Եթե այս անգամ հավաքվել էր 2000 մարդ, ապա մյուս անգամ կլինեն 10 հազար. Գրիգոր Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր նպատակն այն է, որ Շոմբի Շարփին հանձնեինք նամակ, որը բավականին ծավալուն էր: Նամակով պահանջում ենք ուշադրություն Արցախի նկատմամբ անկախ նրանից, թե ինչ ստատուս ունի այն: Մենք պահանջում ենք, որպեսզի ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանն անպայման արձագանքի եւ ներկայացնի, թե  Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքով Արցախում ինչ վայրագություններ են տեղի ունենում խաղաղ բնակչության նկատմաբ: Այս մասին  ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել դերասան Գրիգոր Դանիելյանը, անդրադառնալով՝ օրերս տեղի ունեցած բողոքի ակցիային եւ նրանց հետագա քայլերին:

«Մենք հասանք նրան, որ  հանդիպեցինք, ընդ որում ժողորդի ներկայությամբ, որպեսզի Արցախից վերադարձած ժողովուրդը տեսնի, որ եւ բարձրաձայնեցինք մեզ հուզող հարցերի մասին: Նա մեզ ասաց, որ այն, ինչ իրենք անում են, չի ցուցադրվում, կուլիսային տարբերակով է, իբր գործ են անում,  «իբր» եմ ասում, քանի որ չենք տեսել ոչ մի բան: Իրենք ասացին, որ մտահոգված են, իսկ մենք էլ, ի հակադարձում նրանց, ասացինք, որ չենք ուզում դա լինի կուլիսային, այլ այն լինի ակնհայտ, որպեսզի բոլորս տեսնենք: Ապա նա խոստացավ, որ նամակը կհանձնի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ»,-պատմում  է մեր զրուցակիցը:

Գրիգոր Դանիելյանը մեզ հետ զրույցում հավատացնում է, որ հետեւողական են լինելու եւ եթե երկու օրվա ընթացքում արձագանք չլինի կդիմեն այլ քայլերի. «Եթե այս անգամ հավաքվել էր 2000 մարդ, ապա մյուս անգամ  կլինեն 10 հազար, 50 հազար եւ այդպես շարունակ:  Բոլորս պահանջում ենք մեկ բան, որպեսզի Մարդու Իրավունքների գլխավոր պաշտպանը խոսի, ինչպես նաեւ անդրադառնան այս խնդրին մի շարք այլ միջազգային կազմակերպություններ»:

Գրիգոր Դանիելյանի հավելմամբ՝  նրանց միակ նպատակն այն է, որպեսզի ՄԱԿ-ից արձագանքնեն եւ մեկնեն Արցախ, Ստեփանակերտ եւ անձամբ տեսնեն , թե ինչ է իրականում կատարվում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս