ԻՄ ՈՐԴԻՆԵՐԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության կողմից որպես պաշտոնյաների տները թալանող բանդայի ղեկավար ներկայացված Արտյուշա Հակոբյանի հայրը` Սուրիկ Հակոբյանը, ով առավել հայտնի է որպես Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր, որդիների ու նաեւ հարսների նկատմամբ սկսված քրեական հետապնդումը որակում է «շոու», առաջադրված մեղադրանքն էլ «դատարկություն»: -Պարո՛ն Հակոբյան, որքան տեղյակ ենք`  Ձեր հարսն էլ է ձերբակալվել:-Հարսիս ձերբակալել էին, նոր թողեցին: Մի հատ 13 տարեկան թոռ ունեմ, էդ թոռիս կանգնել ասել էին` «քո հերը ինչ ա զանգել ասել քեզ»: Դե ծնողը որդու հետ ինչ կխոսա, ասել ա «տղա՛ ջան, հեռախոսս տունն ա մնացել, բե՛ր»: Դե հիմի էլ էդ օրգանն ասում ա` ինչի է Ձեր թոռը տարել հեռախոսը, բա ո՞վ պտի տաներ` ես պտի տանեի՞, 76 տարեկան տանեի՞:  Հարսիս էլ տարել էին թոռանս համար` որպես մայր: Ես պտի գնայի, ասացին, ավելի լավ է` մայրը գնա: Իսկ էն մյուս հարսիս, որը իմ հետ չի ապրում, Երեւանում է, նրան բռնել ու չեն թողնում: -Սակայն, մեր տեղեկություններով, Արտուշի տնից ինչ-որ թմրանյութ  է հայտնաբերվել, որը Ձեր հարսը` Մարինան, իր վրա է վերցրել` ասելով, որ իրենն է, դրա համար էլ կալանավորել են: -Մարինան իմ մյուս հարսն է, որ իմ տանը չի ապրում: Իրան էլ են տարել ու չգիտեմ ինչի: Ես Անդրանիկի կնոջ մասին էի ասում: Մենք` հայր ու տղա, էդ գործարանը կառավարում ենք, իմ որդուն էլ` Անդրանիկին էլ են կալանավորել:-Ձեր կարծիքով, ի՞նչ տեղի ունեցավ եւ ինչո՞ւ Ձեր որդիները կալանավորվեցին որպես բանդայի պարագլուխներ:-Շոու են սարքել ամեն ինչը, աղջի՛կ ջան: Աշխատող մարդուն որ խանգարեն, էս սովից փրկված գյուղը որ ես պահել եմ, սկզբից եղել են 200-250 աշխատող, կամաց-կամաց ինձ շատ դժվարություններ են պատճառել, որ իջացրել եմ 100 մարդու: Ու հիմա ուզում են էս մի կտոր հացն էլ էդ ժողովրդի ձեռից առնեն: Մեկ ա ես կործանված մարդ չեմ, իմ ուղեղն աշխատում ա, ես կլնեմ-կգնամ մի հատ փողոցում մի հատ հաց կթխեմ, բայց էս գյուղացիներին, էդ 100 մարդին անտեր կթողնեմ:-Ըստ Ձեզ` ո՞վ է սարքել այդ շոուն: -Ես ի՞նչ գիտեմ:-Ամենահարմարը հենց Ձեր որդիներն ու հարսնե՞րն   էին, որ շոու կազմակերպեին:-Իմ որդին աշխատանք ուներ, աշխատում էր, բանդայի ղեկավար չի, դրանք բոլորը հերյուրանքներ էին իմ որդու վրա դրած: Իմ որդին, ում մասին գրում են` Արտյուշան,  մի հատ համալսարան ա ավարտել, մի հատ Մոսկվա երկրորդ կուրս պիշչեւոյ ինստիտուտից եկել ա աշխատի, որ օգնի որպես հայր: Ախր իմ որդին ըտենց մարդ չի: Ախր անում են, ուզում են իմ պատվին կպնեն, իմ աշխատանքի պատվին կպնեն, իմ ինքնասիրությանը:-Ասում եք` ուզում են, ուզում են, բայց որքան գիտենք` Ձեր տղան իշխանության հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է եւ միշտ ընտրություններին մեծ թվով ձայներ է բերել Սերժ Սարգսյանի, նույնիսկ ՀՀԿ-ի համար:-Չէ՛, չէ՛, իմ տղուն դանակով խփեցին, «Բարգավաճ»-ի համար էր, ես «Բարգավաճ» կուսակցության նախագահն էի (տարածքային ստորաբաժանման), ոնց որ ինքն էլ ընտրություններին եկել էր, ասենք դաշնակները խփել էին մի քանի տեղից…-Այսինքն` որպես ԲՀԿ անդամի՞ որոշեցին, ինչպես ասում եք, շոու սարքել Ձեր ընտանիքի դեմ: -Երեւի:-Բայց ինչպե՞ս է պատահել, որ Ձեր որդին վեց անգամ դատապարտվել էր եւ ինչի՞ համար:-Կոմունիստների ժամանակ ինքը մի անգամ դատապարտվել ա, հետո ասենք գաղութներից 3 անգամ, 4 անգամ փախել: Որ փախել է, նորից… Հետո ասեմ, որ  տղան եղել է 6-րդ հացի գործարանի կոմսոմոլի քարտուղարը, կոմունիստ, բանակ ա գնացել, եկել ա, էլի նույն գործարանում  աշխատել ա: Իմ որդին թմրամոլ չի եղել, ցավդ տանեմ, Դուք որ իրան հանդիպեք, կնայեք երեսին, կտեսնեք` ինչքան խելացի մարդ ա: Ուղղակի ընկան հետեւից, սենց ա, նենց ա կամ մյուսը ու մինչեւ հիմա էլ ընկել են հետեւից, չգիտեմ ինչ են ուզում: Ես այսօր դատապաշտպան էի վարձել, հանդիպեցի, ասում ա` ինքը մեղադրանքը չի ընդունում, մինչեւ հիմա էլ ո՛չ խոսացել ա, ո՛չ էլ բան:  Բառ չի փոխանակել, ես իմացել եմ:  Զենք են դրել իրա վրա, ոչինչ չկա: Ինքն այդ օրը գնացել էր իմ ընկերոջ տղայի ծնունդին, ծնունդի տեղը եկել են, զենք են դրել վրան, բռնել են ու տարել: Դատարկություն ա, թող իսկական հանցագործների բռնեն, իմ որդին հանցագործ չի: Ես պատասխանատվություն կկրեմ, եթե իմ որդիները հանցագործ լինեն: -Եւ վերջում, Ձեր ԲՀԿ-ական ընկերները Ձեզ զանգահարե՞լ են, օգնություն առաջարկե՞լ են:-Ոչ մի անգամ: Հիմա ասենք ես մի կուսակցության կողմ եմ, ի՞նչ է` ես պետք է կաշառք ուզե՞մ կամ տա՞մ: Չէ՛: Ամեն ինչ կպարզվի:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑԼուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս