ԺԽՏԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին, երբ Հայաստանը, կարելի է ասել, մնացել է առանց բարձրագույն ղեկավարության, քանի որ երկրից բացակայում են թե՛ ՀՀ նախագահը, թե՛ վարչապետը եւ թե՛ ԱԺ նախագահը, երկրի թիվ մեկ պաշտոնյայի դերում է հայտնվել  Սամվել Նիկոյանը: Մի քանի տարի առաջ սա կարող էր քաղաքական զառանցանք թվալ` հաշվի առնելով Նիկոյանի դերն ու նշանակությունը քաղաքական դաշտում: Բայց, ինչպես գիտենք, եկավ մարտի 1-ը, եւ Նիկոյանի քաղաքական բախտը բացվեց. նա դարձավ մարտի 1-ի գործով ԱԺ հանձնաժողովի նախագահ եւ իր կատարած «փայլուն» աշխատանքի համար պարգեւատրվեց  ԱԺ փոխնախագահի պաշտոնով: Բայց Նիկոյանի քաղաքական վերելքը հայրենի քաղաքական դաշտում ամենեւին էլ ամենատպավորիչը չէ: Բավական է հիշել հենց թեկուզ նրա վերադասին` Հովիկի Աբրահամյանին, ով ընդամենը մի քանի տարի առաջ կերազեր ԱԺ նախագահի աթոռի մասին, իսկ ահա այսօր արդեն շրջագայում է աշխարհում` ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը:  Այս օրերին աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ԱԺ նախագահը նախօրեին այցելել է Պոտսդամում գտնվող  հայ ազգի մեծ բարեկամ, հայտնի հասարակական  գործիչ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան:  Հովիկ Աբրահամյանն այնտեղ  խոսել է Հայոց ցեղասպանության եւ դրա ճանաչման ուղղությամբ գերմանացի հայասերի  գործադրած ջանքերի մասին. «Նա պայքարեց բռնության ու անարդարության, վայրագությունների ու դաժանության դեմ` հետագայում իր կյանքը նվիրելով աշխարհասփյուռ հայերի  ճակատագրի բարելավմանն ուղղված բարեգործությանը»:  Հավանաբար ունկնդրելով ԱԺ նախագահի  ելույթը` թանգարանի աշխատակազմն անգամ հուզվել է, ու, թերեւս, նրանցից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ  վայրագության եւ անարդարության դեմ պայքարի մասին  խոսողը կարող է լինել մի մարդ, որի որդին «հակառակորդի» մեքենաներն է հրկիզում, հարազատներն օրը ցերեկով կրակում են իրենց բիզնես մրցակիցների վրա, որի մերձավորները հանրահավաքի ընթացքում դանակահարում են պատգամավորության թեկնածուին, եւ որի  հովանավորությամբ  հարստահարվում է մի ամբողջ մարզ` սկսած սեփականաշնորհված հարյուրավոր հեկտարներով հողերից, բազմաթիվ ու բազմաբնույթ օբյեկտներից, ավարտած օրուգիշեր թալանվող հանքերով: Ընդհանրապես, Ցեղասպանության հարցն այն սուրբ թեման է, որի մասին խոսելու համար նախ պետք է համապատասխան նկարագիր ու արժեքային համակարգ ունենալ: Էլ չասած լուրջ քաղաքական հայտարարությունների մասին, որոնք, բացի վերը նշվածից, պահանջում են նաեւ քաղաքական ծանրակշիռ մտածողություն:  Նույն այդ թանգարանում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է. «Արձանագրությունները Ցեղասպանությունը չեն ժխտում»: Հետաքրքիր է` Հովիկ Աբրահամյանն անձամբ ամբողջ տեքստն ընթերցե՞լ է, թե՞ պարզապես կրկնում է լսածը, քանի որ կարդալու դեպքում էլ դժվար թե որեւէ բան հասկացած լինի «խուճուճ» ձեւակերպումներից:




Լրահոս