Քննարկվում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել
նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգի նախագիծը։

Մոդելների ներդրման հիմնական նպատակներն են՝ hանրապետության այն բնակավայրերում, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ, ձևավորել այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայություններ,որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ոլորտում և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովել մատչելիություն:

Մոդելներից որևէ մեկի ներդրման արդյունքում արդյունավետ մեխանիզմներ կիրառել նախադպրոցական կրթական
ծառայությունների կառավարման համակարգում:

Այլընտրանքային նախադպրոցական կրթությունը կազմակերպելով համայնքահեն եղանակով՝ նախադպրոցական
հաստատություն չունեցող բնակավայրերում այն դարձնել ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր
իրականացնող կառույց:

Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ․

Տարբերակ 1՝ ծառայությունները կարճօրյա են՝ 3.5-4 ժամ տևողությամբ, առանց ցերեկային քնի ապահովման:
Խմբում երեխաների առավելագույն քանակը` 30։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող
համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։

Տարբերակ 2 /8 ժամ/ կիրառելի է, եթե երեխաների թիվը փոքր է՝ 15-20 երեխա, և համայնքն ունի միջոցներ՝
ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։

Տարբերակ 3 /4-4.5 ժամ/՝ կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և համայնքը չունի մյուս
մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է
համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում
մատուցվող ծառայությունը։

Տարբերակ 4 /8 ժամ/՝ կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն
ունի միջոցներ, սակայն չունի շենքային պայմաններ։ Նպատակահարմար է կիրառել, եթե համայնքում առկա է
մինչև 15 երեխա ընդունելու համար նախատեսված տուն։

Տարբերակ 5՝ կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում՝ տվյալ համայնքում արդեն
գործող նախադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի
վերակազմակերպում իրականացնելու միջոցով՝ փոփոխություն կատարելով գործող նախադպրոցական ուսումնական
հաստատության կանոնադրության մեջ:

Տարբերակ 6՝ դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների
համար: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:
Տարբերակ 7՝ դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում՝
5-ից 6 տարեկան երեխաների համար:

Տարբերակ 8 (մոբայլ)՝ նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական
կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։ Ենթադրում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա
ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։

Մոդելների ներդրումն իրականացվելու է բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության
որևէ ծառայություն չի գործում: Այն տեղի կունենա հետևյալ փուլերով՝ համայնքների հայտերի ներկայացում,
դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի
հատկացում և հաշվետվությունների ընդունում:

Հայտի ընտրության ժամանակ առաջնահերթությունը կտրվի այն բնակավայրերին, որոնք կներկայացնեն մոդելի
գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններն ու երաշխիքները: Առաջնահերթություն
կտրվի նաև Կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների,
սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող, ինչպես նաև հիմնականում ազգային փոքրամասնություններով
բնակեցված բնակավայրերին։

Նախարարությունը ֆինանսական միջոցները կհատկացնի դրամաշնորհի միջոցով, որոնք նախատեսված են
նախադպրոցական կրթական ծառայության մատուցման համար նախատեսվող շինության բարեկարգման, գույքով և
սարքավորումներով համալրման աշխատանքների իրականացման և երեխաների հետ աշխատող մայրերի (կամ
համայնքի այն ներկայացուցիչների, ովքեր աշխատելու են որպես դաստիարակներ) համար մասնագիտական
վերապատրաստումներ կազմակերպելու համար:

Այսպիսով, այլընտրանքային մոդելների ներդրմամբ տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն
կընձեռնվի՝ այլընտրանքային եղանակներով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել այդ տարիքի բոլոր
երեխաներին:

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ներդնել ծախսարդյունավետ մոդելները՝ ուսումնասիրելով Հայաստանում
արդեն իսկ եղած փորձը, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Սեյվ դը
չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացչության և «Աստղացոլք» ՀԿ-ի գործունեությունն
այդ ուղղությամբ։




Լրահոս