Այլեւս փաստ է՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի մարդակեր ղեկավարները Ադրբեջանի նավթահեն, թերզարգացած տնտեսությունն ամենակարճ ճանապարհով մտցրեցին անդառնալի ճգնաժամի փուլ. այս մասին նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
«Այս մարդակերների կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմները կործանարար հարվածներ են հասցնում ադրբեջանական տնտեսության ողնաշարին, որի ջախջախումն այս օրերին մոտենում է կայծակնային արագությամբ: Ակնհայտ է՝ Ադրբեջանի տնտեսական համակարգի ողնաշարը նավթամուղներն ու գազամուղներն են, որոնց կայուն եւ անվտանգ շահագործումը նման իրավիճակում ուղղակի դարձել է անհնար: Ադրբեջանին սպասվող հետեւանքները չեն ուշանալու՝ Թուրքիայի կողմից ադրբեջանական տնտեսության վերջնական գաղութացում եւ իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական շահերի սպասարկմանը ծառայեցում, նավթարդյունահանման ոլորտից օտարերկրյա ներդրումների փախուստ, ՀՆԱ-ի շուրջ 50 տոկոսի, իսկ արտահանման շուրջ 90 տոկոսի կրճատման իրական նախադրյալներ, խորացող աշխարհաքաղաքական մարտահրավերներ, տարածաշրջանային եւ միջազգային լիակատար մեկուսացում, միջազգային տնտեսական պատժամիջոցներ, քաղաքական անկայունություն, հեղաշրջումներ, երկարաժամկետ անկառավարելի իրավիճակ, սոցիալական լարվածության աննախադեպ խորացում եւ բախումներ, ի վերջո, արտաքին պատերազմի վերաճում ներքին՝ քաղաքացիական պատերազմի: Այս իրողությունը ստիպված են հաշվի առնել Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկերները, որոնք անսահման օգտվում են ադրբեջանական նավթի եւ գազի գերարդյունահանումից եւ արտահանումից: Օտարերկրյա ներդրումները այս ոլորտում ունեն անհամեմատ ավելի բարձր, չկառավարվող իրական ռիսկեր, քան, օրինակ, խաղատներում կատարված խոշոր խաղադրույքները: Իսկ գերշահույթներ ունենալու համար Ադրբեջանին վճարվող նավթադոլարները սնում են Թուրքիայի պարտադրանքով եւ Ադրբեջանի ձեռամբ պարբերաբար սանձազերծվող պատերազմները մեր տարածաշրջանում: Օտարերկրյա վճարողներն էլ դառնում են անուղղակի մասնակիցը դեռեւս տարածաշրջանային ընդգրկում ունեցող այս մարդակեր գործընթացների: Այս վերջին պնդումը հատկապես վերաբերելի է այն երկրներին, որոնք իրականում, ոչ տնտեսական գործոններով պայմանավորված, գերօգուտներ ստանալու նպատակով ներգրավված են ադրբեջանական նավթի արդյունահանման ոլորտում եւ այդ նավթը շարունակում են ձեռք բերել շուկայականից անհամեմատ էժան գնով՝ պարբերաբար ականատեսը լինելով այս մահաբեր գործարքների անմարդկային իրական հետեւանքներին:
Այս տեսնակյունից առկա իրողությունները փաստարկելու նպատակով շարունակում ենք Ադրբեջանի արտաքին առեւտրի ապրանքային եւ աշխարհագրական կառուցվածքների ուսումնասիրությունը (աղբյուրը): Այսպես, Իտալիան ադրբեջանական արտահանման ամենախոշոր ներկրողն է: Ադրբեջանի արտահանման աշխարհագրական կառուցվածքում Իտալիայի բաժինը ամենամեծն է՝ շուրջ 30 տոկոս կամ տարեկան շուրջ 5,7 միլիարդ ԱՄՆ դոլար: Դեպի Իտալիա ադրբեջանական արտահանման ապրանքային կառուցվածքում նավթի եւ գազի տեսակարար կշիռը գրեթե 100 տոկոս է:
Հատկանշական մեկ այլ փաստ. նախորդ չորս տարիներին (2016թ. ապրիլյան քառօրյա եւ 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմների միջանկյալ ժամանակահատված) դեպի Իտալիա ադրբեջանական նավթի եւ գազի տարեկան միջին արտահանումն աճել է շուրջ 2,5 անգամ՝ 2015թ. համեմատ: Ուշագրավ է նաեւ այն, որ Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում եւս Իտալիան ունի առաջատար դիրք. գտնվում է առաջին տասնյակում: Ավելին՝ 2016-2019թթ. Իտալիայից Ադրբեջանի ներմուծումն աճել է տարեկան միջինը 10 տոկոսով:
Իհարկե, շարունակվող եւ թռիչքաձեւ աճող այս մահաբեր առեւտրի տնտեսական գերօգուտները բաժին են հասնում նաեւ Իտալիային: Եվ այս հիմնական շարժառիթով պայմանավորված՝ Իտալիան օրերս դեմ արտահայտվեց ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկին:
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գիտակցել՝ հարմար առիթի դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը օգտագործելու է Ադրբեջանի կուտակած նավթադոլարները եւ առանց վարանելու խոցելու է նաեւ Իտալիայի խաղաղ բնակչությանը, հիվանդանոցները, եկեղեցիները:
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԿՀԻՄՆՎԻ
Երեւանի ավագանու երեկվա նիստին ներկա են եղել ավագանու 65 անդամներից 36-ը։ Օրակարգում 7 հարց է եղել, գերակշռողները՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին: Երեւան քաղաքի ավագանու կողմից հավանության արժանացած օրակարգի 4-րդ հարցով, որը կրկին հողի նշանակությունը փոխելու մասին էր, առաջարկվում էր մայրաքաղաքի Հր. Ներսիսյան փողոց համար 10ա հասցեում «Էլաս» ՓԲԸ-ին պատկանող 0.87449 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների» հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա։ Հր. Ներսիսյան փողոցի վերոնշյալ հասցեում նախատեսվում է հիվանդանոց հիմնել, որի նպատակով ընկերությունը կատարելու է շուրջ 15.000.000 ԱՄՆ դոլարի ներդրում։ Նախատեսվում է ստեղծել մոտ 450 աշխատատեղ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության օբյեկտները նախատեսված են բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կազմում՝ անհրաժեշտություն է առաջացել հողամասի նպատակային նշանակությունը փոխել։ Երեւանի ավագանու հաջորդ հերթական նիստը նոյեմբերի 24-ին է։
ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է
Գեղարքունիքի մարզում բերքահավաքի եւ աշնանացանի ընթացքը դանդաղել է արցախաադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների պատճառով: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանի փոխանցմամբ՝ աշխատանքները դանդաղում են հիմնականում Մասրիկի հարթավայրում, որտեղ սեպտեմբերի 27-ին հաջորդող օրերին թշնամին անօդաչու թռչող սարքերից եւ հրետանային միջոցներից կրակ է վարել բնակավայրերի ուղղությամբ՝ վնասներ պատճառելով շինություններին, խլելով մարդկային կյանքեր, պատճառելով վիրավորումներ:
«Վերջերս բերքահավաքի գնալու ճանապարհին անօդաչուի հարձակման թիրախ էր դարձել Վարդենիս քաղաքի բնակիչ Արզոյանների ընտանիքը, ինչի հետեւանքով ծանր վիրավորում էր ստացել 14 տարեկան Նարեկը: Այդուհանդերձ, օգտվելով հարաբերական դադարից, տնտեսություններն այս օրերին շարունակում են կարտոֆիլի եւ պտղի բերքահավաքը: «Մարզի տնտեսություններում այս տարի ցանվել է մոտ 8 հազար հեկտար կարտոֆիլ, որից հոկտեմբերի 20-ի դրությամբ արդեն բերքը հավաքվել է մոտ 6300 հեկտար տարածքում: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 200-250 ցենտներ: Քանդող տեխնիկայի խնդիր չունենք, պարզապես աշխատանքները դանդաղում են հավաքողների անբավարար քանակի պատճառով: Ավարտին է մոտենում նաեւ պտղի բերքահավաքը՝ նկատելիորեն լավ արդյունքներով: Թշնամու կողմից ձեռնարկված հարձակումների պատճառով դանդաղել են նաեւ աշնանացանի աշխատանքները: Այսօրվա դրությամբ կատարվել է մոտ 6000 հեկտար աշնանացան ցորենի ցանք»,-իրավիճակը ներկայացրել է Մ. Պետրոսյանը:
66,694 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՊՔ
Հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 66694 դեպք, որոնցից 48734-ն` առողջացած, 1101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 352764 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք: Ունենք 526 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 67 (տղամարդ), 52 (կին), 58 (տղամարդ), 49 (կին), 83 (կին), 82 (տղամարդ), 58 (տղամարդ), 70 (կին) եւ 49 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 318 է: