ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԵՐԸ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի դեմքերը շարունակում են անդրադառնալ Արցախյան պատերազմին: Նրանց թվում են իսպանական ամենահայտնի հեռուստասերիալի հայկական արմատներով աստղ Հովիկ Կեուչկերյանը, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր եւ ձեռնարկատեր Շոն Կոմբսը, որը հայտնի է որպես Փի Դիդի:

 

Իսպանական ամենահայտնի հեռուստասերիալի հայկական արմատներով աստղ Հովիկ Կեուչկերյանը Instagram-ի story բաժնում իր աջակցությունն է հայտնել Արցախին: Բոգոտային մարմնավորող դերասանը կիսվել է «Ճանաչե՛ք Արցախը» (Recognize Artsakh) պաստառով:

Իսկ, ահա, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին ակտիվորեն հետեւում է Արցախում ծավալվող իրադարձություններին ու կոշտ արձագանքում հակառակորդի գործողություններին։

Երաժիշտը Twitter-ի էջում կիսվել է լրատվամիջոցի հրապարակմամբ, ըստ որի՝ ազերիները հայ զինծառայողի են գլխատել, լուսանկար հրապարակել սոցիալական մեդիայում եւ զանգահարել նրա եղբորը՝ ծաղրելով նրան։

«Սրանք Հայաստանի եւ հայ ժողովրդի վայրագ թշնամիներն են, որ յուրաքանչյուրը հասկանա։ Նրանք փորձում են ահաբեկել մեզ, բայց դա մեզ առավել կազմակերպված ու ուժեղ է դարձնում»,- գրել է նա։

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որն այս օրերին Հայաստանում է գտնվում, շարունակում է բարձրաձայնել Ադրբեջանի գործողությունների մասին ու դատապարտել դրանք։

Երգիչը նոր գրառմամբ կոչ է արել ճանաչել Արցախը։ «Երկրորդ զինադադարը խախտվեց Ադրբեջանի կողմից։ Ժամանակն է, որ մնացած աշխարհը տեսնի ճշմարտությունը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ագրեսորներ են եւ չեն կարող վստահելի լինել։ Խաղաղություն՝ ուժի միջոցով։ Հաղթանակ՝ Արցախի համար։ Ազատ Արցախ։ Ճանաչե՛ք Արցախը»,- գրել է նա։

Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր եւ ձեռնարկատեր Շոն Կոմբսը, որը հայտնի է որպես Փի Դիդի, անտարբեր չի մնացել իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Արցախում։

«Հայաստանը հարձակման տակ է»,- երաժիշտը վերահրապարակել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փի Դիդին քաղաքական կուսակցություն է ստեղծել։ Այն աջակցում է Ջո Բայդենին եւ պաշտպանում է թխամորթների իրավունքները։

Այնուհետեւ ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի եղբայրն ու պրոդյուսերը՝ Ղեւոնդ Անդրեասյանը, պարբերաբար հրապարակումներ են անում Արցախի պատերազմի թեմայով։ Նրա Facebook-ի վերջին գրառումը վերաբերում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ռազմադաշտից վիրավոր զինծառայողներին դուրս բերելու Երեւանի առաջարկին:

«Բաքուն մերժել է Կարմիր խաչի միջնորդությամբ ռազմադաշտից վիրավոր զինծառայողներին դուրս բերելու Երեւանի առաջարկը,- գրում է նա,- որովհետեւ այդ վիրավորները ոչ թե Ադրբեջանի քաղաքացիներ են, այլ վարձկաններ (ահաբեկիչներ) Թուրքիայից, Սիրիայից, Լիբիայից եւ Պակիստանից. Կարմիր խաչը կգրանցի ապացույց, իլհամչիկի ինչի՞ն է դա պետք։

Եվ հիշեցնում եմ, որ ռազմի դաշտում մի քանի հազար մարմին կա, եւ Ադրբեջանը չի ցանկանում նրանց վերցնել եւ հանձնել իրենց մայրերին, քանի որ նրանց մայրերն Ադրբեջանում չեն ապրում։

