ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾՎԻ ԼԻԲԻԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբակցություններից 48 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ եւ բովանդակային գործողություններ իրականացնել։ Նամակը նախաձեռնել է կիպրացի եվրապատգամավոր, Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը:

 

ArmLur.am-ը այս առնչությամբ մի քանի հարց է ուղարկել Լուկաս Ֆուրլասին:

-Պարո՛ն Ֆուրլաս, ո՞րն է Ձեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի շուրջ, եւ ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

-Առաջին հերթին, ես ցանկանում եմ խիստ դատապարտել ցանկացած բռնություն եւ ագրեսիա: Բաքվի կողմից ռազմական գործողություններն ուղղված են քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքներին, որի հետեւանքով տուժել են խաղաղ բնակիչները՝ կանայք, ծերերը եւ երեխաները: Վիճելի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Ցանկացած էսկալացիա, որին մասնակցում են նաեւ երրորդ երկրներ, ինչպիսին Թուրքիան է, կարող է շատ արագ իրավիճակի վատթարացման բերել՝ անկանխատեսելի հետեւանքներով ամբողջ տարածաշրջանի համար: Որոշում կարելի է գտնել միայն երկխոսության եւ բոլոր կողմերի բարի կամքի միջոցով:  Մենք, որպես ԵՄ, պատրաստ ենք աջակցել ցանկացած ջանքերի, որոնք իրականացվում են այդ կոնտեքստում:

-Ի՞նչ կարող է տալ Ձեր եւ 47 պատգամավորների նամակը՝ ուղղված ԵՄ Բարձր ներկայացուցչին:

-Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները տարածաշրջանում իսկապես հանդիսանում են հումանիտար իրավունքի խախտում, որը նպաստում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական անկայունության, եւ կոչ է արվում Եվրոպական միությանն անհապաղ եւ վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի երկու կողմերը կարողանան վերադառնալ բանակցությունների սեղանին՝ Մինսկի խմբի շրջանակներում: ԵՄ-ի հիմնական նպատակն այն է, որ Լեռնային Ղարաբաղը չվերածվի Լիբիայի, որտեղ Թուրքիայի ու Ռուսաստանի Դաշնության միջամտությունը ներքին կոնֆլիկտի հանգեցրեց՝ ի վնաս լիբիացիների:

-Բացի ԵՄ-ից, հայտարարություններ են առկա Մինսկի խմբից, ՄԱԿ-ից, սակայն իրավիճակը չի հանդարտվում: Այդ դեպքում ի՞նչ սպասել միջազգային հանրությունից:

-Մենք ոչ թե քննադատում ենք ադրբեջանցի ազգին, այլ նրանց ավտորիտար բռնապետությանը, որը հերթական անգամ պատերազմ է հայտարարում հայ ազգին: Բաքվի ավտորիտար իշխանությանն աջակցում են ոչ միայն խոսքերով, այլ նաեւ Թուրքիայի ռազմական տեխնիկայով եւ վարձկաններով: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի լարվածությունը կարողանա թուլանալ, որքան հնարավոր է, շուտ: Ջանքեր են գործադրվում, որպեսզի այս հարցը հնարավոր լինի կարգավորել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:

-Շատ երկրներ խոսեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմում իսլամիստների, վարձկանների առկայության մասին: Ի՞նչ կարող եք ասել այս կոնֆլիկտում Անկարայի դերի մասին:

-Կրկին մենք ականատես ենք լինում թուրքական սադրանքի, բռնության եւ ագրեսիայի: Թուրքիայի կողմից աջակցվող ռազմական խմբերը Սիրիայից ժամանել են Ադրբեջան, եւ Էրդողանը խոստանում է, որ Անկարան լիակատար աջակցություն կցուցաբերի Բաքվի ռազմական գործողություններին: Որպես ԵՄ՝ մենք չենք կարող հանցագործի եւ տուժողի նկատմամբ հավասար քաղաքականություն իրականացնել: Տարածաշրջանի հայ բնակչությունն ունի խաղաղ կյանքի եւ բարեկեցության իրավունք, եւ մեր պարտքն է աջակցել նրանց:

-Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է 30 տարի, սակայն ոչ մի երկիր չի ճանաչել այն. ինչո՞ւ: Եվ ի՞նչ եք կարծում, Կիպրոսը կարո՞ղ է ճանաչել Արցախը:

-Կիպրոսի Հանրապետությունը վերահաստատում է իր երկարամյա եւ անսասան աջակցությունը միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքին՝ հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի վրա: Այս համատեքստում մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս դիրքորոշումը շեշտվեց նաեւ Եվրոպական խորհրդի վերջին եզրակացություններում, որին մենք լիովին հավատարիմ ենք: Նույն համատեքստում պետք է հիշեցնել, որ Արցախի Հանրապետության կողմից միակողմանի անկախության հռչակումը չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետության կամ միջազգային կազմակերպության կողմից: Ինչ վերաբերում է վերջին սրացումներին, Կիպրոսի Հանրապետությունը հիասթափություն է հայտնում, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից դյուրացված հումանիտար հրադադարը չի պահպանվում: Մենք խորապես մտահոգված ենք խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճով: Մենք դատապարտում ենք խաղաղ բնակչության դեմ հարձակումները: Մենք ներգրավված կողմերին կոչ ենք անում անհապաղ պահպանել տեւական զինադադարի պայմանները եւ վերադառնալ բովանդակալից բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների: Վերջապես, մենք դատապարտում ենք երրորդ կողմերի բոլոր գործողությունները, որոնք խթանում են լարվածությանը, եւ, մասնավորապես, Թուրքիայի ակտիվ մասնակցությունն ադրբեջանական բանակի կողմից: Թուրքիայի կողմից օրեցօր աճող նկրտումները պահանջում են միջազգային հանրության անմիջական ուշադրությունը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՊԵՏՔ Է ՆՍՏԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) կողմից Պետական Դումայի պատգամավոր, անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինն ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով՝ նստելով բանակցությունների սեղանին:

 

Միեւնույն ժամանակ Պետդումայի պատգամավորը դժգոհ է այս հարցում Ռուսաստանի Դաշնության քայլերից եւ դիրքորոշումից՝ նկատելով, որ վերջինս պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկեր, որպեսզի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն այդպիսի հայտարարություններ թույլ չտա:

«Հիմա պետք է նստել բանակցությունների սեղանին եւ լուծել այս հարցը՝ ելնելով երկու ազգերի հետաքրքրություններից: Միայն բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել հարցի կարգավորման: Իհարկե, դրան խանգարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ այստեղ ոչ թե միայն երկու ազգերի կամ պետությունների խնդիրն է, այլ նաեւ Թուրքիան է փորձում մասնակցել այս ամենին, սակայն սա նրա տեղը չէ: Էրդողանը մշտապես փորձում է ցույց տալ, որ կարող է իջեցնել Ռուսաստանի Դաշնության մակարդակը: Նա խանգարում է երկու երկրներին հասնել լուծման, եւ պետք է ՌԴ-ի կողմից  հստակ հայտարարություն լինի, որ այն, ինչ նա անում է, մեզ դուր չի գալիս», – նշում է նա:

Պատգամավորի խոսքով՝ պատերազմը կարող է շարունակվել այնքան, մինչեւ չհայտնվեն հեղինակություն ունեցող կողմեր: «Ռուսաստանի Դաշնությունը վաղ թե ուշ պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի: Ես ինքս սպանված ռուս օդաչուի դեպքից հետո ասել եմ, որ այլեւս Թուրքիա չեմ գնալու: Սա իմ անձնական որոշումն է՝ որպես նախկին զինվորական»,- հավելեց նա:

 

 

ՊԵՏՔ ՉԷ ՀԱՊԱՂԵԼ

Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել. այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Փարիզի քաղաքապետը պատասխանել է հարցին, թե ինչպես է գնահատում 22 պատգամավորներից բաղկացած խմբի կողմից Ֆրանսիայի խորհրդարանին ուղղված՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին դիմումը: «Ես, բնականաբար, հասկանում եմ խորհրդարանականների մոտեցումը: Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք: Բայց Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ միայն Մինսկի խմբի համանախագահությունը կարող է թույլ տալ վերադառնալ խաղաղության եւ անվտանգության: Այնպես որ, ես չեմ ուզում խանգարել կամ խոչընդոտել խաղաղ լուծում գտնելու Ֆրանսիայի ջանքերին: Ես կանոնավոր կապի մեջ եմ ԱԳՆ-ի հետ, որն արդյունավետ եւ պրագմատիկ կերպով աշխատում է հակամարտությունը դադարեցնելու համար: Նպատակն այն է, որ հայերը կարողանան կայուն ու անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում, ինչպես Հայաստանում: Ես կիսում եմ Ֆրանսիայի կառավարության առաջնահերթությունները, որը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ձգտում է դադարեցնել բախումները եւ վերադառնալ բանակցություններին»,- հայտարարել է Աննա Իդալգոն:

 

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Թեհրանը եւ Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջեւ համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել. այս մասին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին:  «Մենք Ռուսաստանի հետ կարեւոր համաձայնություններ ունենք (իրանական) ռազմաօդային ուժերի զարգացման նպատակով»,-ասել է նա: Նախարարը հավելել Է, որ (Թեհրանի նկատմամբ) զինական բռնարգելքի վերացումից հետո նոր փուլում Իրանը «ռազմական (համագործակցության) համաձայնագրեր ունի Չինաստանի եւ ՌԴ-ի հետ»: Ըստ զինվորականի՝ Իրանը ոչ մի դեպքում սպառազինությունների մրցավազք չի ցանկանում, որը տարածաշրջանը կվերածի վառոդի տակառի: «Մեք պատրաստ ենք ստորագրելու ռազմական համաձայնագրեր Պարսից ծոցի երկրների հետ տարածաշրջանային կայունության հաստաման նպատակով»,- ասել Է նա:

Իրանին սովորական սպառազինությունների մատակարարումների, ինչպես նաեւ այդ երկրից դրանց արտահանման բռնարգելքի ժամկետը լրացել Է հոկտեմբերի 18-ին:

 




Լրահոս