Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն Ադրբեջանի դեմ քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով. այս մասին հայտնել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:
«Ադրբեջանի ԶՈՒ-ն իրենց ողջ ռազմական ուժի ներդրմամբ, նաեւ վարձկանների ներգրավմամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ, սանձազերծել, վարել են ագրեսիվ պատերազմ, իրականացրել ագրեսիայի ակտ: Նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հարուցել ենք քրեական գործեր նաեւ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ թույլ տալու, վերադասի կողմից ստորադաս անձանց զանգվածային ոչնչացման կամ այլ ապօրինի հրաման արձակելու, ինչպես նաեւ վարձկանների հավաքագրման եւ օգտագործման փաստով: Առանձին քրեական գործ է հարուցվել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով, քանի որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից ներգրավվել են վարձկան ահաբեկիչներ, որոնք մասնակցում են ռազմական գործողությունների, իրականացնում ահաբեկչական գործողություններ, ինչպես նաեւ կրում են Ադրբեջանի ԶՈՒ համազգեստ, որպեսզի այդպես քողարկվեն»,- ասել է դատախազը: Ըստ նրա՝ քրեական գործեր են հարուցվել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում խաղաղ բնակչության թիրախավորման դեպքերով:
«Ցավալին այն է, որ գրոհների թիրախ է դարձել խաղաղ բնակչությունը, ինչն ինչպես մեր ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ համարվում է կոպտագույն խախտում, որովհետեւ նրանք հանդիսանում են պաշտպանության ներքո գտնվող անձինք եւ անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին»,- նշել է Արշակ Մարտիրոսյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաեւ Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին, եւ պայմանավորվածության՝ ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության եւ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել է Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:
ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Հունաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց բողոքն են արտահայտել՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Արցախի եւ Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողությունների: Նրանք հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան Ալեքսանդրուպոլիս քաղաքի կենտրոնից ավտոշարասյունով շարժվել են հույն-թուրքական անցակետ, հետո քայլերթով փակել այն: Հայերն ու նրանց աջակցող օտարազգիները ծածանել են Հայաստանի եւ Արցախի դրոշները, վանկարկել՝ «Հաղթելու ենք», «Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ»:
Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել. «Արցախն ուժեղ է», «Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է», «Խաղաղություն Արցախում»: Աշխարասփյուռ հայությունը արցախաադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված լայնածավալ ռազմական գործողություններից հետո մոբիլիզացվում եւ նախաձեռնում է աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի եւ հանուն Արցախի ճանաչման: Օրեր առաջ հայերը փակել էին Եվրոպայի միջպետական նշանակության տարբեր ավտոմայրուղիներ:
7/24 ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղեւորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։ Մարդասիրական օգնությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով բաշխվել է Արցախի Հանրապետության բնակիչներին եւ ժամանակավորապես Հայաստան եկած արցախցի ընտանիքներին: «Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից ուղարկվող բեռների ծավալը։ Սահմանված կարգի համաձայն՝ հումանիտար օգնությունը կազմակերպվում է վարչական շրջանների համայնքապետարանների եւ մարզպետարանների միջոցով։ Իսկ ԱԻՆ-ը ստացված օգնությունը (սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ այլն) տեսակավորելուց եւ խմբավորելուց հետո փոխանցում է հասցեատերերին։
ՀԱՅԱՍՏԱՆ Է ՀԱՍԵԼ
Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղեւորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը. այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Սպասում ենք, որ 12:50-ի սահմաններում կհասնի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան»,-հայտնել են կոմիտեից: Հոկտեմբերի 15-ին նախատեսված «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երեւան չվերթը չէր կայացել. Թուրքիան հրաժարվել էր տրամադրել իր օդային տարածքը դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար: Առայժմ չի հաղորդվում, թե որ երկրի օդային տարածքով է անցնելու հոկտեմբերի 19-ի չվերթը:
766 ՆՈՐ ԴԵՊՔ
Հոկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 65460 դեպք, որոնցից 48208-ն՝ առողջացած, 1091-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15845 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 349871 թեստավորում:
Այսպիսով, երեկ կատարվել է 1722 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք: Ունենք 104 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74, 65, 83, 86, 68, 64, 74, 51, 67 եւ 60 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։