Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտնել է, որ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ», ինչը տեղի է ունեցել այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց՝ այդ շարժիչներից որոշներն օգտագործվում են Ադրբեջան մատակարարված և Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պատերազմում կիրառվող թուրքական մարտական անօդաչուներում:
Քվեբեքում գործող BRP ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթ տեղեկացվել է այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչուներում, գրում է cbc.ca կայքը:
Ընկերության ավագ փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելյեն հայտնել է, որ միաժամանակ դադարեցնում են ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»: Մարտին Լանգելյեն շեշտել է, որ Ավստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները արտոնագրված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանադան արգելել է թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար բաղադրիչների մատակարարումը: