Հայկական կողմն արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել գլխատված զինծառայողի մասին տեղեկատվությունը։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով Ստրասբուրգ են ուղարկում տարատեսակ փաստաթղթեր՝ Ադրբեջանի թույլ տված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։
«Այդ երկիրը խախտել է Ժնեւյան կոնվենցիաները, – շեշտում է Կիրակոսյանը։ -Ակնհայտորեն դրանք խախտումներ են միջազգային իրավունքի, պատերազմական հանցագործություններ են։ Դրանք ակնհայտ խախտումներ են եւ՛ Ժնեւյան 3-րդ կոնվենցիայի, եւ՛ սովորութային մարդասիրական իրավունքի ուղղակի խախտումներ են, ինչպես նաեւ հանգեցնում են Եվրոպական կոնվենցիայի խախտումների՝ 3-րդ հոդվածի տրամաբանությամբ»։
Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ պատերազմական գործողությունների մեկնարկին զուգահեռ արդեն իսկ պահանջ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու. «Հաջորդ քայլն արդեն Թուրքիայի ներգրավվածության մասին եվրոպական դատարան ներկայացված խնդրանքն էր՝ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու, որպեսզի կանխվի վերջինիս ուղղակի եւ անուղղակի միջամտությունը։ Հոկտեմբերի վեցին այս դիմումը հաստատվեց, եւ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառվեց, որի հիման վրա էլ ընթացան պրոցեսներ»։
Եղիշե Կիրակոսյանը շեշտեց, որ Թուրքիայի կողմից միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի Եվրոպական դատարանը դադարեցնի միջանկյալ միջոցը, այդ նպատակով հատուկ նամակ է ուղարկվել Թուրքիայի արտգործնախարարի կողմից, սակայն այդ խնդրանքը մերժվել է։ Դա վկայում է այն մասին, որ ներկայացված ապացույցները եւ փաստարկները ակնհայտ համոզիչ են։
«Հաջորդ քայլը, որ արվել է. երեկ դիմել ենք Եվրոպական դատարանին՝ կապված տեսանյութերի հետ, որոնցում հստակ երեւում են ռազմագերիների գնդակահարությունների, դիակների նկատմամբ վատ վերաբերմունքի եւ այլանդակությունների, գլխատումների դրվագներ, որոնք սարսափելի են։ Դրանք ինքնին մարդասիրական իրավունքի տեսանկյունից անընդունելի են։ Մենք դիմել ենք ԵԴ, որպեսզի կիրառված միջանկյալ միջոցների շրջանակներն ընդլայնվեն։ Ակնկալում ենք, որ շուտով այս դիմումն էլ իր պատասխանը կստանա»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Գիշերը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները հայ զինվորի են գլխատել ու լուսանկարն ուղարկել նրա եղբորը։ Օմբուդսմենը հայտնում է, որ հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի եղբորը եւ տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Ընդ որում, զանգահարել են գլխատված զինվորի հեռախոսահամարով։
«Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են», – հայտարարում է Թաթոյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր եւս կան, եւ դրանք ներկայացվում են միջազգային ատյաններին. «Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ»։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն ընդգծում է՝ դիակապտությունը պատերազմական հանցագործություն է. «Առկա է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումը, մարդասիրական տարրական կանոնների խախտում։ Այն նաեւ համարվում է պատերազմական հանցագործություն։ Եթե համապատասխան գանգատ ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ, որպես այլընտրանք, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով, միանշանակ է, որ պատասխանատվությունն արձանագրվելու է Ադրբեջանի։ Ուրիշ հարց, որ դա լինելու է ուշ, ու, բնականաբար, եթե նայում ենք խախտման ճանաչում եւ որոշակի փոխհատուցում գումարային, դա համարժեք չէ այն ցավին եւ այն տառապանքներին, որոնք պատճառվում են զոհվածի ընտանիքին»։
