ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավոր արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան: Տեղեկացնենք, որ նախարարությունը ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին նախագիծն օրեր առաջ է հանրային քննարկման դրել: Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 31-ին եւ կգործի վեց ամիս ժամկետով, որն, ի դեպ, հնարավոր է հետագայում երկարաձգել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներմուծումն, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 268.1 մլն դոլար: Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ եւ նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք(23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար):

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը սահմանվել վեց ամսով:

-Վեց ամիսը նշվել է, որովհետեւ, համաձայն ԵԱՏՄ պայմանագրի, համաձայնագրի, դա ընթացակարգային է: Այսինքն՝ մենք, ամեն դեպքում, առաջին քայլը՝ սահմանափակումը, պետք է իրականացնենք վեց ամսով, որից հետո երկարաձգել. երկարաձգման քանակների սահմանափակում չկա:

-Կնշե՞ք, թե արգելքը որ ապրանքների վրա է տարածվում:

-Վերջնական սպառման ապրանքների, այսինքն՝ պատրաստի արտադրանք, որը գնում է վերջնական սպառման:

-Պարո՛ն Գրիգորյան, այս ամենի հետեւանքով Թուրքիայից կոսմետիկա ներկրող մի քանի գործարար հայտնվել են ծայրահեղ ծանր դրության մեջ. սուպերմարկետներից հավաքել են ապրանքը եւ պահանջում են գալ տանել, մյուս կողմից՝ ներկրողները չգիտեն, թե ինչպես աշխատողին աշխատավարձ տան. շրջանառություն չունեն: Ի՞նչ ծրագրեր կան՝ իրենց հետ կապված:

-Անկեղծ ասած, դա մի քիչ այլ բնույթի հարց եք տալիս, որովհետեւ այն ապրանքը, որն արդեն ներմուծված է, ներմուծված է, այստեղ արդեն իրացման գործընթացների հետ գործ ունենք, որը հիմա չեմ կարող ասել՝ ինչ բնույթ կստանա, բայց դա իրավական գործընթաց չէ, այլ բոյկոտ է: Այստեղ կդժվարանամ հիմա հստակ պատասխան տալ, թե ինչ կլինի ապագայում:

-Ըստ գործարարների՝ բոյկոտն ազդում է գործունեության վրա, ֆինանսական դժվարություններ են կրում:

-Ընդհանրապես որոշումը դեկտեմբերի 31-ից է ուժի մեջ մտնելու, այս պահին ներկրված ապրանքներն այլեւս ներկրված են, բայց սպառման եւ օտարման գործընթացների հետ կապված թե ինչ է տեղի ունենում, ճիշտն ասած, դա մի քիչ արդեն էմոցիոնալ հարթության խնդիր է: Չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա այդ դեպքերում:

-Որպես այլընտրանք՝ ի՞նչ է առաջարկվելու տնտեսվարողներին: Կա՞ առաջարկների փաթեթ, որը ներկայացվել է նրանց: Եթե ոչ, ապա ե՞րբ է նախատեսվում այն նրանց ներկայացնել:

-Ես վստահ եմ, որ չկա որեւիցե մեկ ապրանք, որը ներմուծվում է Թուրքիայից ու այդ նույն տիպի ապրանքը հնարավոր չլինի ներմուծել որեւէ այլ երկրից: Այո, ես կարծում եմ, որ այլընտրանք կա:

-Բայց այդ փաթեթը չկա՞: Այս թեմայի շուրջ գործարարների հետ հանդիպում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ե՞րբ է նախատեսվում:

-Այս թեմայի շուրջ՝ դեռեւս ոչ: Բայց անպայման կկազմակերպենք մինչեւ տարեվերջ միջոցառումներ, որպեսզի գործարարները հնարավորություն ունենան նոր գործարար կապերի, նոր շուկաների հետ կապված իրենց վերադասավորումներն իրականացնել: Առնվազն ԵԱՏՄ անդամ երկրների հետ նախնական քննարկումներ եղել են, եւ կարծում եմ՝ նման միջոցառումներ կկազմակերպենք մինչեւ տարեվերջ: Եթե պանդեմիան չխանգարեր, ապա ավելի արագ կկազմակերպեինք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ՉԿՈՉՎԵՑ

Հայատանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել. «Հոկտեմբերի 17-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ՝ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով եւ Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ:

 

Սակայն ինչպես եւ նախորդ անգամ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր պատրաստակամության իսպառ բացակայությունը՝ հավատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնված հանձնառություններին: Այս ամենը ուղեկցվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններով, որ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները մինչեւ պատերազմի «հաղթական ավարտը»։ Հատկանշական է, որ միաժամանակ նմանատիպ հայտարարություններ հնչել են նաեւ Թուրքիայում։

Մարդասիրական զինադադարի հայտարարումից րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են մարտական գործողությունները, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան լայնամասշտաբ հարձակման են անցել հարավային ճակատում։ Փաստորեն, սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը եւ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ եւ հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:

Այդ առումով կրկին վերահաստատում ենք այդ հայտարարությունները, որոնք կիրառական արտահայտություն են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի, ինչպես նաեւ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հոկտեմբերի 5-ի հայտարարություներին:

Հավատարիմ ենք կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով: Պահպանելով հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը։

 

 

ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ՝ ՄԻԱՅՆ ՈՒԺԻ ԴԻՐՔԵՐԻՑ

Դեռ 2019 թվականի մայիսի 9-ի հարցազրույցում ազատամարտիկ, «Սեւ Հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը համոզմունք էր հայտնել, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու, քանի որ հայկական կողմը երբեք չի զիջելու ազատագրված տարածքները։ Եվ պատերազմի հենց երկրորդ օրը ազատամարտիկն իր որդու հետ մեկնեց առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքը։

Հոկտեմբերի 15-ի երեկոյան ադրբեջանական կողմի անօդաչու թռչող սարքը հարվածել էր ավտոմեքենայի, որի ուղեւորներից Ռուստամ Գասպարյանը վիրավորվել էր, նրա որդին՝ Ռաֆայելը, զոհվել։ Ռաֆայելի ընկերն իր ցավակցական խոսքում նշել էր. «Ախպե՛րս, իմ համար շատ ծանր էր լսել, որ քո երկրային կյանքն ընդհատվեց… Ռա՛ֆս, գիտեիր՝ ուր ես գնում, գիտեիր՝ ինչ է սպասվում… Վերջին խոսքերդ մխրճվել են սրտիս մեջ, ասեցիր՝ ինչ էլ որ լինի, ես Տիրոջն եմ պատկանում»։ Սակայն որդու զոհվելուց երկու օր անց հիվանդանոցում մահացավ նաեւ Ռուստամ Գասպարյանը, ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով Ռուստամ Գասպարյանի մասին, նշում է. «Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին: Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»: Ազատամարտիկը միշտ նշում էր՝ թշնամու հետ պետք է խոսել միայն ուժի դիրքերից:

 

 

1000 ԶԻՆՅԱԼ

Անցյալ ուրբաթ Սիրիայից ավելի քան հազար զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղի դեմ կռվի. հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին: Սիրիայից զինյալների եւս մի խումբ է պատրաստվում տեղափոխման:

«Անցյալ ուրբաթ ավելի քան 1000 զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ կռվելու, եւ առաջիկա օրերին նախապատրաստվում է եւս մի խմբի տեղափոխումը»,- ասել է գործակալության աղբյուրը: Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սիրիայից զինյալներ են տեղափոխվում Ղարաբաղ, եւ Թուրքիան Ղարաբաղում ահաբեկիչների է օգտագործում Սիրիայից եւ այլ երկրներից: Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը եւս հայտնել էր, որ, տեղեկատվության համաձայն, Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններն ակտիվորեն տեղափոխվում են հակամարտության գոտի, ընդ որում՝ խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է:

 

 




Լրահոս