
«Ժողովուրդ»-ի` ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել է ԼՂՀ ՊԲ 1-ին պաշտպանական շրջանի (Հադրութ) հրամանատար Մարտին Ջհանգիրյանը: Հենց նրա ենթակայության տակ գտնվող զորամասերում են արձանագրվել զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների հաճախակի դեպքեր` տարբեր դրսեւորումներով: Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում պաշտպանության նախարարությունը ձեռնարկելու է կարգապահության ամրապնդման բավականին խիստ միջոցառումներ, որոնց արդյունքում շատ հրամանատարներ, հնարավոր է, ազատվեն զբաղեցրած պաշտոններից: Իսկ առաջիկայում զինված ուժերի ամբողջ ղեկավար կազմն այցելելու է զորամասեր` անձնակազմի հետ համապատասխան աշխատանք տանելու համար, որպեսզի կարգապահության վիճակն ու արտակարգ պատահարները կանխարգելվեն, ոչ թե տեղի ունեցածից հետո բացահայտվեն կամ ոչ: