ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանից փորձել ենք պարզել, թե ինչու Եվրոպական միությունը մինչ օրս չի կարողացել հստակ եւ միանշանակ արձանագրի պատերազմի այն հանցագործությունները, որոնք իրականացվել են Ադրբեջանի եւ Թուրքայի անմիջական մասնակցությամբ:
Ենգիբարյանը հայտարարեց, որ իրենք եվրոպացի իրենց գործընկերների հետ ակտիվ աշխատանքներ են իրականացնում ու ներկայացնում են, թե Արցախում ինչ է կատարվում այժմ:
-Եվրամիությունը հայտարարություն տարածեց՝ ավելի շատ սատարելով ադրբեջանական կողմին, ու մեր Արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց այն՝ նշելով, որ հստակ չի նշվում, թե Արցախում ինչ է կատարվում, եւ ովքեր են մեղավորները: Ինչո՞ւ է ԵՄ-ն վերապահորեն արտահայտում իր դիրքորոշումը:
-Դիրքորոշումը ավելի շատ հավասարակշռող է. ԵՄ-ի տեսակետն այն է, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում: Բայց, ցավոք սրտի, մենք բացատրում ենք մեր եվրոպական գործընկներներին, որ չի կարելի հավասարության նշան դնել ահաբեկիչների եւ խաղաղ բնակչության միջեւ: Ցավոք սրտի, իրենք այդ հավասարության նշանը դնում են, եւ այստեղ Թուրքիայի ազդեցությունն է բավական մեծ: Թուրքիան էլ շատ մեծ խնդիրներ ունի Եվրոպական միության հետ՝ կապված Կիպրոսի ու Հունաստանի հետ, սակայն կարողանում է իր տարբեր երկրներում ունեցած մեծ ազդեցությունը իրագործել նաեւ մեր դեմ:
-Կարո՞ղ է սա լինել մեր վատ աշխատանքի արդյունքը, որ ԵՄ-ն իրականում տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Արցախում, թե ով է ագրեսորը, եւ ով սկսեց այս պատերազմը:
-ԵՄ-ն տեղյակ է, եւ Եվրոպական միության տարբեր պետություններ արձանագրել են թե՛ սիրիացի ահաբեկիչների ներկայությունը, թե՛ Թուրքիայի կողմից միջամտությունը: Տեղեկացվածության խնդիր չկա. կան շահերի խնդիրներ: Եվրոպական էներգետիկ համակարգը մեծ կախվածություն ունի Ադրբեջանից՝ գումարած թուրքական ֆակտորը: Բայց աշխատանքները շարունակվում են, այնպես չէ, որ ԵՄ-ն մի հայտարարություն տարածեց, վերջ: Եվրոպայից տարբեր պատգամավորներ են գալիս եւ շարունակելու են գալ, եւ իրենց մոտ էլ այս խնդրի հետ կապված լուրջ աղմուկ է առաջանում, որ պետք է իրենք, անկախ տնտեսական էներգետիկ շահերից, արձագանքեն:
-Ի՞նչ աշխատանքներ ենք մենք տանում: Եվրաինտեգրման հանձնաժողովն այս պահի դրությամբ կոնկրետ ի՞նչ քայլեր է ձեռնարկում:
-Առանձին հանձնաժողովներում աշխատանքներ չեն տարվում, կա ընդհանուր արտաքին քաղաքական բլոկ: Մենք բոլորս համակարգված մեր գործընկերների հետ՝ լինի դա պետություն, լինի բազմակողմ հարթակ, իրենց հետ աշխատում ենք: Աշխատանքները շարունակվում են:
-Հավասա՞ր նժարի վրա է դրվում այս ամենը:
-Չէ, չէի ասի: Շատ հաճախ դատապարտվում է թուրքական եւ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ: Այսինքն՝ հավասարության նշան չկա այստեղ:
-Իսկ ընդհանուր գո՞հ եք միջազգային հանրության արձագանքից՝ Արցախում տեղի ունեցող այս պատերազմական դրության հետ կապված: Կարծես թե, միայն Ֆրանսիան է հստակ ներկայացնում, թե ինչ է կատարվում:
-Մենք ակնկալում ենք, որ ինքորոշման իրավունքը կամրագրվի, եւ կճանաչվի Արցախի անկախությունը: Այս աշխատանքը այս պատերազմի ընթացքում է սկսվել, այսինքն՝ մինչ այս մենք անկախության հետ կապված որեւէ հարց չէինք բարձրաձայնում, որպեսզի այնպես չլիներ, թե մենք ենք տապալում դիվանագիտական ջանքերը:
Բայց հիմա այդ աշխատանքը տանում ենք, որոշ երկրներից ունենք դրական ազդակներ, բայց դրանց մասին դեռ չպետք է խոսենք: Երբ անհրաժեշտ լինի, մեր հանրությունը տեղյակ կլինի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի եւ ժամանակացույցի նախագիծը:
Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը պետք է ներդրվի մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 30-ը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գործողությունների պլանի եւ ժամանակացույցի։ Համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով նախագծով առաջարկվում է այն անցկացնել 2 փուլով։ Ըստ փուլերի՝ մարզային ընդգրկվածությունը կազմվել է՝ հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը:
Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում եւ Երեւան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը նախատեսվում է ներդնել 2021-2022 թթ.-ին, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում էլ՝ 2022-2023թթ.-ին:
Համաձայն նախագծի՝ 2021-2023թթ.-ի ընթացքում նախատեսվում է նախադպրոցական տարիքի կրթության եւ զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, դրա գործիքակազմի, անհրաժեշտ փաստաթղթերի եւ ձեւաթղթերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում, երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում, ներառման եւ մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում, համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում եւ այլն: Համակարգի ներդմանը նախորդելու է նախապատրաստական փուլ, որն իրականացնելու է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը:
Այսպիսով կստեղծվեն նախադրյալներ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար, կընդլայնվեն կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ զարգացման հնարավորությունները: Նշենք, որ ներկայում նախադպրոցական հաստատություն չհաճախող երեխաների շարքում շատ են կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաները։ Գործող հաստատությունների ճնշող մեծամասնությունը ներառական չէ։ Կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է ծրագրային նպատակներից մեկը՝ ձգտելով, որ մինչեւ 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասնի 70 տոկոսի:
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է «ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻՆ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստացնող» լուսանկարներին՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունում մարդկանց ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաեւ քաղաքների եւ անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները: Ղաթիբզադեն նշել է, որ Իրանը չի հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին («Աթ Թաքֆիր վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպություն) բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների եւ անմեղ մարդկանց վրա. փոխանցում է IRNA գործակալությունը։ Ղաթիբզադեն հակամարտության երկու կողմերին «կոչ է արել պահպանել միջազգային կանոնները»։ Ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինվորականները մի քանի օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը եւ տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց, սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՏՈՒԿ ՄԱՆԴԱՏ
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը. այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: «Այժմ անհրաժեշտ է ապահովել իրականացումը (կրակի դադարեցման). դա ամենահրատապ հարցն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել»,- ասել է նա՝ նշելով, որ ամենակարեւոր հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը: Դիվանագետը նշել է նաեւ, որ այդ հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, եւ խորհուրդը միակարծիք է եղել մոտեցումներում: Միաժամանակ նա պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։ «Դա արագ գործընթաց չէ։ Եղել են տեղեկություններ այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է այն, թե ինչպես պետք է իրականացվի այդ վերահսկողությունը»,- նշել է Նեբենզյան։