Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր չպատասխանեց հարցին, թե արդյոք առաջիկա օրերին կկայանան Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները Մոսկվայում։ Դմիտրի Պեսկովը միայն ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: «Ռազմական գործողությունները կանգնեցնելու եւ գործընթացը դիվանագիտական եւ քաղաքական հարթություն տեղափոխելու ուղղությամբ աշխատանքն ընդհանուր առմամբ շարունակվում է: Ավելին ասել չեմ կարող», – ասել է Պեսկովը:
Երեկ պաշտոնական Երեւանն ու Բաքուն հայտարարեցին, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պատրաստ են Մոսկվայում բանակցություններ սկսել ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն ավելի հստակ տեղեկություն, թե երբ կկայանա նման հանդիպում, դեռ չկա: Հայտնի է միայն, որ հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ, հիշեցնենք, հայտարարել էր, որ հրադադարն ապահովելու համար այսօր անհրաժեշտ է համաձայնեցնել այն վերահսկող մեխանիզմները, եւ որ այդ ուղղությամբ Մոսկվան աշխատանք է տանում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ռազմական գերատեսչությունների գծով:
Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, որ Թուրքիան շարունակում է տեղափոխել Ղարաբաղ, ապա Ռուսաստանի Դաշնային խորհրդում կարծում են, որ Ռուսաստանի միջամտության համար անհրաժեշտ են որոշակի քայլեր: «Որպեսզի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն իրականացնի, անհրաժեշտ է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի Ռուսաստանին», – այսօր ասել է Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կասաչովը:
Ավելի վաղ, հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցում են Սիրիայից ժամանած գրոհայիններ, Ռուսաստանին իրավունք է տալիս տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններ իրականացնել:
Կասաչովի խոսքով` այդ քայլն անհնար է առանց Երեւանի կողմից պաշտոնական հարցման ու իրավիճակի մանրակրկիտ գնահատման: «Պետք է գնահատվեն հավաստիությունը, վտանգն ու ռիսկերը, որոնք առաջանում են այդ կապակցությամբ: Բնականաբար, պետք է լինի Հայաստանի պաշտոնական դիմումը, այլ ոչ թե հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանը դա անելու հիմքեր ունի», – այսօր հայտարարել է ռուսաստանցի սենատորը:
Նույն այս հիմքը բազմիցս հնչեցրել են ռուսաստանցի փորձագետներն ու մեկնաբանները: Պաշտոնական Մոսկվան Արցախում պատերազմի սկսվելուց հետո մի քանի անգամ իր մտահոգությունն է հայտնել, որ պատերազմին մասնակցում են Սիրիայից եւ Լիբիայից Ղարաբաղ տեղափոխված հազարով վարձկաններ: Նույնիսկ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն էր հայտնել, որ Ղարաբաղում մարտերին մասնակցում են հարյուրավոր, հազարավոր արմատականներ Մերձավոր Արեւելքում տեղակայված միջազգային ահաբեկչական կազմակերպություններից:
Սրա հետ մեկտեղ նկատելի է, որ ահաբեկիչների թեման վերջին օրերին ավելի պասիվ են քննարկում Կրեմլի վերահսկողության տակ ռուսական դաշնային հեռուստաընկերությունների քաղաքական թոք շոուների եթերներում:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հարցում է անցկացրել` պարզելու ռուսաստանցիների վերաբերմունքը պատերազմին: Եվ այդ հարցման համաձայն` ռուսաստանցիների շուրջ 71 տոկոսը հավասար վերաբերմունք ունի պատերազմող կողմերին: Հայաստանին համակրում է հարցված ռուսաստանցիների 12 տոկոսը, իսկ Ադրբեջանին` 2 տոկոսը, եւ սա այն դեպքում, որ Բաքուն հսկայական գումարներ է ծախսում ռուսական հեռուստատեսությամբ եւ մամուլում ադրբեջանամետ նյութեր հրապարակելու համար:
Ն.Հ.
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ նշել, որ այն ծավալապաշտական նկրտումները, որոնք ունեն Ադրբեջանի գործող իշխանությունները, պետք է անպայման քաղաքական գնահատական ստանան: Անդրադառնալով ռազմաճակատում տիրող դրությանը՝ նախագահն ընդգծել է, որ առաջնագծի ողջ երկայքնով ռազմագործողությունները ինտենսիվ կերպով շարունակվում են, ընդ որում՝ առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական եւ Միջնավան համայնքների տարածքներում: Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր հնարավոր միջոցներով կանգնած է Արցախի կողքին եւ, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իրականացրել եւ իրականացնելու է դրանից բխող յուրաքանչյուր անհրաժեշտ գործողություն:
3-ՐԴ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԸ
Ադրբեջանաարցախյան շուրջ երեսունամյա զինված հակամարտության ընթացքում Բաքուն միշտ էլ օգտվել է թուրքական եւ օտարերկրյա տարբեր վարձկան գրոհայինների օժանդակությունից: Այս մասին նշել է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այդպես է եղել 1991-1994 թվականներին, նույնը կրկնվել է 2016-ի ապրիլյան առճակատման ժամանակ, այդպես է նաեւ հիմա:
Եթե առաջին պատերազմում Անկարան Մոսկվայի բարձրաձայն զգուշացմամբ ձեռնպահ է մնացել Արցախյան ճակատում մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալուց, ապա թուրքական կամավորականների ու աֆղանական մոջահեդների եւ չեչենական վարձկանների, ինչպես նաեւ ուկրաինական վարձկան օդաչունների ներկայությունը ժամանակին ապացուցվել է բազմաթիվ փաստերով…
Նույնը կրկնվել է նաեւ 2016-ի ապրիլին: Այս անգամ արդեն Բաքուն օգտվել է թուրքական զինվորական հրահանգիչների, իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասնագետների եւ Սիրիայից տարբեր ճանապարհներով Ադրբեջան տեղափոխված գրոհայինների ծառայություններից: Սա երրորդ ու, թերեւս, առավել լայնածավալ առճակատումն է մինչեւ ատամները զինված ադրբեջանաթուրքական դաշինքի դեմ»:
ՄԵԾ ՈՒ ԾԱՆՐ ԳԻՆ
««Դաշնակցության» համար շարունակում է անընդունելի մնալ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը: «Դաշնակցության» համար անընդունելի է, ինչպես նախկինում եւս անընդունելի է եղել, հարցի փուլային լուծման շրջանառվող որեւէ տարբերակ»,- իր ուղերձում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը: «Մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք:
Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ: Մենք այս պատերազմում մեծ եւ ծանր գին ենք վճարել: Մենք պետք է վերակազմակերպվենք, բեկում մտցնենք ռազմաճակատում եւ գնանք դեպի հաղթանակի: Այլ տարբերակ պարզապես չկա»,-ասել է նա:
ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից: Փոքրիկի վիճակն արդեն լավ է: Ինքազգացողությունը հրաշալի է: Դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Երեխան գլխի շրջանում բարդ վիրահատություն էր տարել, վնասվածքներ ուներ նաեւ վերջույթներում։ Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ Արծվիկի ու նրա ընտանիքի համար բնակարան է վարձակալվել բժշկական կենտրոնի մոտակայքում: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք այս օրերի ընթացքում ցուցաբերված ուշադրության, նվերների ու սիրո համար»,- այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
ԿՈՄԻՏԵՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ: Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով եւ չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով։ Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը եւ հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները, հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։
ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում: «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: