեքենա ու կենդանի ուժ: Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները: Ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ յուրային ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների, «Արիության համար»  մեդալով կպարգեւատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը:

 

 

ՇՎԵԴԱՀԱՅԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ

Երեկ շվեդահայերը բողոքի ակցիա էին անում Շվեդիայի խորհրդարանի շենքի դիմաց։ «Արցախը Հայաստան է» վանկարկումներով շվեդահայերը պահանջում են Արցախի անկախության ճանաչումը եւ կոչ անում Ադրբեջանին դադարեցնել տեռորիզմը։ «Ցավում եմ այսօրվա կատարվածի համար, որ ամբողջ աշխարհը նորից լռում է։  1915թ. լռեց ամբողջ աշխարհը, մորթեցին հայերին, 1921թ. ամբողջ աշխարհը էլի լռեց, Հայաստանի 90 տոկոսը նվիրեցին թուքերին։ 90-ականներին պատերազմ հաղթեցինք, նորից Արցախը Հայաստան չդարձավ, այսօր նորից նույն ճանապարհին ենք կանգնած. մինչեւ ե՞րբ է աշխարհը լռելու»,- նշել են տեղի հայերը:

 

 

ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի անդամները հաստատել են ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթի անցկացման չափանիշներն ու պայմանները, ազգային օպերատորին եւ ներդրվող համակարգին ներկայացվող պահանջները: Քննարկման արդյունքում որոշվել է ազգային օպերատորի ընտրության մրցույթն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 12-13-ը։ Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի եւ կոշկեղենի` նույնականացման միջոցներով մակնշման պահանջը եւ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: ՀՀ կառավարության կողմից սահմանվելու է Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու ազգային օպերատոր, որի ընտրությունը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշմամբ:

 

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

«ԳԵՏԻԿՀԷԿ» ՍՊԸ-ն մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ընկերության ՀՀ, Վայոց ձորի մարզի, Եղեգիս համայնքում կառուցված             «ԳԵՏԻԿՎԱՆՔ» ՓՀԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման հայտով: Առաջարկվող սակագինը` 24.402 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ): Հեռ.՝ +374 (93) 490919 581213:

Հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գ. Վարդահովիտ, 1փ, 1փկղ., տ.2: Խնդրում եմ զանգահարել 091-88-91-19 հեռախոսահամարով (Էմին):




Լրահոս