ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆԱՎԱՐՏ ԵՐԱԶԱՆՔԸ. ԿՈՒՐՍԸՆԿԵՐՈՒՀՈՒ ՀՈՒՇԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս անմահացավ ապագա ռեժիսոր Ալեն Մարգարյանը: Այս սիրուն, պայծառ եւ տաղանդավոր տղան  հայրենիքի առաջ պարտքը կատարելուց հետո պետք է կրթությունը շարունակեր Բոստոնում:

 

Ալենը միայն մեր հերոսը չէ, այլ ներկա ու ապագա սերունդների հերոս հայի օրինակ, որն իր նախնիների ճամփան բռնեց եւ անմահացավ, իսկ այսօր դեռ  մարտական խրամատներում մեր բոլորիս վաղվա ազատ եւ լուսավոր ապագայի համար շարունակում են կռվել ալեններ ու ադամներ, որոնց սխրանքի մասին դեռ հավերժ կխոսվի:

«Ժողովուրդ» օրաթերթը Ալեն Մարգարյանի հերոսական կերպարի, բնավորության յուրահատուկ գծերի, ստեղածագործ մտքի եւ կիսատ թողած երազանքների մասին զրուցել է հերոսի կուրսընկերուհու՝ Լուսինե Գալստյանի հետ, որն անչափ հուզված եւ միեւնուն ժամանակ հպարտությամբ պատմում է Ալենի մասին:

«Ալենի հետ ծանոթացել եմ չորս տարի առաջ՝ սեպտեմբերի 1-ին, երբ ընդունվեցինք Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին: Ալենն իր «խարակտերով» մի անգամից աչքի ընկավ,  քանի որ նա շատ ակտիվ էր թե՛ շփման մեջ, թե՛ կազմակերպչական հարցերում, եւ երբ սկսեցինք միմյանց հետ շփվել, ավելի մտերմանալ, հասկացա, որ մեծ մարդ է դառնալու: Նա իսկապես արդեն, պատրաստի ռեժիսոր, եկել էր ռեժիսորա սովորելու»,-հուզմունքով պատմում է նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ նա շատ կարդացած երիտասարդ էր, այնքան հիշողություններ կան, որոնք, ցավոք, մնացին անավարտ:

«Ալենը ծառայում էր  Մատաղիսում: Նա ծառայությունից հետո պետք է կրթությունը շարունակեր Բոստոնի համալսարաններից մեկում: Ընդունվել էր իր սեփական ուժերով: Մեծ երազանքներ ուներ՝ կապված Ամերիկայի հետ, պետք է գնար, բայց մտափոխվեց, որոշեց մեկնել ծառայությունից հետո»,-նշում է նա:

Լուսինե Գալստյանը ցավով է նշում՝ Ալենի երազանքներն անվարատ մնացի. նա նաեւ աշխատում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես դասախոս. «Ալենն իրենից փոքր 6 տարեկան եղբայր ունի, ով արտաքնապես շատ նման է նրան: Նրա փոքր եղբոր անունը Դավիթ է»:

Լուսինեն նշում է, որ  մինչեւ Ալենի հոգեհանգստի օրը չէր հավատում, որ նա այլեւս չկա, որ արդեն հերոսացել է:

«Ես անգամ իր ֆեյսբուքին գրեցի, որ՝ Ալե՛ն, չեմ հավատում, որ դու այլեւս չկաս… Ես մինչեւ հիմա էլ չեմ հավատում: Ուզում եմ ամբողջ աշխարհով, ամբողջ հայ ազգով մի բռունցք դառնանք եւ այդ բռունցքը երբեք չբացենք, գոնե մեր ընկած զինվորների համար պետք է մինչեւ վերջ գնանք՝ մինչեւ հաղթանակ: Հողերի հանձնում, բան, նման խոսակցությունները թողնենք մի  կողմ, քանի որ մենք հաղթել ենք եւ հաղթելու ենք՝ հանուն մեր բոլոր ընկած տղերքի: Թող բոլորը իմանան, որ թիկունքում բոլորս աղոթում ենք նրանց համար»,-հավելում է Ալեն Մարգարյանի համակուրսեցին:

Հիշեցնենք, որ  գիշերվա ընթացքում արցախաադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:

Առավոտյան տարբեր ուղղություններում թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները՝ միաժամանակ հյուսիսային հատվածում ձեռնարկելով հարձակման փորձեր:

ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու եւ պաշտպանական գծի կայունությունը ամրապնդելու համար:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Բացի այդ, Ադրբեջանը հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան՝ ինտենսիվ հրետակոծությունից հետո, Արցախի հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել, սակայն հետ է շպրտվել` կրելով կորուստներ։

«Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ»,-նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Գիշերվա ընթացքում արցախաադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը:

 

 

«ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՎՐԱ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ». ՀԱՅԿ ՉՈՄՈՅԱՆ

«Երեկ վիրահատեցին. մեկ փամփուշտը, որը ոտքիս մեջ էր մնացել, հեռացրել են»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է դերասան Հայկ Չոմոյանը, որը սեպտեմբերի 28-ին մեկնել էր առաջնագիծ՝ հանուն հայրենիքի պաշտպանության:

«Արդեն ինձ լավ եմ զգում, անհամբեր սպասում են, թե երբ պետք է ապաքինվեմ, որպեսզի գնամ հասնեմ իմ ընկերներին, ովքեր հիմա կյանքի եւ մահվան կռիվ են մղում մարտում: Բացարձակապես ընկճված չեմ, կայուն, բարձր աստիճանի վրա է մարտական ոգին, եւ ոչ միայն իմը, այլ բոլոր այն տղաների, ովքեր հիմա առաջնագծում «դուխով» կանգնած են: Երբ ապաքինվեմ, նորից անկասկած գնալու եմ»,-մեզ հետ զրույցում նշում է Հայկը:

Հայկը լիահույս է, որ շուտով այս պատերազմը կավարտվի, եւ այլեւս երիտասարդ կյանքեր չեն զոհվի. «Ինչքան շուտ ավարտվի, այնքան լավ մեր երիտասարդության համար»:

Հավելենք, որ երեկ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը մեզ հետ զրույցում Հայկի վիրավորվելու մասին նշել էր. «Փառք Աստծու, Հայկի վիճակն այսօր համեմատաբար լավ է: Շատ վնասվածքներ ունի ինչպես հրազենային, այնպես էլ բեկորային: Արդեն վիրահատվել է, վիճակը համեմատաբար լավ է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայկի  տրամադրությունը մարտական է։

«Ափսոսում է, թե ինչու է այսքան շուտ վիրավորվել: Երանի չվիրավորվեի, մնայի, էլի կռվեի մեր տղաների հետ, հայրենիքի սահմանները պաշտպանեի»,-նշում է նա:

Դերասանուհու փոխանցմամբ՝ նա խոնարհվում է մեր զինծառայողների մայրերի, ծնողների, նրանց ընտանիքների առջեւ եւ մաղթում է, որ հավատքը չկորցնեն, մինչեւ վերջ հավատան եւ հուսան, որ ամեն ինչ լավ է լինելու:

«Երազում եմ՝ մի ժամ շուտ այս արհավիրքն ավարտվի: Իսկ, առհասարակ, ես զզվում եմ քաղաքականությունից, քաղաքական գործիչներից եւ այն ամեն ինչից, ինչ այսօր կատարվում է»,-հավելում է Ժաննա Բուտուլյանը:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԽՈՍԵԼ Է

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին: «Մենք կարեւորում ենք թիմային խաղը, իսկ Բեյլն այստեղ է, որպեսզի օգնի թիմին: Այն որոշումները, որ մենք ընդունում ենք, պետք է ծառայեն թիմի հաջողություններին: Շատ կարեւոր է, որ Բեյլն իրեն երջանիկ զգա թիմում: Կարծում եմ, որ այս պահին ամեն ինչ շատ լավ է ընթանում»,-ասել է պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլն ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում է «Ռեալից» վարձակալությամբ տեղափոխվել «Տոտենհեմ»:

 

 

ԳՈՀ Է

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի՝ «Դյուրենի» դեմ խաղում թիմի նորեկների ցուցադրած խաղի մասին: ««Դյուրենը» բավականին լավ խաղ ցուցադրեց: Մենք որոշ ժամանակ ուսումնասիրեցինք նրանց խաղը, այնուհետեւ կարողացանք ճիշտ մարտավարությամբ առաջ անցնել հաշվի մեջ: Գոհ եմ մեր նորեկների խաղից: Նրանք շատ լավ հանդիպում անցկացրեցին եւ ապացուցեցին, որ մենք չենք սխալվել նրանց հարցում»,- Ֆլիկի խոսքը փոխանցում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» հաղթանակ տարավ «Դյուրենի» նկատմամբ 3:0 հաշվով:

 

 

ԱՆՉԵԼՈՏԻՆ՝ ԹՈՓ-ՄԱՐԶԻՉ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Էվերտոնի» դեմ հանդիպման մասին: «Գաղտնիք չէ, որ ես Անչելոտիին համարում եմ թոփ-մարզիչ: Նրա գլխավորած թիմը չի կարող վատ ֆուտբոլ խաղալ: «Էվերտոնը» ամռանը մեծ աշխատանք է կատարել տրանսֆերային շուկայում եւ ձեռք է բերել բարձրակարգ ֆուտբոլիստների: Մենք պետք է շատ զգոն մոտենանք «Էվերտոնի» դեմ հանդիպմանը եւ անենք ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար»,-ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ «Էվերտոն»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանի ժամանակով 15:30-ին:

 

 

ԿԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՅՔԱՐԵԼ

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նշել է՝ որ դեպքում իր գլխավորած թիմը կկարողանա պայքարել տիտղոսների համար: «Իմ՝ «Ռոմա» տեղափոխվելուց հետո ակումբում տեղի են ունեցել նկատելի դրական փոփոխություններ: Այժմ շատ կարեւոր է, որ «Ռոման» ցուցադրի կայուն խաղ: Այժմ Իտալիայում կա 2-3 թիմ, որ ունեն բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի պայքարեն բոլոր գավաթների համար: «Ռոմային» եւս հարկավոր են ներդրումներ»,-ասել է Ֆոնսեկան: Իտալիայի առաջնության երրորդ տուրից հետո «Ռոման» 4 միավորով 10-րդ տեղում է:

 




Լրահոս