Այլ բացատրություն չկա, թե ինչու են թողնում զոհվածների եւ վիրավորների մարմինները։

Ներեցեք, որ արեւոտ կիրակի օրերին ձեզ անհանգստացնում եմ, բայց մենք արդեն 20 օրից ավելի է պաշտպանվում ենք այդ զորքերից։

Խաղաղություն ձեր օջախներին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարիկ Անդրեասյանը ցանկություն էր հայտնել ֆիլմ նկարահանել Արցախում հերոսական դիմակայության մասին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԱԺԱՆ ԲԱՆ Է ԱՅՍ ԱՄԵՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է 1915 ԹՎԱԿԱՆԸ

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանն Instagram-ում կիսվել է անգլալեզու հոլովակով, որտեղ իր միջազգային հետեւորդներին պատմում է Հայաստանի մասին ու դիմում նրանց. «Այս պահին ինձ ուղղակի անհրաժեշտ է, որ դուք լինեք իմ ու Հայաստանի կողքին»:

«Եթե երբեւէ չեք տեսել պատերազմ, հավատացնում եմ ձեզ` այն շատ դաժան բան է: Այսօր իմ երկիրը պատերազմի մեջ է: Թուրքիան ու Ադրբեջանը միավորվելով իրականացնում են ահաբեկչական պատերազմ` նպատակ ունենալով ոչնչացնել Արցախն ու այնտեղ բնակվող հայերին: Նրանք կրկին ուզում են իրականացնել էթնիկ բնաջնջում պարզապես նոր տարածքներ նվաճելու համար, մինչդեռ իմ երկիրը` Հայաստանը, փորձում է պաշտպանել Արցախը, այնտեղի բնակիչներին ու նրանց ապրելու իրավունքը: Ադրբեջանն արդարացնում է իր սկսած պատերազմը` նշելով, թե իմ մի քանի հազարամյա ազգի պատմական տարածքն իրենն է, բայց մոռանում է, որ Ադրբեջան պետությունը գոյություն չի ունեցել Սովետական Միությունից առաջ: Արցախում հարյուրավոր ճարտարապետական հնագույն կառույցներ կան, որոնք վկայում են, որ դարեր շարունակ այնտեղ հայեր են ապրել: Իսկ նրանք դեռ շարունակում են կործանել քաղաքացիական ենթակառուցվածքները` փորձելով ոչնչացնել արցախահայությանը: Այս ամենը հիշեցնում է 1915 թ.-ի ցեղասպանությունը, երբ Օսմանյան կայսրությունը սպանեց ավելի քան 1.5 միլիոն հայի…»,-պատմել  է Դայանա Դավթյանը։

 

 

«ՄԵՆԱԿԸ ՄԻՇՏ ՀԱՂԹՈՒՄ Է». ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանը, անդրադառնալով Արցախյան պատերազմին, հայտնել է, որ  նա անվերապահորեն հավատում է հայ ազգի հաղթանակին։ «Ես անվերապահ հավատում եմ մեզ, եւ իմ հավատը մեկ վայրկյան իսկ չի թուլացել՝ սկսած այն օրից, երբ հարձակվեցին մեզ վրա: Դուք արդեն պարտված էիք, երբ սկսեցիք այս պատերազմը: Դուք այնքան վստահ էիք ձեր ուժի, տեխնիկայի, վարձու զինյալների վրա, որ ժամերի հարց էիք համարում հայ ժողովրդի բնաջնջումը:

Դուք պարտված էիք նույնիսկ այն ժամանակ, երբ վստահ էիք աշխարհի լռության վրա եւ առավել քան վստահ էիք, որ նույնիսկ մեր, իբր, «բարեկամները» կխառնվեն միայն այն ժամանակ, երբ երկիրը բաժանելու հերթը գա:

