Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունները նպաստում են COVID-19-ի փոխանցման կտրուկ արագացմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պաշտպանել խաղաղ բնակչությանն ու առողջապահական հաստատությունները, որոնք խնամում են վիրավորներին և հիվանդներին:
Այս մասին ասված է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ ԱՀԿ-ն շարունակում է մտահոգվել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների սրմամբ:
Խորը մտահոգություն հայտնելով՝ նա նշել է. «Ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19 փոխանցման կտրուկ արագացմանը: Շարունակական բռնությունը և բնակչության հետագա տեղահանությունը կխորացնեն առողջական իրավիճակի անորոշությունը»:
Նշվում է նաև, որ հակամարտությունը ուղղակիորեն խափանում է առողջապահական համակարգը` ծանրաբեռնելով համաճարակով արդեն իսկ լարված առողջական համակարգերը: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում COVID-19 դեպքերի թիվը շարունակում է աճել:
ԱՀԿ-ն կոչ է անում չկորցնել ժամանակ և ջանքեր՝ պաշտպանելու համար կյանքի և ապրուստի միջոցները հանրային առողջության սպառնալիքներից, որոնք աննախադեպ են:
«ԱՀԿ-ն հակամարտության բոլոր կողմերին հորդորում է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան պաշտպանել խաղաղ բնակչությանը և առողջապահական հաստատությունները, որոնք զբաղվում են վիրավորներին և հիվանդներին խնամելով: COVID-19- ի համատեքստում հատկապես կարևոր է, որ առողջապահության բնագավառի բոլոր աշխատողները պաշտպանված լինեն բռնությունից, որպեսզի կարողանան պահպանել համաճարակային համապատասխան արձագանքը: Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կենսական նշանակություն ունի առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար, այն մարդու հիմնարար իրավունք է»,- ասված է հայտարարությունում: