Սպասվում էր, որ սեպտեմբերի վերջերին՝ անկախության 20-ամյակի տոնակատարություններից հետո, որոշակի վերադասավորումներ տեղի կունենան իշխանական վերնախավում: Նույնիսկ շրջանառվում էին կոնկրետ պաշտոնյաների անուններ, որոնց Սերժ Սարգսյանը պետք է պաշտոնանկ աներ՝ իբր երկրում բարեփոխումներ կատարելու շրջանակներում: Սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն մտադիր չէ, այլեւ պարզապես ի զորու չէ ինքնակամ գնալու բարեփոխումների: Այս համատեքստում ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք. նախորդ տարեվերջին, երբ փոխվեցին մի քանի նախարարներ, ՀՀԿ-ականներն ասում էին, թե ամանորյա տոներից հետո եւս այդ գործընթացը կշարունակվի, կլինեն նոր պաշտոնանկություններ: Այդ ժամանակ մշտապես խոսվում էր կառավարության հրաժարականի մասին, նույնիսկ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն առիթը բաց չէր թողնում Տիգրան Սարգսյանին առնվազն կծելու, նրա սխալները երբեմն ուղղակիորեն, երբեմն անուղղակիորեն ի ցույց դնելու համար: Բայց ոչ միայն տարեվերջին սկիզբ առած գործընթացը չունեցավ իր շարունակությունը, այլեւ Սերժ Սարգսյանի շատ խոստումներ մնացին անկատար, իսկ նրա հանձնարարականներն անտեսվեցին ե՛ւ իր, ե՛ւ ենթակաների կողմից: Հիմա արդեն որոշակի իրավիճակ է փոխվել: Ընդդիմությանն այլեւս չես բավարարի կառավարություն փոխելով, քանի որ վերջինս երկխոսության ձախողումից հետո պնդում է միայն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացում: Մյուս կողմից՝ ՌԴ-ում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններից ոգեւորվել է Քոչարյանը, որն ամեն գնով ձգտելու է դառնալ վարչապետ: Հիմա Սերժ Սարգսյանը ստիպված է ժամանակավորապես պահել Տիգրան Սարգսյանին, մանավանդ, որ իր թիմի ներսում չունի վարչապետի հարմար թեկնածու ու դատապարտված է եղածով «յոլա գնալ»:Ինչեւէ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության հրաժարականի հարց իրենց մոտ չի քննարկվել. «Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե պաշտոնյաները, որոնք չեն համապատասխանում չափանիշներին, չեն արդարացնում իրենց աշխատանքի մեջ, անելիք չունեն»: Ընդ որում, ըստ Շարմազանովի` դա վերաբերում է բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Մեր դիտարկմանը, որ Կոնգրեսի գարնանային հանրահավաքներից հետո շատ էր խոսվում աշնանը կառավարության փոփոխության մասին, Շարմազանովը պարզաբանեց, թե վարչապետի կամ կառավարության փոփոխության խնդիր ՀՀԿ-ում իրենք երբեք չեն քննարկել: «Իսկ իմ անձնական կարծիքով, չեմ կարծում, որ մինչեւ ընտրությունները վարչապետ փոխվի»,-նշեց Շարմազանովը: Նրան նաեւ հարցրինք՝ արդյոք ամանորյա տոներից առաջ երեք նախարարի փոփոխությունից հետո նրանց ղեկավարած ոլորտներում սպասված առաջընթացը գրանցեցին: «Կոռեկտ չեմ համարում հիմա նախարարություն առ նախարարություն գնահատականներ տալ, որովհետեւ արդյունքները դեռ պարզ չեն»,-մեկնաբանեց նա: Ակնհայտ է, եթե իշխանություններն այդ ոլորտներում հաջողություններ գրանցած լինեին, ապա այդ մասին խոսելու համար նույնիսկ չէին սպասի, որ իրենց հարց ուղղենք: Այնուամենայնիվ, Շարմազանովը երեկ մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց այդ ուղղությամբ. «Բնականաբար, ընտրություններից առաջ կուսակցությունը կնայի, թե որ ոլորտում ով իրեն ինչպես է դրսեւորել, ինչ արդյունքներ կան: Եւ այս ամենը հաշվի առնելով` կորոշվի ե՛ւ կուսակցության մարտավարությունը, ե՛ւ արդեն կուսակցության ընտրացուցակը»:Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Մաթեւոսյանը համոզված է, որ իշխանությունը երբեք ինքնակամ չի գնա բարեփոխումների: Իսկ կառավարության հրաժարականը կամ որեւէ նախարարի փոփոխությունը, ըստ Մաթեւոսյանի, չի կարող լուծում լինել: «Իմ կարծիքով, այս ռեժիմից պետք է համընդհանուր ազատվել, այլապես մեկ-երկու հոգու պաշտոնանկությունը չի կարող լուծում լինել»,-նշեց Դավիթ Մաթեւոսյանը: Վերջինիս կարծիքով, առանձին անհատների պաշտոնանկության իշխանությունը գնում է միայն քրեական գործ հարուցելուց հետո, այն էլ իր սահմանած կրիմինալ խաղի կանոնները խախտելու դեպքում: Դավիթ Մաթեւոսյանն այս համատեքստում է դիտարկում ոստիկանության քրեական հետախուզության վարչության եւ ճանապարհային ոստիկանության պետերի պաշտոնանկությունը: «Վարչապետին փոխելու համար, իրենց ձեւավորած տրամաբանության համաձայն, պետք է նրա դեմ քրեական գործ հարուցեն: Բայց այդ դեպքում փլվում է իշխանության բուրգը, առավել եւս, որ այն սկսել է խարխլվել: Այս իշխանության համար դժվար է մարդ փոխելը, ամեն մի նման դեպքը նրանց վրա ծանր է նստում, դրա համար էլ այդ քայլին գնում են միայն իրենց խաղի կանոնները խախտածների նկատմամբ»,-ասաց Մաթեւոսյանը:Իսկ ՌԴ-ի օրինակը վարակիչ կլինի՞ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի համար, առայժմ դժվար է ասել, քանի որ փոփոխություններ եթե նույնիսկ լինեն, կարող են սկսվել միայն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցից հետո: Հիշեցնենք, որ Մոսկվայում Դմիտրի Մեդվեդեւը վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջարկել է առնվազն 6 նախարարներ փոխել, որպեսզի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ձայներ հավաքի: ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՆԿԱՏԱՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