ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առաջարկով թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավոր է արգելվելու Հայաստանի Հանրապետությունում՝ նախնական վեց ամիս ժամկետով: Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 31-ին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այս արգելքը տարածվելու է վերջնական սպառման ապրանքների, այսինքն՝ պատրաստի արտադրանքի վրա, որն էլ գնում է վերջնական սպառման: ՀՀ փոխվարչապետը դժվարացավ ասել, թե ինչպես է կազմակերպվելու արդեն Հայաստան ներմուծված ապրանքների իրացումը, եթե արդեն այն Հայաստանում է: «Այն ապրանքը, որն արդեն ներմուծված է, ներմուծված է, այստեղ արդեն իրացման գործընթացների հետ գործ ունենք, որը հիմա չեմ կարող ասել՝ ինչ բնույթ կստանա, բայց դա իրավական գործընթաց չէ, այլ բոյկոտ է: Այստեղ կդժվարանամ հիմա հստակ պատասխան տալ, թե ինչ կլինի ապագայում: Ընդհանրապես, որոշումը դեկտեմբերի 31-ից է ուժի մեջ մտնելու, այս պահին ներկրված ապրանքներն այլեւս ներկրված են, բայց սպառման եւ օտարման գործընթացների հետ կապված թե ինչ է տեղի ունենում, ճիշտն ասած, դա մի քիչ արդեն էմոցիոնալ հարթության խնդիր է: Չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա այդ դեպքերում»,- հայտարարեց փոխվարչապետը։ Միեւնույն ժամանակ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այս հարցով գործարարների հետ թերեւս քննարկում չի ունեցել: «Բայց անպայման կկազմակերպենք մինչեւ տարեվերջ միջոցառումներ, որպեսզի գործարարները հնարավորություն ունենան նոր գործարար կապերի, նոր շուկաների հետ կապված իրենց վերադասավորումներն իրականացնել: Առնվազն ԵԱՏՄ անդամ երկրների հետ նախնական քննարկումներ եղել են, եւ կարծում եմ՝ նման միջոցառումներ կկազմակերպենք մինչեւ տարեվերջ: Եթե պանդեմիան չխանգարեր, ապա ավելի արագ կկազմակերպեինք», – հավելեց նա:  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 268.1 մլն դոլար։ Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ եւ նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար)։

 

 

Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիային այս կամ այն կառույցից հեռացնելու, նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Եվրախորհրդարանում Շվեդիայի  ներկայացուցիչ Չարլի Ուեյմերսը նշեց, որ Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից: «Էմանուել Մակրոնն արդեն հաստատել է, որ փաստեր ունի այն մասին, որ Ադբեջանին աջակցելու համար Թուրքիան իսլամիստներ է ուղարկում Սիրիա: Ես դիմել եւ դիմում եմ Եվրոպական Միությանը հարցով, թե արդյոք վերջինս դատապարտում է Թուրքիայի միջամտությունը եւ դիտարկում նրան ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու հարցը», – նշեց նա: Վերջինս ընդգծում է, որ Մինսկի խմբից նրան հեռացնելը ճիշտ քայլ կլինի: Միեւնույն ժամանակ նկատենք, որ ԱՄՆ հանրապետական Թալսի Գաբարդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձեւ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։ Բանաձեւում նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում Անկարան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն կքննարկվի առաջիկա օրերին:

 

 

 

Առաջիկայում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները միանգամից պետք է երկու ընտրություն կատարեն: Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ պետք է որոշի՝ արդյոք Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին տեսնում են Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում, թե ոչ: Ինչպես հայտնի է, այս տեղը թափուր է մնացել Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելուց հետո: Սակայն, բացի դատարանի նախագահ լինելուց, Խունդկարյանը նաեւ Վճռաբեկ դատարանի դատավոր էր, հետեւաբար այդ տեղում եւս պետք է նոր դատավոր ընտրվի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են անունները. մեկն Արսեն Մկրտչյանն է, որն այժմ զբաղեցնում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագայի պաշտոնը, նախկինում էլ եղել է արդարադատության փոխնախարար: Նրան համակարգում բնորոշում են որպես արեւմտյան արժեքների կրող, որը նաեւ համագործակցում է հայտնի Սորոսի հիմնադրամի հետ: Մյուս թեկնածուն ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցն է, որը մտերիմներ ունի այդ շրջանակից եւ գիտնական է, իսկ մյուս թեկնածուն էլ Սամվել Գրիգորյանն է՝ Սյունիքի մարզի դատարանի նախագահը: Այսպիսով, արդեն գնդակն իշխանությունների դաշտում է, եւ խորհրդարանը պետք է ձայների երեք հինգերորդով կայացնի իր որոշումը:

 

 

 

Հոկտեմբերի 18-ին կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Այդ նախագծով ամրագրվել է, թե որ դեպքում է ներկրված ապրանքն ազատվում հարկերից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով կառավարությունը ցանկանում է ամրագրել, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:  Ընդ որում, այս օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն տարածվելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Այս ընթացքում ՀՀ է ներմուծվում մեծ քանակությամբ ապրանքներ, որոնք հետագայում անհատույց (նվիրատվությամբ) հանձնվելու են Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը. այսպես փորձ է արվում թեթեւացնել գործարարների հարկային բեռը:

 




Լրահոս