Դուք պատերազմը սկսեցիք արդեն պարտված, որովհետեւ վախկոտի հոգեբանություն ունեք: Վախկոտը հարձակվում է միշտ ոհմակով, զինված եւ միայն մենակի վրա: Դուք պարտված եք, քանի որ չգիտեք, որ «մենակը» միշտ հաղթում է, որովհետեւ իր մեջ ազգի միասնական ահռելի ուժն է: Դուք պարտված եք, քանզի չգիտեք, թե դա ինչ ուժ է: Դուք պարտված եք, որովհետեւ չգիտեք, որ գոյություն ունի տիեզերական չգրված օրենք. հաղթանակը միայն տրվում է միասնական ոգի ունեցողին»,-հավելել է նա։

 

 

ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է

Կամերունի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սաուել Էտո’Օ-ն քննադատել է France Football-ին, որը նրան ընդգրկել էր բոլոր ժամանակների 10 լավագույն աջ հարձակվողների թվում: «Շնորհակալ եմ, բայց ես 1-2 մրցաշրջան եմ անցկացրել աջ եզրում: Միեւնույն ժամանակ, ես 25 տարի խաղացել եմ կենտրոնական հարձակվողի դիրքում: Հարգանքի բացակայություն France Football-ից»,- թվիթերյան էջում գրել է Էտո’Օ-ն: Հիշեցնենք, որ 10 լավագույն կենտրոնական հարձակվողների թվում ընդգրկվել էին Դենիս Բերգկամպը, Յոհան Կրոյֆը, Մարկո վան Բաստենը (բոլորը՝ Նիդերլանդներ), Քենի Դալգլիշը (Շոտլանդիա), Էյսեբիոն (Պորտուգալիա), Շանդոր Կոչիշը (Հունգարիա), Գերդ Մյուլերը (Գերմանիա), Ռոմարիոն, Ռոնալդոն (երկուսն էլ՝ Բրազիլիա) եւ Ջորջ Վեան (Լիբերիա)։

 

ԴԺԳՈՀ Է

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը դժգոհ է թիմի նորեկ Միրալեմ Պյանիչի մարզավիճակից: Բոսնիացի 30-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայում» մարզումների ինտենսիվության հետ կապված խնդիրներ ունի: Պյանիչը սեպտեմբերի 1-ին 60 միլիոն եվրոյի դիմաց Թուրինի «Յուվենտուսից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 2 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 29 րոպե:

 

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է

Ռուսաստանցի կիսապաշտպան Իշխան Գելոյանը հեռացել է ռուսական «Տամբովից» եւ տեղափոխվել Կալինինգրադի «Բալտիկա»: 28-ամյա ֆուտբոլիստը «Բալտիկայում» խաղացել է նաեւ 2014-ին եւ 2015-2016-ը: Նա 2019-ի մայիսին ազատ գործակալի կարգավիճակով Յարոսլավլի «Շիննիկից» էր տեղափոխվել «Տամբով», որն այս մրցաշրջանում խաղում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Նախկինում Իշխան Գելոյանը խաղացել է նաեւ ռուսական «Խիմիկում», «Նեֆտեխիմիկում» եւ «Լուչում»: Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 164 հանդիպում, դարձել 17 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ:

 

ՈՒԵՖԱ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄ Է

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը քննարկում է Չեմպիոնների լիգայի ձեւաչափը փոխելու տարբերակը: The Telegraph-ը գրում է, որ ՈւԵՖԱ-ն ցանկանում է 2024/2025թթ. մրցաշրջանից Չեմպիոնների լիգայի մասնակիցների թիվը 32-ից հասցնել 36-ի: Կա նոր ձեւաչափի 2 տարբերակ: Առաջինի համաձայն՝ 36 մասնակիցները կբաժանվեն 6 խմբերի, յուրաքանչյուրում՝ 6-ական թիմ: Երկրորդ տարբերակով յուրաքանչյուր թիմ պետք է անցկացնի 10 հանդիպում տարբեր մրցակիցների հետ: Դա հնարավորություն կտա ավելի շատ կենտրոնական խաղեր անցկացնել, ինչը կմեծացնի Չեմպիոնների լիգայի նկատմամբ հետաքրքրությունը: Առաջնային է համարվում հենց երկրորդ տարբերակը: Չեմպիոնների լիգայի ձեւաչափը փոխելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2021թ.:




Լրահոս