ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այժմ ընթանում են այդ այցի նախապատրաստական աշխատանքները: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր հերթին հայտնել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւս նույն օրը հանդիպելու է Մայք Փոմփեոյի եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սակայն այլ ֆորմատով հանդիպման նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն տարվում, եւ հանդիպումը կայանալու է առանձին-առանձին, այլ ոչ թե եռակողմ ֆորմատով: Ի՞նչ սպասել արտաքին գործերի նախարարի՝ ԱՄՆ այցից:

Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ստեֆան Էբերտը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ԱՄՆ-ն եւս փորձում է ցույց տալ, որ հայտարարություններից զատ եւս գործուն քայլեր է անում իրավիճակի հանգուցալուծման համար: Փորձագետը նկատում է, որ մինչեւ այժմ հրադադարի մասին երկու պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների միջնորդությամբ, եւ ԱՄՆ-ն դուրս է մնացել գործընթացից, ինչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այնքան էլ դուր չի գալիս, չնայած, փորձագետի խոսքով, վերջինս այժմ զբաղված է իր ապագայի հարցերով: Փորձագետը նաեւ նկատում է՝ էսկալացիայի հենց առաջին օրվանից Փոմփեոն ամենաակտիվներից է եղել: «Քանի որ Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն փորձել են հանդարտեցնել իրավիճակը, հիմա հերթը ԱՄՆ-ինն է: Նա պետք է փորձի ազդել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի վրա: Միեւնույն ժամանակ սա նաեւ քայլ է ներքին լսարանի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահական ընտրությունները: Թրամփը ցանկանում է ցույց տալ, որ, անկախ ամեն ինչից, անհանգստացած է եւ աշխատում է այս ուղղությամբ», – նշում է փորձագետը եւ հավելում, որ հարցի կարգավորմանը կնպաստեն ոչ թե արտաքին գործերի նախարարների մակարդակով, այլ կոնֆլիկտի կողմ հանդիսացող պետությունների ղեկավարների հանդիպումները: Հավելենք, որ մինչեւ այժմ՝ հոկտեմբերի 10-ին եւ 17-ին, մեկ անգամ՝ ՌԴ֊ի, մեկ անգամ էլ Ֆրանսիայի ջանքերով ձեռք են բերվել մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություններ, սակայն երկու անգամ էլ այն Ադրբեջանի կողմից չի պահպանվել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով հարուցված քրեական գործի ընթացքից: Ինչպես հայտնի է, երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում եւս մեկ անգամ հետաձգվեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: ,Ժողովուրդե օրաթերթի հարցին ի պատասխան՝ նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ դատական նիստի հետաձգման պատճառը փաստաթղթերն են, որոնք դատարանը պահանջել է Ծառուկյանի պաշտպաններից: Եվ, ահա, ,Ժողովուրդե օրաթերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբից պահանջել են վերջինիս՝ ՀՀ պետական բյուջե վճարումների մասին փաստաթղթեր: Հենց այդ փաստաթղթերը պետք է պաշտպանական կողմը ներկայացնի մինչեւ հաջորդ դատական նիստը, որը նախատեսված է հոկտեմբերի 22-ին, եւ այդ ժամանակ կարող է վերջնական որոշում կայացվել Ծառուկյանի՝ գրավով ազատման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, բացի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելու համար մեղադրվելուց, Գագիկ Ծառուկյանը ներգրավված է նաեւ այլ քրեական գործով, ըստ որի՝ վերջինիս պատկանող ընկերությունները պատշաճ չեն կատարել հարկային վճարումները: Եվ, ահա, այդ փաստաթղթերը պահանջելը հենց այս գործի հետ է կապված: Իսկ թե ինչ կապ ունեն այդ վճարումները ընտրակաշառքի մասով հարուցված քրգործի հետ, մնում է անհասկանալի։

 

 

 

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Երեկ եւ նախորդ օրն Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման խոցած անօդաչու սարքերը եւս թուրքական Bayraktar TB2 տեսակի էին: Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջան այդ տեսակի անօդաչու թռչող սարքեր տրվել են հատկապես այս տարվա հուլիսին տեղի ունեցած տավուշյան դեպքերից հետո։ «Պարզ էր, որ, բացի  իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերից, ադրբեջանական բանակը պայքարելու է նաեւ թուրքական արտադրության սարքավորումներով: Հայաստանի Հանրապետությունն ունի Ռուսաստանի կողմից տրված ժամանակակից ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, որոնք էլ կարող են հաջողությամբ կիրառել «Բայրակթարների» կիրառության դեմ: Բացի այդ, եթե հայկական կողմն արդեն գիտի, թե ինչպես պայքարել իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեմ, ապա թուրքական արտադրության «Բայրակթարների» դեպքում տարբերությունն այնքան մեծ չի լինի: Նրանց դեմ կարելի է հաջողությամբ պայքարել «Օսա» զենիթահրթիռային համակարգով, որոնք իրենց լավ ցուցադրեցին նաեւ Տավուշյան մարտերի ժամանակ», – հավելում է փորձագետը: Նրա խոսքով՝ օդային պայքարում գրանցված այս հաջողությունները հայկական կողմին կարող են թույլ տալ հզոր դիրքերից հանդես գալ բանակցություններում:

 

 

Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել: «Այն, որ համաձայնագիրն ուժի մեջ է, եւ հնարավորություն կա ներկրել նաեւ Ղազախստանից, դա փաստ է: Արդեն այդ հնարավորությունը գործում է»,-այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները այս տարվա ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման հետ, սակայն հետագայում դրանք կարող են վերականգնվել, ինչը արդեն չի անդրադառնա Հայաստանի վրա: Բացի այս, հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ստորագրված նավթամթերքի մատակարարման եւ առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Ըստ այս համաձայնագրի՝ Ղազախստանից ներկրումով մեր երկիրը կարող է թեթեւ նավթամթերք (բենզին, դիզվառելիք) ստանալու նոր, այլընտրանքային աղբյուր ստանալ, որոնք, ընդ որում, ազատվում են արտահանման մաքսատուրքի գանձումից: Ի դեպ, նույն արտոնությունը գործում է նաեւ Ռուսաստանից իրականացվող համանման մատակարարումների նկատմամբ:




Լրահոս