Սակայն, ըստ փորձագետի, Ադրբեջանին քրեական պատասխանատվության կանչելը առաջին հայացքից գրեթե անհնար է. դա կարող է իրականացվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից իրավիճակը միջազգային քրեական դատարանում ներկայացնելու միջոցով, բայց նման նախադեպեր գրեթե չկան։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՐԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին: «Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու»,- ասել է Ս. Խաթիբզադեն։ Հայտնի է, որ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություների ընթացքում ադրբեջանական կողմի արձակած արկեր եւ ԱԹՍ-ներ են ընկել իրանական տարածքում: ԱԹՍ-ներից մեկի ուսումնասիրությունը մասնագետներին հիմք էր տվել հայտարարելու, որ այն իսրայելական արտադրության է:
ԿՀԱՄԱԿԱՐԳԻ
Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որը ոչ վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, որը մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։
ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՊԱՀՊԱՆԵԼ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրոպական խորհրդի անդամ են: Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջեւ ստանձնել են պարտավորություններ՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը: Եվ երկու երկրներն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Այս տարածքում մարդու իրավունքները հարգելը կենսականորեն կարեւոր եւ իրավական պարտավորություն է»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:
Նա նշել է, որ, անկախ քաղաքականությունից, հակամարտության գոտիներում ապրող մարդիկ պետք է ապավինեն մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նույն չափանիշներին, ինչ ցանկացած մեկը Եվրոպայում:
ԵԽ գլխավոր քարտուղարը հավելել է, որ հակամարտությունների եւ տարածքային վեճերի լուծումը իրենց կազմակերպության լիազորություններից չէ:
Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ այս պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից է դարձրել այդ տարածքներում մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Իրավապահները շարունակում են հանցագործությունների բացահայտումները՝ կատարված քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կողմից: Մասնավորապես, Գեւորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 2019 թվականի օգոստոսի 13-ից մինչեւ 2019թ. սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում արգելված իր հանդիսացող, իր մոտ պահած 077-44-03-63 եւ 043-42-17-09 բջջային հեռախոսահամարներով զանգահարել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կադրերի տեսուչին եւ ներկայանալով Հայաստանի Հանրապետության կառավարության մտացածին աշխատակից՝ կառավարության անունից օգնություն տրամադրելու պատրվակով խաբեությամբ խնդրել եւ ստացել է նշված ընկերության 42 անապահով, այրի եւ ամուսնալուծված բուժաշխատակիցների տվյալները, ապա յուրաքանչյուրից 70.000-ական ՀՀ դրամ գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ զանգահարել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժաշխատակիցներին եւ նրանց հետ հեռախոսակապի միջոցով զրույց վարել:
Այնուհետեւ նշված անձանցից 8-ից պահանջել է 70.000 ՀՀ դրամի չափով գումար փոխանցել իրեն՝ իբր վերջիններիս ՀՀ կառավարության կողմից Երեւան քաղաքում հատկացված բնակարաններին հաշվիչներ տեղադրելու համար սահմանված վճար՝ այդկերպ խաբեության եղանակով ցանկանալով հափշտակել յուրաքանչյուրից 70.000 ՀՀ դրամ՝ ընդհանուր 560.000 ՀՀ դրամ գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նշված անձինք կասկածել եւ գումարը չեն փոխանցել, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել եւ վերցվել է բջջային հեռախոսը՝ 077-44-03-63 եւ 043-42-17-09 բջջային հեռախոսահամարներով:
ՉԻ ՀԱՃԱԽՈՒՄ
Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով 24000 աշակերտ չի հաճախում դպրոց. այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Մանկապարտեզ չի հաճախում 4016 երեխա, բուհ չի հաճախում 4986 ուսանող: Կենտրոնը նաեւ ներկայացնում է, որ Ադրբեջանի կողմից այս ընթացքում հրթռակոծվել է 18 դպրոց, 6 մանկապարտեզ, 4 մշակութային օջախ: